Հետաքրքիր անվանումով այս խմորեղենը յուրահատուկ համ ու նաև գեղեցիկ տեսք ունի: Եթե հավանում եք, առաջարկում եմ միանալ մեզ:
Նարինե Գյուրջօղլյանն արդեն մեր խոհանոցում է ու կօգնի մեզ պատրաստել իր այս հրաշք խմորեղենը: Դե ինչ, տետրերը վերցրեք, գրում ենք բաղադրիչները:
Մեզ անհրաժեշտ է`
Խմորի համար
2 ձու
1.5 բաժակ շաքարավազ
100 գ հալեցված կարագ
1 բաժակ թթվասեր
1 բաժակ մածուն
1.5 թեյի գդալ սոդա
1.5-2 բաժակ ալյուր
3 ճաշի գդալ կակաո
Կրեմի համար
250 գ կարագ
1 տուփ խտացրած կաթ
Ջնարակի համար
7 ճաշի գդալ կակաո
7 ճաշի գդալ թթվասեր
7 ճաշի գդալ շաքարավազ
50 գ կարագ
Անցանք գործի:
Հարմար թասի մեջ հարում ենք շաքարավազն ու ձուն: Հարեք այնքան, մինչ սպիտակ ու թեթև զանգված ստացվի: Այնուհետև ավելացնում ենք հալեցված ու արդեն գոլացած կարագը, հետո թթվասերն ու մածունը՝ սոդայի հետ միասին նախապես խառնած: Լավ խառնում ենք, որ համասեռ դառնա ու մաղելով ավելացնում ենք ալյուրն ու կակաոն՝ իրար հետ խառնած:
Խմորը հնարավորինս հավասար բաժանում ենք երեք մասի և յուրաքանչյուրը թխում նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ մինչ պատրաստ լինելը:
Նարինեն այս խմորեղենը թխել է 21x 29 սմ յուղաթղթով տապակում:
Թխված, պատրաստ շերտերը թողնում ենք սառեն, մենք անցնում ենք կրեմի պատրաստմանը:
Սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում ենք, մոտ 5 րոպե, որ նաև սպիտակի, հետո գդալ-գդալ ավելացնում ենք նույնպես սենյակային ջերմաստիճանի խտացրած կաթը: Բաղադրիչները նույն ջերմաստիճանի թե չեղան, կրեմը, ամենայն հավանականությամբ, կկտրվի:
Վերջ, ցանկության դեպքում կարելի է նաև կոնյակ ավելացնել:
Այս խմորեղենը հավաքելու համար անհրաժեշտ է նաև ջնարակ, բայց այն մեզ պետք է ոչ թե վերջում, երբ շերտերը հավաքված կլինեն կրեմով, այլ հենց այդ հավաքելու ընթացքում:
Ջնարակը պատրաստելու համար բաղադրիչները հերթով ավելացնում ենք իրար վրա, լավ խառնում ենք, որ համասեռ դառնա ու դնում ենք կրակին, հենց սկսի եռալ, ավելացնում ենք կարագն ու վերցնում կրակից: Լավ խառնում ենք, որ կարագը հալվի ու թողնում ենք սառի:
Խմորեղենը հավաքում ենք հետևյալ կերպ:
Առաջին շերտի վրա քսում ենք կրեմի 1/3 մասը, վրան տարածքում ջնարակից, վրան դնում ենք երկրորդ շերտը, քսում ենք կրեմն ու կրեմի վրա նորից ջնարակ ենք տարածում: Նույն կերպ վարվում ենք նաև վերջին շերտի հետ՝ վրան կրեմ ենք քսում, արդեն հարթեցնում ենք, որ գեղեցիկ լինի ու վրան հարթ տարածում ջնարակը:
Խմորեղենը թողնում ենք մի քանի ժամ, որ ներքաշի կրեմն ու ջնարակը, որից հետո արդեն կարող եք հյուրասիրել հարազատներին:
Woman.am-ը ուրախ է մատուցել ձեզ նման հեշտ, բայց միաժամանակ հետաքրքիր ու անչափ համեղ ուտեստների և քաղցրեղենի բաղադրատոմսեր:
Մեր էջերում հետաքրքիր ու շատ հարմար տարբերակներ կան, փնտրեք կայքի փնտրման տողի միջոցով ու հետևեք նաև թարմացումներին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ Woman.am-ում😉
Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)




