Հաստատ պիցցա սիրում եք 😉
Ես շատ եմ սիրում նաև թխել, ձեզ էլ խորհուրդ կտամ պատրաստել տանը՝ ձեր սիրելիների համար:
Մեզ անհրաժեշտ է
400 գ կաթ
1 ճ գդալ խմորիչ
1 թեյի գդալ շաքարավազ
2-3 ձու
100 գ փափուկ կարագ
1 ճաշի գդալ աղ
Ալյուր
Ձեթ
Պատրաստում ենք խմորը:
Քանի դեռ ձեր ձեռքերը մաքուր են, փնտրեք իմ մյուս բաղադրատոմսերը Arusyak Hokhikyan`s group-ում:
Գոլից քիչ տաք կաթի մեջ լուծում ենք շաքարավազն ու խմորիչը, դնում ենք մի կողմ, որ լավ փրփրի, խմորիչը սկսի աշխատել:
Մի 15 րոպե կտևի միջինը՝ կախված սենյակի ջերմաստիճանից:
Խմորիչով այս զանգվածին ավելացնում ենք նախապես հարած ձուն, խառնում ենք, լցնում փափկեցված կարագը: Լավ խառնում ենք: Կարագը հավասար չի տարածվի: Նորմալ է: Հեղուկ զանգվածի մեջ կարագը դժվար թե կարողանաք համասեռ դարձնել: Ալյուրը լցնելուց հետո հունցելիս կկարգավորվի, վստահեցնում եմ:
Այժմ կարող եք ավելացնել ալյուրը՝ աղի հետ միասին:
Մի կարևոր բան:
Ալյուրն ավելացնում ենք մաղելով: Սա միշտ է հարկավոր անել:
Հունցում ենք ոչ շատ պինդ, ոչ թույլ խմոր: Ալյուրն ավելացնում ենք այնքան, որ խմորի խտությունը զգաք, որ նորմալ է, շատ պինդ չէ, բայց ձեռքերին այդ պահին կարող է կպնել: Այդ պահին դադարեցրեք ալյուր ավելացնելը, փոխարենը ձեռքերը ձեթոտելով շարունակեք: Ձեթի քանակը չեմ նշել, բայց ասեմ, որ մոտ մեկ սուրճի բաժակ ձեթ է օգտագործվելու: Այս կերպ կխուսափեք ավելորդ ալյուրի օգտագործումից, խմորն էլ պինդ չի ստացվի:
Առհասարակ նման խմորների դեպքում, եթե բաղադրության մեջ կա ձեթ, աշխատեք ձեթի մի մասը պահել վերջում՝ հունցելիս օգտագործելու համար:
Հունցում ենք երկար, այնքան, որ խմորը դառնա էլաստիկ, ենթարկվի:
Ծածկում ենք սրբիչով ու դնում տաք որևէ տեղ մոտ 30 րոպեով:
Խմորիչով խմորը թթվելու ընթացքում պետք է հերմետիկ կափարիչով կամ որևէ նման ծածկով փակված չլինի, քանի որ խմորիչում առկա աշխատող սնկերի համար լավ աշխատելու նախապայման է թթվածնի առկայությունը: Մի զրկեք ձեր խմորին այդ հաճույքից 😉
Ժամանակն անցավ, խմորը մոտավորապես երկու անգամ բարձրացել է:
Բաժանում ենք երեք կամ չորս մասի, գնդեր ենք պատրաստում ու հերթով բացում մեր տապակին համապատասխան չափսի:
Ասեմ, որ այս խմորը լավ բարձրանալու է, եթե հաստ խմորով պիցցայի սիրահար չեք, բացեք բարակ:
Խմորի վրա քսում ենք մի քիչ ձեթ, սա նրա համար, որ խմորը վրայի մթերքի հեղուկը քիչ ներքաշի:
Վրան տոմատ ենք քսում կամ որևէ հարմար սոուս:
Ահա ասյտեղից արդեն սկսվում է ձեր երևակայությունն, ու երևում է ձեր սառնարանի պարունակությունը:
Ես տոմատի վրա շարել եմ լոլիկի բարակ շերտեր, վրան նրբերշիկի շերտ եմ դրել, որից հետո բիբար, իսկ ամենավերջում քերել եմ հալվող պանիր:
Ահա և իմ այսօրվա պիցցան:
Երբեմն վերջում վրան հավասար տարածում եմ թթվասեր+հարած ձու+քերած պանիր խառնուրդ, որը գեղեցիկ շերտ է կազմում պիցցայի վրա:
Երբեմն էլ նշված խառնուրդի մեջ ավելացնում եմ նախապես խաշված հավի միս, եգիպտացորեն ու խառնելուց հետո զանգվածը ուղղակի քսում եմ տոմատի շերտի վրա…
Սրանք իմ տարբերակներն են, դուք մեկնաբանություններում կարող եք նկարագրել ձեր տարբերակները, հետաքրքիր կլինի ծանոթանալ. Փորձի փոխանակումը խոհանոցային գիտելիքների լավագույն աղբյուրն է:
Մթերքը դասավորելուց հետո պիցցան տեղավորում ենք նախապես մաքսիմում ջերմաստիճանով տաքացած ջեռոցում ու սպասում ենք թխվի: Ստուգեք եզրերում, եթե խմորը եզրերում թխված է, ուրեմն կարելի է դուրս բերել ու ցանել թարմ կանաչի, կամ ոչ, ինչպես կկամենաք:
Խմորիչով խմորները սիրում են բարձր ջերմաստիճաններ:
Իմ ջեռոցի մաքսիմումը նախկինում եղել է 350 աստիճան, թխել եմ 350-ով, հիմա 300 է, թխում եմ 300-ով:
Ահա և վերջ:
Վայելեք տնական պիցցան ու վստահ եղեք, որ ձեր ձեռքերով պատրաստվածն աշխարհում ամենահամեղն է:
Woman.am-ը բազմաթիվ հետաքրքիր բաղադրատոմսեր ունի իր էջերում, փնտրեք ու սպասեք նորույթներին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ 😉



