Էլի շոկոլադի թեմային եմ անդրադառնում: Վստահ եմ՝ դուք էլ չէիք հրաժարվի:
Եկեք woman.am-ի խոհանոց, այստեղ շոկո-տրամադրություններ են:
Մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են`
150 գ կարագ
3 ձու
1 բաժակ մածուն կամ թթվասեր, կամ երկուսն էլ միասին
1 բաժակ շաքարավազ
1 թեյի գդալ սոդա
4-5 ճաշի գդալ կակաո
Ալյուր
Վանիլին՝ ըստ ցանկության
Թասը վերցրեք, անցնենք գործի:
Մինչ այդ հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերն ու խորհուրդները կարող եք գտնել իմ ֆեյսբուքյան խմբում՝ Arusyak Hokhikyan`s group:
Թասի մեջ հարում ենք սենյակային ջերմաստիճանի կարագի 100 գ-ը: 50 գ-ը դնում ենք մի կողմ:
Լավ հարում ենք, 1-2 րոպե ամենաքիչը, որից հետո շարունակում ենք հարել՝ քիչ-քիչ ավելացնելով շաքարավազը: Սա ևս մի քանի րոպե հարել է հարկավոր: Այնուհետև հատիկ-հատիկ ավելացնում ենք ձուն ու շարունակում հարել ցածր արագությամբ հարիչով: Ավելացնում ենք նաև թթվասերը կամ մածունը, կամ երկուսը իրար խառնած: Լուսանկարի կեքսերի դեպքում թթվասեր եմ օգտագործել՝ 1-2 ճաշի գդալ մածունի հետ խառնած: Սոդան հետը չենք խառնում, այս մասին ես մանրամասն գրել եմ Իդեալական խմորի գաղտնիքները հրապարակման մեջ:
Հիմա հիշեք, որ բաղադրատոմսի մեջ 150 գ կարագ էր, մենք դեռ 100 գ-ն ենք օգտագործել: Մնացած 50 գրամը տաքացնում ենք, որ հալվի, հետը քիչ-քիչ խառնում ենք մեր կակաոն ու միասին խառնում այնքան ժամանակ, մինչ համասեռ զանգված ստացվի: Կրակը շատ ցածր պետք է լինի, կակաոյից հետո այն պետք է անջատել, հակառակ դեպքում կայրվի շատ հեշտ: եթե կարագի մեջ ողջ կակաոն չլուծվի, կարող եք ըստ անհրաժեշտության մի քնաի ճ գդալ բուսայուղ ավելացնել, սա նաև թույլ չի տա, որ կարագն այրվի:
Քանի տաք է, լավ խառնում ենք: Թողնում ենք սենյակային ջերմաստիճանի հասնի, ավելացնում ենք թասի մեջ՝ խմորի վրա:
Արդեն ժամանակն է ալյուրի, որի հետ խառնած լցնելու ենք նախատեսված սոդան:
Ալյուրի քանակը չեմ գրում, կողմնորոշվեք խտությամբ: Ասեմ, որ այս խմորը տարբեր խտության դեպքում լրիվ տարբեր, բայց շաատ որակով է ստացվում: Ես մաղելով լցնում եմ այնքան ալյուր, որ ստանամ թթվասերի խտության խմոր, որ գդալից չթափվի: Կեքսի ձևամանների մեջ խմորը լցնում եմ մեկ այլ գդալի օգնությամբ:
Ահա այսքանը, մեր կեքսերը պատրաստ են ջեռոց ուղևորվելու:

Կարևոր մի բան: Եթե չեք ուզում, որ ձեր թխած կեքսերը ճաքճքեն, ապա պնդոտ խմոր ստանալու դեպքում լավ կլինի մի քանի րոպե սպասեք, նոր դնեք թխվելու, եթե անմիջապես խմորը պատրաստեք ու թխեք, մեծ է հավանականությունը, որ մակերեսը հարթ չի լինի, կառաջանան ճաքեր:
Պատրաստ լինելը ստուգեք չոփիկով:
Կեքսերը ձևամանի մեջից դուրս բերելուց հետո սառեցրեք որևէ ցանցի կամ սրբիչի վրա շարած:
Շոկո կեքսերը պատրաստ են: Մի բաժակ տաք շոկոլադը չէր խանգարի: Բայց չէէ, շոկոլադը շատ եղավ… Թեյով կսպասեմ ձեզ, համեցեք:
Woman.am-ի խոհանոցում դեռ շատ բաղադրատոմսեր կան, հետևեք մեզ ու ծանոթացեք մեր նորույթներին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ:



