Չրով ռուլետ

Այո, այո, հենց չրով ու դարչինով: Անմահական համն ու հոտը երաշխավորում եմ:

Ջեմով ու տարբեր տեսակի կրեմներով ռուլետներ հաստատ հաճախ եք պատրաստել և վստահ եմ, որ ունեք ձեր ամենասիրելի բաղադրատոմսը, որը միշտ շատ լավ է ստացվում:

Թուղթ ու գրիչ վերցրեք. սիրելի բաղադրատոմսերի շարքը լրացնում ենք ևս մեկով:

Ռուլետ՝ Արուսյակի ձևով ;), քանի որ մի օր որոշեցի ու հնարեցի թե խմորը, և թե միջուկը:

Խմորի համար՝

4 ձու

1.5 սուրճի բաժակ շաքարավազ

1 սուրճի բաժակ ձեթ

2 ճաշխ գդալ հալեցված կարագ

2 ճաշի գդալ մեղր

1 ճ գդալ քացախ

1 ոչ լիքը թեյի գդալ սոդա

250 գրամանոց բաժակով ալյուր

Միջուկի համար՝

Ջեմ

Կամ խուրմա, ծիրանաչիր, ընկույզ, դարչին կամ ինչ կուզեք))

Սկսեցինք:

Ձուն լավ հարում ենք շաքարվազի հետ այնքան, որ զանգվածը հնարավորինս սպիտակի ու փրփրի: Այնուհետև ավելացնում ենք մեղրը: Այն պետք է լինի թուլացված: Ի դեպ, խորհուրդ եմ տալիս օգտագործել ոչ բնական մեղր, քանի որ թխվելիս ջերմային մշակման ենթարկված բնական մեղրը վնասակար է դառնում:

Շարունակում ենք հարել և ավելացնում ենք հերթով ձեթն ու կարագը:

Հիմա կարևոր պահ է, ուշադրություն. եթե իմ պես դուք էլ օգտագործել եք արհեստական մեղր կամ մուրաբայի օշարակ, ապա այս պահին անհրաժեշտ է ավելացնել քացախը, իսկ եթե, այնուամենայնիվ, օգտագործել եք բնական մեղր, ապա քացախի կարիքը չկա: Արհեստական մեղր օգտագործելու դեպքում եթե քացախ օգտագործել չեք ցանկանում, ապա սոդան փոխարինեք փխրեցուցիչով, և քացախ ավելացնելու կարիք չի լինի: Քացախը լցնում ենք միայն սոդայով խմորներին՝ այն էլ, երբ մեջը թթվային այլ մթերք չկա:

Ալյուրն ավելացնում ենք սոդայի հետ միասին խառնված՝ մաղելով թասի մեջ ու խառնելով արդեն ձեռքով, ոչ հարիչով:

Վերջ, համասեռ լավ թույլ խմոր ստացանք: Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում ու լցնում խմորը: Ես թխել եմ 30×40 սմ տապակով: Թխել եմ նախապես 190 աստիճան տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը: Դա էլ ստուգում ենք կամ մատով սեղմելով ու խտությունը զգալով, կամ էլ ուղղակի չոփիկով:

Այսքանը: Խմորը թխվելուն պես անմիջապես հանում ենք յուղաթուղթն ու նույն պահին էլ արդեն կարող ենք քսել միջուկը: Ասեմ ավելին, ես որոշ ժամանակ ձգձգելով՝ մի փոքր ուշ եմ քսել միջուկն, ու խմորը դեռ շատ լավ ճկուն էր: Չի ճաքում:

Միջուկը պատրաստել եմ նախապես:

Բլենդերով հարել եմ կորիզը հանված մի բաժակ կտրատված խուրմա ու 2 բաժակ մանրացված առանց շաքարի պատրաստված ծիրանաչիր: Ավելացրել եմ նաև մի քիչ ընկույզ ու մի ճաշի գդալ դարչին, միասին հարել եմ՝ մինչ համասեռ դառնալը: Այս զանգվածը էլեկտրական մսաղացով աղալու դեպքում մթերքը նախապես դրեք սառցարանը:

Եթե միջուկի համար այս զանգվածը  շատ խիտ կստացվի, ավելացրեք նաև մի քանի ճաշի գդալ ջեմ: Վերջնական տարբերակում այն չպետք է ջրիկ լինի: Որքան պինդ լինի, այնքան ավելի լավ կստացվի, միայն թե պետք է քսվելու համար հարմար խտություն ստանաք:

 

Սա էլ պատրաստեցինք: Դարչինի հոտը տարածվեց Woman.am-ի խոհանոցում, ըը՜՜՜՜ըմմմմմ……

Համեցեք, կապուչինոն էլ մատուցեցի…

Ասեմ, որ նման ռուլետներ պատրաստում եմ ամենատարբեր միջուկներով՝ կաթնաշոռ+ շաքարի փոշի հարած+վերջում հատապտուղ, նաև շատ համեղ է ստացվում քերած խնձորով+դարչին+մանրեցված ընկույզ…

Գործի դրեք ձեր երևակայությունը, խոհանոցը ստեղծագործելու  լավագույն վայրերից մեկն  է…