Սիրելի անուշեղենի մասին խոսելիս մրջնաբույնը չենք կարող անտեսել: Փորձում ենք պատրաստել, վստահ եմ՝ լավ է ստացվելու:

Մեզ այսօր հյուր է եկել Հայկուշ Զաքարյանը: Նա կօգնի մեզ խոհանոցում, որ իր բաղադրատոմսով պատրաստենք այս աղանդերը: Ձեր համբերությունը չարաշահել չեմ ուզում, եթե արդեն հավաքվել եք, ուրեմն պատրաստ եք, գնացինք:

Գրանցեք բաղադրիչները.

Խմորի համար

4 ձու

1 բաժակ շաքարավազ

150 գ կարագ

1 թեյի գդալ սոդա

1 սուրճի բաժակ կաթ

Մոտ 4 բաժակ ալյուր

Կրեմի համար

1.5 տուփ եփած խտացրած կաթ

250 գ կարագ

Վանիլին, կոնյակ՝ ըստ ցանկության

 

Աշխատանքը սկսվեց:

Հարմար թասի մեջ կոտրում ենք  ձուն, ավելացնում շաքարավազն ու մի փոքր հարում միասին, ոչ շատ երկար: Այնուհետև ավելացնում ենք լավ փափուկ, բայց ոչ հալված կարագն ու շարունակում հարել: Միշտ նշել եմ, հիմա էլ չեմ զլանա ասել, որ ջրիկ զանգվածի մեջ կարագը դժվար է տարածվում, անհանգստանալու կարիք չկա, երբ զանգվածը պնդանա, այն ինքնըստինքյան կձուլվի:

Որտեղ կանգ առանք, հա, կարագից հետո ավելացնում ենք կաթը, հետո ալյուրն ու սոդան իրար խառնած: Հունցում ենք համասեռ ու ոչ շատ ծանր խմոր:

Պատրաստի խմորը բաժանում ենք 11 գնդի ու տեղավորում սառցարանում: Թողնում ենք այնքան ժամանակ, մինչ լավ սառեն, քարանան:

Հյուսիսային հանգստից վերադարձած մեր մրսած խմորի գնդիկները հատիկ-հատիկ դուրս ենք բերում սառցարանից, ալյուրոտված քերիչով արագ քերում ենք, մաղում ենք մաղով, որ ավելորդ ալյուրը թափվի, լցնում ենք արդեն լավ տաքացած թավայի մեջ ու բովում ենք մինչ լավ ոսկեգունեն: Թավան պետք է չոր լինի:

Հետո դուրս ենք բերում մյուս գունդն ու էսպես շարունակ: Գնդերը հերթով եք դուրս բերում, որպեսզի քերելիս լավ սառը լինեն, չհասցնեն մինչ այդ հետ գալ ու փափկել:

Բոված հատիկները լցնում ենք սրբիչի վրա, որ չխոնավանան, կամ որևէ հարմար ցանցի վրա, ինչպես հարմար կգտնեք:

Մինչ քերած խմորը սառում է, պատրաստենք կրեմը:

Կրեմի համար կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Դրա համար այն դուրս ենք բերում սառնարանից այն ժամանակ, երբ դեռ նոր ենք սկսում պատրաստել խմորը:

Կարագը լավ հարում ենք մինչ սպիտակի ու գդալ-գդալ վրան ավելացնում ենք խտացրած կաթը: Ահա և վերջ: Կրեմի մեջ, ըստ ցանկության կարող եք կոնյակ կամ վանիլին ավելացնել: Երբեմն մրջնաբույնի որոշ տարբերակներում կրեմի մեջ ավելացնում են թուլացած գոլից  քիչ տաք մեղր, տաքացնում են նաև եփած խտացրած կաթը, որպեսզի հատիկները լավ ամրանան, սակայն Հայկուշն ապացուցում է, որ առանց դրա ևս հրաշալի է ստացվում: Լուսանկարները ևս դրա վառ վկայությունն են:

մրջնաբույն

Բովված հատիկների վրա լցնում ենք մեր ստացած կրեմն ու լավ խառնում այնպես, որ և հատիկները չվնասվեն, չփշրվեն շատ, և կրեմը համաչափ տարածվի: Դրանից հետո զանգվածը կամ լցնում ենք որևէ հարմար տապակի մեջ ու հարթեցնում ենք, ես, օրինակ, երբեմն վրան որևէ այլ սկուտեղով կամ հարմար չափսի տապակով եմ հարթեցնում, շատ հարմար է: Կարող եք նաև լցնել հարմար ձևամանների մեջ ու մատուցել հենց այդպես: Հայկուշն, օրինակ, լցրել է բաժակների մեջ, որոնք նախապեց լվացել է գոլ ջրով:  Ասում է՝ այդպես բաժակից զանգվածը ավելի հեշտ է դուրս գալիս:

Պատրաստի աղանդերը կարող եք զարդարել կամ հալեցված շոկոլադե նախշերով, կամ ուղղակի շաքարի փոշով:

մրջնաբույն

Վայելեք համեղ մրջնաբույնները, հյուրասիրեք մտերիմներին, համոզված եմ՝ բոլորը գոհ կմնան:

Woman.am-ը չի մոռանում, որ կնոջ ժամանակը ոսկի է, ուստի այն խնայելու համար ներկայացնում ենք ձեզ ամենատարածված ու ամեասիրված բաղադրատոմսերը, ինչպես նաև ծանոթացնում նորույթներին, որոնք միշտ փորձված են ու ստացված:

Մինչ նոր համեղ հանդիպումներ:

 

Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)