Հղիության պլանավորում

Հղիանալու հնարավորությունը բարձրացնելու և նորմալ, առողջ երեխա ունենալու համար կարելի է մի շարք քայլեր կատարել: Նախընտրելի է, որ դուք և ձեր ամուսինը բեղմնավորումից ամենաքիչը 3 ամիս առաջ պլանավորեք հղիությունը, քանի որ հենց առաջին շաբաթների ընթացքում է, որ երեխայի զարգացումն ամենից շատ կարող է տուժել, մինչդեռ կարող է և չիմանաք, որ հղի եք: Հղիության պլանավորումը ձեզ ժամանակ է տալիս, որ հաշվի առնեք բոլոր ռիսկերը և դրանց դեմ միջոցներ ձեռնարկեք:

Հղիության հարցաթերթիկ

Օգտագործե՛ք այս հարցաթերթիկը, եթե ուզում եք երեխա ունենալ կամ արդեն պարզել եք, որ հղի եք: Դրանցից մի քանիսը կարող են ձեզ չվերաբերել, բայց կարևոր է, որ բոլոր հարցերն ուղղեք ինքներդ ձեզ: Զրուցեք նաև ձեր ամուսնու հետ, քանի որ հարցերից մի քանիսն ուղղակիորեն նրան են վերաբերում:

  • Կարմրախտի դեմ իմունիտետ ունե՞ք

Հղիության հատկապես վաղ ժամկետներում զարգացած կարմրախտը կարող է լուրջ արատներ առաջացնել երեխայի մոտ: Նախատեսվող հղիությունից առնվազն 3 ամիս առաջ արյունը հետազոտեք, որպեսզի վստահ լինեք, որ իմունիտետ ունեք: Եթե ոչ, բժիշկը կարող է պատվաստում անել:

  • Դուք և ձեր ամուսինը ընտանիքում ժառանգական հիվանդության պատմություն ունե՞ք

Եթե դուք կամ ձեր ամուսինը ժառանգական հիվանդություն ունեցող մոտ ազգական ունեք, հավանականություն կա, որ դա կփոխանցվի ձեր երեխային: Հղիանալուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, և, եթե անհրաժեշտ լինի, նա ձեզ կուղարկի գենետիկ խորհրդատուի մոտ, որը կգնահատի ռիսկի աստիճանը: Պետք է իմանալ, որ բազմաթիվ հիվանդությունների դեպքում ժառանգական խանգարումը երեխային կարող է փոխանցվել միայն այն դեպքում, երբ երկու ծնողներն էլ կրում են ախտաբանական գենը:

  • Ունե՞ք տևական հիվանդություն

Եթե ունեք առողջական խանգարում, ինչպիսիք են դիաբետը կամ էպիլեպսիան, հղիանալուց առաջ պետք է խոհրդակցեք բժշկի հետ: Նա կարող է փոխել ձեր բուժումը, քանի որ դեղերը կարող են վնասել երեխային կամ պարզապես խոչընդոտել հղիության ընթացքը:

  • Եթե հակաբեղմնավորիչներ եք ընդունում, ե՞րբ կարելի է դադարեցնել

Ցանկալի է, որ հակաբեղմնավորիչների ընդունումը դադարեցնեք նախատեսվող հղիությունից երկար ժամանակ առաջ, որպեսզի ձեր օրգանիզմը հասցնի վերադառնալ իր նորմալ ցիկլին: Թույլ տվեք, որ երեք դաշտանային ցիկլ անցնի մինչև նախատեսվող հղիությունը, հակառակ դեպքում, կդժվարանա երեխայի ծննդյան օրվա կանխատեսումը (այդ ընթացքում կարող եք պահպանակ օգտագործել):

  • Արդյո՞ք ունեք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների (ՍՃՓԻ) ռիսկ

Չնայած հղիանալուց հետո ձեզ մոտ պարբերաբար կհետազոտեն սեռական ճանապարհով փոխանցվող որոշ ինֆեկցիաների առկայությունը՝ ինչպիսին է, օրինակ, ՄԻԱՎ-ը, երիտասարդ կանանց մոտ ամենահաճախ հանդիպող ՍՃՓԻ-ին քլամիդիան է, որը մեր օրերում պարբերաբար չեն հետազոտում: Եթե չհայտնաբերվի, կարող է փոխանցվել ձեր երեխային և առաջացնել հղիության հնարավոր բարդություններ: Եթե մի տարվա ընթացքում երկու զուգընկեր եք ունեցել կամ վերջին ժամանակներում փոխել եք զուգընկերոջը, ռիսկը մեծանում է:

  • Օգտագործու՞մ եք արդյոք առողջ սնունդ

Հղիանալու և առողջ երեխա ունենալու հավանականությունը մեծանում է, եթե ընդունում եք առողջ, բալանսավորված սնունդ:

  • Ծխում կամ խմու՞մ եք

Դուք և ձեր ամուսինը պետք է ծխելը դադարեցնեք հենց այն պահից, երբ որոշում եք երեխա ունենալ: Ծխախոտը և ալկոհոլը կարող են ազդել պտղաբերության վրա և վնասել աճող երեխային՝ ծնվելուց առաջ և հետո: