Ալադի՝ տաք մածունով

Փափուկ ու միշտ լավ ստացվող ալադիի բաղադրատոմս շա՞տ եք փնտրել: Ուրեմն խնդրեմ, ահա և միշտ լավ ստացվող այս բլիթների բաղադրատոմսը :

Եկեք ինձ հետ մեր խոհանոց, սկսում ենք:

Նախ գրանցեք բաղադրիչները.

2.5 բաժակ ալյուր
1 ձու
0.5 լ մածուն
3-4 ճաշի գդալ շաքարավազ
0.5 թեյի գդալ աղ
1 թեյի գդալ սոդա

Մածունը լցնում ենք որևէ փոքրիկ կաթսայի մեջ ու դնում կրակին, խառնելով տաքացնում ենք այնքան, որ գոլից մի փոքր ավելի տաք լինի:

Զգույշ եղեք, շատ չտաքանա, առավել ևս՝ չեռա: Շատ տաքանալու դեպքում կարելի է հասցնել ցանկալի ջերմաստիճանի, իսկ եռալուց հետո պետք է պարզապես ուրիշ մածուն փնտրել)

Գոլ մածունը հարում ենք սենյակային ջերմաստիճանի ձվի հետ: Եթե ձուն սառնարանից նոր եք դուրս բերել, մի քանի րոպեով դրեք տաք ջրի մեջ:

Այնուհետև ավելացնում ենք աղը, սոդան ու ալյուրն  իրար խառնած:

Խառնում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Թասը ծածկում ենք, դնում մի կողմ, սպասում ենք 20 րոպե: Ավելի երկար խորհուրդ չեմ տա թողնել այս խմորը:

Քանի դեռ սպասում եք, ծանոթացեք իմ մյուս բաղադրատոմսերին այստեղ՝ Arusyak Hokhikyan’s group հասցեում:

Տապակի մեջ արևածաղկի ձեթ ենք լցնում, թողնում ենք լավ տաքանա, որից հետո լցնում ենք խմորը գդալով՝ ևս մեկ գդալի օգնությամբ, քանի որ խմորը այնքան էլ թույլ չէ, մի գդալով հարմար չի լինի:

Ասեմ, որ ես գտել եմ ավելի հեշտ տարբերակ: Խմորը լցնում եմ ձևավորման տոպրակի կամ կարող եք ուղղակի որևէ պիինդ տոպրակի մեջ լցնել, ծայրը 0.5-1 սմ-ի չափով կտրել ու դրանով տապակի մեջ համաչափ դնել խմորից:

Խմորն արագ տեղավորում ենք տապակում: Արևածաղկի ձեթը պետք է մի փոքր ցածր լինի ալադիների բարձրությունից: Տապակի մեջ որքան տեղավորվի, դնում ենք ու արագ փակում կաթսան կափարիչով: Սա այս բլիթների դեպքում ևս շատ կարևոր է: Հենց փակեք, խմորը կսկսի բարձրանալ:

Էստեղ մի կարևոր բան նշեմ: Աշխատեք անել այնպես, որ մի անգամ ողջ տապակով խմորը դնելուց հետո, երբ բոլորը պատրաստ լինեն հանեք, նոր միայն դնեք հաջորդ բլիթների խմորը, այլ ոչ թե մեկը հանեցիք, դնեք նորը և այդպես: Այսինքն՝ ստացվում է, որ մի տապակը լրիվ թխում վերջացնում ենք, լրիվ դատարկ տապակի մեջ նոր դնում ենք ևս մնացած խմորները: Այսպես թխման ժամանակը վերահսկելն ավելի հարմար կլինի, և մի խմորի թխվելիս ստիպված չեք լինի անդադար բացել կափարիչը: Դա որակի վրա հաստատ ազդում է:

Ահա այսպես, շատ արագ թխվող ու ներսում միշտ լավ եփված, բուլկու փափկությամբ բլիթները պատրաստ են: Դուրս ենք բերում անձեռոցիկով սկուտեղի վրա, թողնում ենք սառեն, վրան շաքարի փոշի ենք շաղ տալիս: Սա պարտադիր է, քանի որ մեր բլիթները քաղցր չեն:

Արագ ու շատ հեշտ պատրաստվող բլիթներն արդեն սեղանին են, ազնվամորու մուրաբայով թեյն էլ շուտով կմատուցեմ, համեցեք նախաճաշի:

 

Սիրով պատրաստեք ու անպայման շատ լավ կստացվի:

Woman.am-ի էջերում փնտրեք ձեր ամենօրյա և տոնական սեղանների համար հարմար բաղադրատոմսեր, դրանք միշտ ձեռքի տակ են ու միշտ շատ հարմար՝ ցանկացած պահի պատրաստելու համար:

Մինչ նոր համեղ հանդիպումներ մեր խոհանոցում: