Առողջ ապրելակերպը վերջերս չափազանց թրենդային արտահայտություն է: Դու պարտավոր ես վարել առողջ ապրելակերպ, եթե քեզ համարում ես թրենդային ու ժամանակակից: Բժշկագիտությունը բազմիցս ապացուցել է մեր հաջողությունների և առողջության միջև պատճառահետևանքային կապը: Իսկ առողջությունը մեծամասամբ պայմանավորված է կենսակերպի առանձնահատկություններով:

Բնականաբար, երբ մենք քիչ ենք քայլում ու ավելի շատ ենք նստած ժամանակ անցկացնում, ատրոֆիայի են ենթարկվում մեր մկանները, մեր օրգանիզմը չի հարստանում թթվածնով, վատանում է տարբեր օրգան-համակարգերի արնամատակարարումն ու աստիճանաբար նկատվում են թարմությունն ու երիտասարդությունը կորցնելու նշաններ՝ առաձգականությունից զուրկ մաշկ, հոգնածության զգացողություն, ախորժակի ավելցուկ կամ բացակայություն, տարատեսակ համակարգային հիվանդություններ:

Սննդակարգն ու սնունդն ընդունելու տեսակը չափազանց կարևոր են: Կախված այն բանից, թե ինչ տեսակի մշակման ենք ենթարկում սնունդը մինչև ուտելը, կարող են պայմանավորված լինել դրա տարատեսակ ներազդեցությունները մեր օրգանիզմի վրա:

Բժիշկներն ասում են, որ պետք է հնարավորինս խուսափել ջերմային մշակման ենթարկել բանջարեղենը: Այսպիսով մենք կկարողանանք պահպանել բոլոր այն օգտակար նյութերն ու վիտամինները, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին:

Դիտարկենք, թե ինչ է լինում  սննդամթերքի հետ տարբեր մշակումների դեպքում:

Երբ բանջարեղենը շոգեխաշում ենք, գոլորիշին պահպանում է վերջինիս դրական հատկանիշները: Մինչդեռ խաշելիս, բոլոր օգտակար նյութերն ու վիտամինները պարզապես դուրս են գալիս և մնում ջրի մեջ:

Մսամթերքի դեպքում տեղի է ունենում նույնը: Դա է պատճառը, որ երբեմն մսի կամ բանջարեղենի արգանակն ավելի համեղ է թվում, քան հենց խաշված մթերքը: Շոգեխաշման ժամանակ ևս հնարավորինս քիչ է վնասվում մսամթերքը:

Մասնագետները փաստում են, որ ամենամեծ վտանգը գալիս է տապակած սննդամթերքից: Տապակման ժամանակ ցանկալի ոսկեգույն կամ կարմրավուն երանգը ստանալու համար ստիպված ենք այրել սնունդը: Այս դեպքում վնասվում է սննդի հյուսվածքը, փոփոխվում է վերջինիս սննդային հատկությունը, այրվածքի արդյունքում զարգանում են մեռուկացած հյուսվածքներ, որոնք տարբեր քիմիական ազդեցություններ կարող են ունենալ:

Այսպիսով դրանք չեն յուրացվում օրգանիզմի կողմից, փոխարենը բացասական ազդեցութոյւն են ունենում մեր ստամոքսի վրա: Ստամոքսահյութն առավել մեծ ջանքեր է գործադրում այն մարսելու նկատառումներով, արդյունքում վնասվում են ստամոքսի լորձաթաղանթն ու պատերը: Չմարսված մնացուկները հասնում են աղիներ, կպչում աղիների լուսանցքին ու պատերին, տարիներ շարունակ մնալով այնտեղ: Սա իր հետ բերում է մի շարք բացասական հետևանքներ: Դժվարանում է վիտամինների ու հանքանյութերի ներծծումն օրգանիզմ, վատանում է նյութափոխանակությունը:

Տապակած կերակրի հետևանքներն անմիջապես տեսանելի են: Որպես կանոն, մի քանի օր շարունակ տապակած մթերք ուտելու դեպքում հատկապես երիտասարդների ու դեռահասների մոտ առաջանում են բշտեր դեմքի վրա: Սա Ձեր օրգանիզմի առաջին նշանն է, որ պետք է առժամանակ դադարել տապակած սնունդ կիրառել:

Տևական ժամանակ սննդային այս սովորությունն ունեցող մարդկանց մոտ նկատելի է մաշկի առաձգականության թուլացում, կնճիռների վաղ հայտնաբերում, թուլության զգացողութոյւն, կայուն սով և ուտելու ցանկություն: Իհարկե, այս վիճակը շտկելի է: Եվ սխալ է միանշանակ ստիպել մարդկանց հրաժարվել նախասիրություններից ու այնքան համեղ սնունդից: Փոխարենը, որպես կոմպենսացիա, խորհուրդ է տրվում ավելի շատ ջուր խմե, ավելի երկար քայլել: Իսկ տապակած սնունդը շոգեխաշածով կամ խորովածով փոխարինելու հարավորութոյւնն ուղղակի հրաշալի կլիներ: