Ձկով կոտլետներ

Մեր ճաշացանկում այսօր այսպիսի կոտլետներ են՝ հեշտ, արագ ու անչափ համեղ:  Բոլորին հավաքեք սեղանի շուրջ: Շուտով կմատուցենք:

Եթե սիրում եք ձկան կոտլետներ, միացեք մեզ:

Սկսեցինք:

4 միջին չափսի սիգա ձուկը լվանում ենք, մաքրում, հեռացնում լողաններն ու փշերը: Հեռացնում ենք նաև գլուխները:  2-3 միջին չափսի գլուխ սոխի հետ միասին աղում ենք: Աղում ենք նաև նախապես ջրով թրջված հացի փափուկ զանգվածը, որը աղալուց առաջ հարկավոր է մի փոքր ջրքամել՝ զանգվածը շատ չջրիկացնելու համար: Այս խառնուրդին ավելացնում ենք 1 ձու: Համեմում ենք ըստ ճաշակի: Ես ավելացրել եմ աղ և պղպեղներ: Կարելի է ավելացնել նաև մի քանի պճեղ ճզմած սխտոր:

Ստացված մսային զանգվածից ձևավորում ենք կոտլետներ՝ ինչ տեսքի ցանկանաք: Իմ տարբերակը տեսեք լուսանկարում:

Կոտլետները շարում ենք սինու վրա ու տեղավորում սառցարանում: Երբ դրանք արդեն լավ սառած, քարացած լինեն, դուրս ենք բերում, թաթախում ենք հարած ձվի մեջ, այնուհետև թավալում պաքսիմատի մեջ: Նորից տեղավորում ենք սինու վրա ու ուղարկում սառելու: Այսպես ձևը գեղեցիկ կպահպանվի պատրաստելիս:

Արդեն վերջնական սառած կոտլետները սառցարանից դուրս ենք բերում միայն օգտագործելուց անմիջապես առաջ, երբ տաք արևածաղկի ձեթը կրակին է: Ի դեպ, արևածաղկի ձեթը պետք է բավական շատ լինի, քիչ լինելու դեպքում պաքսիմատային շերտը կկպնի կաթսայի տակին, ու ներսում եղած ողջ հյութը դուրս կգա, կոտլետն էլ կկորցնի իր արտաքին գեղեցիկ կոկիկ տեսքը:

Ի դեպ, այս կոտլետները կարելի է պատրաստել նաև առանց պաքսիմատի: Բայց անպայման հիշեք, որ նման դեպքում հաստատ այսպես հյութեղ չի ստացվի: Պաքսիմատը ձվի հետ միասին բարձր ջերմաստիճանով ձեթում եփվելիս արագ պնդանում է, շերտ կազմում, որն էլ հետագայում թույլ չի տալիս, որ ներսում եղած հյութն արտահոսի: Դա տեղի կունենա միայն ձեր ափսեում, երբ եփելուց հետո կտրատեք կոտլետը:

Ասեմ, որ հաճախ եմ հանդիպել տարբերակների, երբ այս կոտլետի մեջ, ինչպես հավով կոտլետներում, բարակ կտատած սառած կարագի կտոր են դնում, այդպես դրանք պատրաստ լինելուց հետո էլ ավելի հյութեղ կլինեն:

Ահա այսքանը: Համեցեք, կարտոֆիլով պյուրեի հետ միասին կոտլետները մատուցվել են: Բարի ախորժակ:

Woman.am-ը կրկին ձեզ մատուցեց հեշտ ու շատ հարմար տարբերակ՝ ընտանիքի անդամներին գոհացնելու և օրվա կերակրացանկի հետաքրքիր լուծման համար:

Մինչ նոր համեղ հանդիպումներ 😉