Արդեն դասական դարձած խմորեղեններից առաջարկում եմ այսօր պատրաստել այս շոկոլադային համեղությունը:
Տատիկների ու մայրիկների բաղադրատոմսերի տետրում կհանդիպեք Պրահայի տարբեր բաղադրատոմսերի:
Մարինե Մանուկյանը մեզ առաջարկում է իր տարբերակը, որը պատրաստելու համար նա այսօր մեր խոհանուցում է: Միասին մենք սարեր շուռ կտանք, մի տորթն ինչ է,որ չթխենքJ
Դուք ևս միացեք: Բայց նախ գրանցեք բաղադրիչները: Մեզ անհրաժեշտ է.
Խմորի համար
4 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ 20-տոկոսանոց թթվասեր
150 գ խտացրած կաթ
1 թեյի գդալ սոդա
1 ճաշի գդալ 9-տոկոսանոց քացախ
3 ճաշի գդալ կակաո
1.5 բաժակ ալյուր
Կրեմի համար
400 գ կարագ
200 գ խտացրած կաթ
2 ճաշի գդալ կաակո
Ջնարակի համար
400 կաթ
3 ճ գ կակաո
3 ճաշի գդալ շաքարավազ
30 գ կարագ
Խմորը ցողելու համար
1 բաժակ կոնյակ
1 բաժակ շաքարավազ
Երկար բարակ գրանցելուց հետո անցանք բուն գործին:
Նախ շաքարավազն ու ձուն հարում ենք այնքան, որ ստացվի թեթև, 3 անգամ ավելի փքուն զանգված: Այնուհետև ավելացնում ենք թթվասերը, խառնում ենք, ավելացնում խտացրած կաթը, կրկին խառնում ենք, մինչ համասեռ զանգված ստացվի: Ավելացնում ենք նախապես իրար հետ խառնած ու մաղած կակոն ու ալյուրը: Վերջում ավելացնում ենք նաև քացախով մարած սոդան ու խառնում:
Խմորը լցնում ենք 24 սմ տրամագծով յուղաթղթով ձևամանի մեջ ու թխում 30-40 րոպե՝ 170 աստիճան նախապես տաքացված ջեռոցում: Պատրաստ լինելը կարելի է ստուգել չոփիկով:
Թխված խմորը դուրս ենք բերում ձևամանից, ազատում յուղաթղթից, թողնում ենք, որ լավ սառի: Որից հետո սուր երկար դանակով, կամ հատուկ կտրելու միջոցներով այն բաժանում ենք երեք հնարավորինս հավասար մասերի:
Այսպես թողնում ենք մի կողմում, որ խմորը վերջնական սառի, իսկ մենք անցնում եք կրեմի պատրաստմանը: Ասեմ որ դեռ տաք վիճակում խմորը կտրել խորհուրդ չի տրվում:
Սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում ենք, որից հետո քիչ-քիչ ավելացնում ենք խտացրած կաթը և շարունակում հարել: Վերջում ավելացնում ենք կակաոն, հարում, մինչ այն լավ տարածվի կրեմի մեջ:
Կրեմն էլ ունենք:
Հիմա խմորը փափուկ մնալու համար անհրաժեշտ է նաև հեղուկը, որով այն կցողենք: Ցանկալի է այն եփել նախապես, քանի որ բավական ժամանակատար է ու պետք է հասցնի սառել:
Դրա համար կոնյակն ու շաքարավազը միասին դնում եք միջին կրակին ու եփում այնքան, մինչ հեղուկը մի փոքր թանձրանա: Լցնում ենք այլ տարայի մեջ ու թողնում սառչի:
Սառելուց հետո այս հեղուկով շռայլորեն ցողում ենք խմորի շերտերը, դրանից անմիջապես հետո կարելի է քսել կրեմն ու շերտերը հավաքել իրար վրա: Վերջին շերտի համար ցանկալի է կրեմ թողնել, որպեսզի հետագայում ջնարակով պատելիս խմորն այն չներծծի ու ջնարակը ժամանակից շուտ չխամրի:
Ի դեպ, ջնարակի գաղտնիքների ու առանձնահատկությունների մասին կարող եք կարդալ մեր էջերում, միայն հարկավոր է կայքի փնտրման տողում նշել Փայլուն ջնարակ և վերջ:
Ասեմ, որ ջնարակը ներքաշելուց խուսափելու համար հաճախ խորհուրդ է տրվում վերջին շերտին քսել որևէ խիտ ջեմի հյութ կամ խիտ եփված օշարակ:
Մարինեի առաջարկած ջնարակը պատրաստելու համար անհրաժեշտ է կակաոն և շաքարավազը խառնել իրար, այնուհետև քիչ-քիչ խառնելով ավելացնել նաև կաթն ու եփել մարմանդ կրակին մինչ խտանալը: Վերջում ավելացնում ենք նաև կարագն ու վերցնում կրակից:
Ջնարակը օգտագործում ենք մոտ 40 աստիճանում, երբ այն ոչ շատ սառն է, որ չկարողանանք հարթ տարածել, ոչ էլ այնքան տաք, որ ներծծվի:
Մի տեսեք՝ ինչ շքեղ տորթ ստացանք: Ձեր տոնական սեղանները զարդարելու համար լավագույն լուծումներից մեկը ևս գտանք:
Woman.am-ը հետևողական է իր խոստմանն ու ներկայացնում է սիրված, ծանոթ ու անծանոթ, հեշտ ու մի փոքր աշխատատար, բայց միշտ լավ արդյուքնք խոստացող բաղադրատոմսեր:
Մեր առաջարկած մյուս տարբերակները փնտրեք մեր էջերում և սպասեք թարմացումներին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ:
Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)



