Տատիկների պատրաստած համեղ ու բուրումնավետ հալվայի համը դեռ հիշում ենք, ոմանք տատիկից սովորել են, ոմանք էլ դեռ փնտրում են հենց այն նույն համն ու չեն գտնում Սիրելի տատիկիս պատրաստած հալվայի համար այսօր ես էլ շատ բան կտայի ։(
Հուշերի գիրկն ընկաք: Ուրեմն արթնացեք, մեր սիրելի Սոնիա Թաշչյանը մեզ մեր մանկությունն է վերադարձնում:
Առիթն էլ սուրբ Սարգսի գալիք տոնն է, որի ծիսական կերակուրների հարուստ ցանկում կարևոր տեղ է զբաղեցնում այս անուշեղենը: Իսկ տոնի մասին առավել մանրամասն woman.am-ը ներկայացնում է իր մյուս էջերում, աղի բլիթի մասին էլ չենք մոռացել

Հալվան պատրաստելու համար տիկին Սոնյան առաջարկում է նախ 1 բաժակ ալյուրը բովել մարմանդ կրակով, մինչև այն թեթևակի մգանա: Որից հետո պետք է ավելացնել 1/3 բաժակ յուղ ու անընդհատ խառնել այնպես, որ ալյուրի գնդիկներ չմնան: Ի դեպ, ըստ տիկին Սոնիայի, յուղը, ցանկության դեպքում, կարելի է փոխարինել նաև կարագով: Այս դեպքում արդեն կարագի սառելուն զուգահեռ կչորանա ու կպնդանա նաև մեր հալվան; Կարագը բարեհաջող ավելացնելուց հետո շաքարավազի հերթն է:
Այ այստեղ հարկավոր է արդեն կրակն անջատել ու նոր միայն ավելացնել ½ բաժակ շաքարավազը: Զանգվածն ամբողջությամբ մի լավ խառնելուց հետո հարկավոր է տեղափոխել այն որևէ տափակ ամանի մեջ, մակերեսը հարթեցնել, ձևավորել բոված գետնանուշով կամ կաղինով, սա արդեն՝ ով ինչպես կամենա: Ի դեպ, հալվան հարկավոր է կտրել դեռ տաք վիճակում, լուսանկարում կտրվածքի գեղեցիկ տարբերակ է առաջարկում բաղադրատոմսի մեր այսօրվա հեղինակը:
Woman.am –ն այսուհետ հետևողական է լինելու ազգային կերակրատեսակների ներկայացման հարցում, իսկ տոնական սեղանները միասին կհարստացնենք մեր ազգային ծիսական կերակրատեսակներով ու անուշեղեններով: Սիրենք մեր խոհանոցը, ազգային խոհանոցը յուրաքանչյուր ազգի պատմության կարևոր մանս է:



