Եթե հղիության ընթացքում կնոջ մոտ ոսկորային ցավեր են նկատվում, ապա, ամենայն հավանականությամբ, նրա օրգանիզմը D վիտամինի և կալցիումի պակաս է զգում: Այս դեպքում բժշկի խորհրդով կնոջ համար նշանակվում են տարբեր վիտամիններ և դեղամիջոցներ, որոնք կալցիում են պարունակում: Հարկ է հիշել, որ կալցիում կարելի է ընդունել միայն մինչև հղիության 34-րդ շաբաթը: Կալցիումի բացակայությունը հղի կանանց դեպքում բնական երևույթ է համարվում, սակայն դա չի նշանակում, որ պետք է անտեսել այդ փաստը:

Հղի կանայք պետք է հասկանան, որ հղիության ընթացքում առաջացած ոսկորների ցավը վկայում է մկանային համակարգի տարբեր խնդիրների մասին: Այս դեպքում հնարավոր է առկա են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ կարմիր գայլախտը, ռևմատոիդ արթրիտը և այլն: Արդյունքում այս հիվանդություններն ազդում են ոչ միայն կանանց, այլև փոքրիկի առողջության վրա:

Հաճախ հղի կանանց մոտ առաջանում է այնպիսի հիվանդություն, ինչպիսին է սիմֆիզիտը: Այս հիվանդության ախտանշաններից մեկը «բադաքայլն» է: Սիմֆիզիտի ժամանակ հղի կինը կոնքերի և ոսկորների ցավի պատճառով դժվարանում է շարժվել: Ոսկորների ցավին հաջորդում են  սաստիկ հոգնածությունը և թուլությունը: Սիմֆիզիտի հայտնաբերման դեպքում բնական ճանապարհով  ծննդաբերության ժամանակ կարող են բարդություններ առաջանալ, ուստի  լավագույն տարբերակը կեսարյան հատումն է:

Ինչպես մեղմացնել ոսկորների ցավը

Հղիության ընթացքում ոսկորների ցավից կարելի է  ազատվել հատուկ գոտիների միջոցով: Դրանք մեղմացնում են ցավը և կանխում հետագա բարդությունները: Ցավը հնարավոր է մեղմել նաև ֆիզիկական ակտիվությունը սահմանափակելու և սննդակարգը վերանայելու միջոցով: Հղի կինը պետք է ընդունի այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են վիտամիններ և սննդարար նյութեր, մասնավորապես՝ կալցիում: Ճիշտ սննդակարգի դեպքում կարելի է խուսափել ավելորդ քաշից, որի պատճառով մարմնի ողջ ծանրությունն ընկնում է  ողնաշարի վրա: Հարկավոր է հրաժարվել նաև երկարատև զբոսանքներից, բարձրություններից և երկար կանգնելուց: