Advertisementjobs.am

Հիշենք հեռավոր 2001 թվականը, երբ այդ ժամանակվա Հոլլիվուդի իդեալական զույգերից մեկը`հանրահայտ Ջասթին Թիմբերլեյքը ու «փոփ արքայադուստր» Բրիթնի Սփիրսը, իսկական հեղափոխություն արեցին` կարմիր գորգին հայտնվելով ջինսային նմանատիպ հագուստով. հայտնենք նրանց մեր խորին շնորհակալությունը կատարածի համար:

Հարաբերությունների ամերիկացի մասնագետ, դոկտոր Նիկկի Գոլդսթեյնը նշում է, որ հագուստի նմանակումը զույգի մոտ սկսվում է ենթագիտակցորեն` հարաբերությունների 6-րդ ամսից սկսած:«Մենք ուզում ենք սազել այն մարդուն, ում հանդիպում ենք: Այո’, բոլորս էլ յուրահատուկ ենք, բայց որպես զույգ ձգտում ենք միասնության, այն էլ ցանկացած հարցում: Դուք հարմարվում եք շրջապատին, և շատ բնական երևույթ է, որ  հարաբերությունների ընթացքում, անգամ առանց գիտակցելու, Դուք սկսում եք փոխել  Ձեր ոճը:»,- նշում է նա:

Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ խոսքը ու, առհասարակ, այս երևույթը չի սահմանափակվում միայն զգեստապահարանով: Եթե, օրինակ, Ձեր զուգընկերը, խելագարվում է բասկետբոլի համար, Ձեզ նույնպես սկսում է կլանել այդ սպորտաձևը: Նույնը կարող ենք ասել նաև հայ տղամարդկանց ոչ սիրելի վայրի` խոհանոցի մասին: Եթե Դուք սիրում եք համեղ ուտեստներ պատրաստել, շատ հավանական է` Ձեր զուգընկերը մի օր ինքը զարմացնի Ձեզ նմանատիպ ուտեստով, որի պատրաստումը սովորել է հենց Ձեզնից: Դե ինչ, չենք զլանում խոհանոցում 😉

Չենք կարող չհիշատակել ճապոնական մի զույգի, որն ավելի քան 37 տարի, այո’, ճիշտ կարդացիք, 37 տարի couple dressing-ի վառ օրինակ է:

Instagram-ում գտե’ք նրանց bonpon511 անվանումով (իրենց անունների միաձուլումն է` գումարած ամուսնության ամսաթիվ): Զույգն ունի ավելի քան 65 հազար հետևորդ, իրենք էլ իրենց հերթին հետևում են նորաձևության բոլոր ճիչերին և փորձարկում դրանք:

Հիմա խոսենք վտանգավորից. հոգեբանը նշում է` պետք է անհանգստանալ այն ժամանակ, երբ նմանակումը կանխամտածված է ու գիտակցված:

Կանխամտածված նմանակման դեպքում հստակ կարող ենք ասել, որ նմանակողը հարաբերություններում կորցրել է իր ԵՍ-ը, դերը, ինչը խոսում է ոչ առողջ հարաբերությունների մասին:  «Երբ տեսնում եմ ամբողջական նմանակում զույգում, սկսում եմ մտածել` իդեալական զու՞յգ է իմ դիմաց, թե՞ որևէ մեկը փոխում է իր ԵՍ-ը, ինքնությունը այդ հարաբերությունների գոյատևման համար», – շարունակում է հոգեբանը:

Աղջիկնե’ր, հավատացե՛ք,  կանխամտածված նմանակումը Ձեր կամ սիրելիի կողմից առողջ չէ: Հետզհետե նման երևույթից ձանձրույթ կառաջանա, ինչն էլ թունավոր է զույգի համար: Հարաբերություններն այդ դեպքում դժվար թե երկար տևեն:

Մի’ կորցրեք Ձեր ինքնությունը, եղե’ք այնպիսին, ինչպիսին կաք, հիացե’ք Ձեզանով և Ձեր սիրելիով, սիրե’ք Ձեզ` թերություններով հանդերձ, ընդունե’ք դրանք: Երջանկությունն իրեն երկար սպասել չի տա: