Հայտնի ասացվածքն ասում է. «Միակ տեղը, որտեղ կարող եք գտնել հաջողություն նախքան աշխատանքը, դա բառարանն է»: Ուստի իսկապես երջանիկ ամուսնություն ունենալու համար դուք պետք է աշխատեք դրա վրա: Ամուսնական երջանիկ կյանքը պահպանելն ամենօրյա խնամք ու հոգատարություն է պահանջում ամուսիններից: Պետք է կարողանալ կենդանի պահել ռոմանտիկան և շարունակել կատարելագործել ինքներդ Ձեզ ու Ձեր հարաբերությունները:
Ահա ամենապարզ ու ամենաարդյունավետ քայլերը, որոնց օգնությամբ կարող եք կառուցել երջանիկ ամուսնություն:
Ամուսնությունը կառուցեք վստահության վրա:
Երջանիկ ամուսնությունը հիմնված է անվերապահ վստահության վրա: Շատ զույգեր, վստահություն ասելով, հասկանում են սեռական հավատարմություն, ինչը, անշուշտ, կարևոր է, սակայն միայն դրանով չի ավարտվում վստահության սահմանումը: Վստահել, որ սիրում եք իրար, վստահել, որ խնդիրների, վիճաբանությունների ու տարաձայնությունների պատճառով չեք լքի միմյանց, վստահել, որ չեք վնասի ու չեք վերահսկի միմյանց և այլն:
Հարգեք Ձեր ամուսնուն:
Եթե ուզում եք ունենալ առողջ ամուսնություն, ուրեմն պետք է հարգեք մեկդ մյուսի կարծիքը, բոլոր որոշումները կայացնեք միասին և միասին պլանավորեք երկուսիդ օրը: Ամուսնու կարծիքն ու խոսքը պետք է շատ կարևոր դեր ունենա կնոջ կյանքում:
Հարգանքն առավել հաճախ դրսևորվում է մեր բառերով, խոսքի ինտոնացիայով, ուստի անպարկեշտ, սուր քննադատական կամ կոպիտ մեկնաբանությունները հարգալից ամուսնության մեջ տեղ չունեն:
Հարգեք միմյանց նախասիրություններն ու ճաշակները, ընկերներին ու ընտանիքի անդամներին:

Անկեղծ զրույցը շատ կարևոր է:
Հարաբերություններում չափազանց կարևոր են անկեղծ զրույցները: Դուք պետք է լինեք և՛ լավ լսող, և՛ լավ հաղորդակցվող: Դուք պետք է կարողանաք Ձեր ամուսնու հետ անկեղծորեն կիսվել Ձեր զգացմունքների մասին և լսել նրան, երբ նա Ձեզ հետ խոսելու կարիք ունի: Միայն դրանից հետո դուք կկարողանաք իսկապես հասկանալ միմյանց զգացմունքներն ու մտքերը և կկարողանք դրանք լավացնելու ուղիներ գտնել: Ուշադրությունը, հոգատարությունը, միմյանց լսելու կարողությունը, ստեղծված վիճաբանությունները քննարկելը և միասին ճիշտ լուծում գտնելը խոսում են երջանիկ ամուսնության մասին:
Մի մոռացեք գրկախառնվել:
Թեև սա կարող է փոքր-ինչ աննշան թվալ, սակայն ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ գրկախառնությունը հուզական ամուր կապ է ստեղծում զույգի միջև: Վերջերս գիտնականների կողմից կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գրկախառնություններն օգնում են վստահություն կառուցել: Այն կարող է բարձրացնել նաև տրամադրությունն ու երջանիկ պահեր պարգևել:
Գրկախառնության ժամանակ առաջացող օքսիտոցին հորմոնն օգնում է նվազեցնել զայրույթի և միայնության զգացողությունները: Կանոնավոր կերպով և նույնիսկ ամենափոքրիկ առիթների դեպքում գրկախառնվելը կարող է պահպանել վստահության ու ամուր կապի զգացումը:
Սեքս, և որքան հնարավոր է հաճախ:
Միակ բանը, որի մասին Դուք խոսում եք բացառապես Ձեր ամուսնու հետ և չեք պատմում անգամ ամենամոտ ընկերուհուն, սեքսն է: Այն ամուսնության կենսական մասն է: Խոսքը միայն բուն գործողության մասին չէ. այն կարող է ավելի խորն ու հուզական կապ ստեղծել ամուսինների միջև: Ամուսինները պետք է սովորեն խոսել ու քննարկել սեքսի մասին իրենց անհանգստացնող հարցերը: Զույգը պետք է կարողանա լսել, թե ինչ է ուզում կամ զգում իր կողակիցը: Սա ոչ միայն սեքսի, այլ նաև երջանիկ ամուսնության կարևոր մասն է:

Ճաշեք միասին:
Այժմյան հասարակությունում կանայք ու տղամարդիկ գրեթե հավասարապես ապրում են զբաղված կյանքով, երկուսն էլ ունեն աշխատանքային ծանր գրաֆիկ՝ լի խնդիրներով ու նյարդային ապրումներով: Սա երբեմն կարող է հանգեցնել պարզապես կողք կողքի ապրող ամուսինների, ովքեր օրվա մեջ հանդիպում են ընդամենը մի քանի ժամ:
Անկախ ամեն ինչից՝ ամուսինները պետք է ժամանակ հատկացնեն միմյանց: Ամեն երեկո ընթրեք միասին: Սա կարող է թվալ շատ փոքր քայլ, սակայն կարող է հնարավորություն տալ Ձեզ ու Ձեր ամուսնուն ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, զրուցել ու քննարկել ընտանեկան տարբեր հարցեր:
Ժպիտ և ծիծաղ:
Փոքրիկ ժպիտը կարող է մեծ դեր ունենալ ամուսինների հարաբերություններում, հատկապես այն ժամանակ, երբ դուք և ձեր ամուսինը դժվար ժամանակներ եք ապրում: Իսկ ծիծաղը կարող ենք համարել բժշկող հզոր միջոց: Գտեք միասին զվարճալի ժամանակ անցկացնելու տարբերակներ և վայելեք ուրախ ժամանց:
Երջանիկ լինելը հրաշալի է, իսկ սիրելն ու սիրված լինելը՝ կրկնակի երջանկություն: Բարեբախտաբար, կան սերը և երջանկությունը պահպանող մի շարք միջոցներ: Հիշե՛ք՝ երջանիկ ամուսնությունը պահպանելու համար պատասխանատու են երկու կողմերը հավասարապես:



