Դարչինով և մեղրով թխվածքաբլիթ

Այս դարչնաբույր, շատ փխրուն ու նուրբ  համեղությունն առաջարկում եմ այսօր պատրաստել միասին: Թե դարչին չեք սիրում, հոգ չէ, փոխարինեք այն վանիլինով, շաֆրանով կամ ուղղակի կակաոյով, միևնույն է՝ հրաշալի է ստացվելու:

Գրանցեք բաղադրիչները:

Մեզ անհրաժեշտ է.

2 դեղնուց

1 բաժակ շաքարավազ

4 սպիտակուց

2-3 ճաշի գդալ մեղր

1 սուրճի բաժակ բուսայուղ

2 լիքը թեյի գդալ դարչին

1 թ գդալ սոդա

Մոտ 2 բաժակ ալյուր

Քանի դեռ չենք սկսել, հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Arusyak Hokhikyan’s group-ում:

Հարմար ամանի մեջ կես բաժակ շաքարավազի հետ հարում ենք դեղնուցներն այնքան, որ մի փոքր սպիտակի: Ավելացնում ենք թուլացված մեղրը: Առանձին ամանի մեջ օգտագործված դեղնուցների սպիտակուցներն ու նաև ևս երկու սպիտակուց միասին մի պտղունց աղով ու կես բաժակ շաքարավազով բեզե ենք պատարստում, զգուշորեն խառնելով՝ ավելացնում խմորի զանգվածին: Ավելացնում ենք նաև բուսայուղ: Հիմա ուշադրություն. եթե խմորի մեջ օգտագործել եք արհեստական մեղր կամ որևէ այլ խիտ օշարակ և ոչ թե բնական մեղր, ապա այստեղ անպայման անհրաժեշտ է ավելացնել 1 ճաշի գդալ քացախ, եթե բնական մեղր եք օգտագործել, ապա քացախի կարիքը չկա:

Զանգվածը խառնելուց հետո ավելացնում ենք իրար խառնած դարչինը, սոդան ու ալյուրը: ավելացնում ենք մաղելով, ինչպես մյուս բոլոր խմորների դեպքում: Կօգտագործվի միջինը 2 բաժակ ալյուր: Ինչպես միշտ, նշում եմ, որ ալյուրի քանակը կապված է ձվի չափսերից, ձվի մեջ սպիտակուցի ու դեղնուցի հարաբերակցությունից, նաև մեղրից և այլն, ուստի մոտավոր նշելով՝ չմոռանամ ասել, որ պետք է ստացվի բավական կպչուն խմոր: Չանհանգստանաք: Փոքրիկ ամանի մեջ բուսայուղ ենք լցնում ու պարբերաբար մատները ձեթոտելով՝ խմորից ստանմում ենք գնդիկներ, ձեռքով փոքր-ինչ հարթեցնում ենք , տափակեցնում ու դնում ենք տապակի մեջ: Թողնում ենք խմորը 5-10 րոպե հանգստանա, որ թխվելու արդյունքում ճաքելու հավանականությունից խուսափենք:

Ահա և վերջ:

Woman.am-ի խոհանոցում դարչինի բույրն է տարածվել, ես գնամ վայելեմ մեր աշխատանքի պտուղներն ու պատրաստվեմ մեր հաջորդ հանդիպմանը: