Կիտրոնով աղանդեր

Ցիտրուսային աղանդերը միշտ առանձնահատուկ նրբերանգ է հաղորդում մեր խահանոցում արարված տեսականուն: Այսօր այդ տեսականին թարմացնում ենք:

Աննա Պապյանն առաջարկում է  պատրաստել այս գեղեցիկ և նրբահամ աղանդերը: Մենք էլ սիրով ընդունում ենք առաջարկն ու անցնում գոծի: Բայց նախ գրանցում ենք բաղադրիչները:

Խմորի համար՝

Ալյուր-225 գ

Փխրեցուցիչ-0.5 թեյի գդալ

Կարագ-175 գ

Ձու- 1 հատ

Աղ

 Միջուկի համար

Շաքարավազ-190 գ

Կիտրոն- 2 փոքր, կամ 1 մեծ (օգտագործելու ենք կեղևի քերուկն ու քամված հյութը)

Դեղնուց-1 հատ

Եգիպտացորենի օսլա-1 ճ գդալ

Եռման ջուր-175 մլ

 Բեզեի համար

Ձվի սպիտակուց-2 հատ

Շաքարավազ-90 գ

Մի պտղունց աղ

Սկսեցինք: Նախ հարկավոր է սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագը լցնել խմորի համար նախատեսված չոր բաղադրչների խառնուրդի մեջ ու մատներով տրորելով՝ փշուր ստանալ: Որից հետո ավելացնում ենք ձուն ու հունցում խմոր: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի փոքր էլ ալյուր ավելացնել, որ ստացվի փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր: Խմորը հավաքում ենք, գունդ անում, փաթաթում ենք սննդային թաղանթով ու դնում սառնարանը՝ կես ժամով:
Ահա, ստացվում է ուղիղ կես ժամ ժամանակ ունենք միջուկը պատրաստելու համար: Չենք թուլանում, աշխատանքը եռում է:

 

Առանձին փոքրիկ հարմար կաթսայի մեջ լցնում ենք միջուկի համար նախատեսված շաքարավազը, ավելացնում եքնք կիտրոնների քերած կեղևը, որից հետո քամում ենք հյութը մեր կիտրոններից ու ավելացնում նույնպես շաքարավազի վրա: Ավելացնում ենք եռման ջուրն ու անընդհատ  խառնում: Զանգվածը տեղափոխում ենք կրակի վրա ու եփում մինչ պնդանալը: Կախված հեղուկի քանակից՝ հնարավոր է, որ զանգվածը լավ չպնդանա, այս դեպքում կարելի է մի փոքր օսլա կամ ալյուր ավելացնել ու խառնել, որ գնդիկներ չառաջանան: Եթե չենք ցանկանում, որ կիտրոնին հատուկ դառնահամը գերիշխի մեր աղանդերի մեջ, ապա Աննան խորհուրդ է տալիս կիտրոնի կեղևի քերուկն ավելի քիչ քանակով ավելացնել, կամ չավելացնել առհասարակ՝ բավարարվելով միայն կիտրոնի քամած հյութով: Կիտրոնային համը միևնույն է այս դեպքում ևս բավական արտահայտված կլինի:

Վերջ, միջուկը պատրաստեցինք, մեր ժամանակի մեջ տեղավորվեցինք, նշանակում է՝ խմորը սառնարանից դուրս բերելու ժամանակն է:

Նախապատրաստում ենք 20 սմ տրամագծով կլոր ձևամանը, որի մեջ տեղավորում ենք նախապես գրտնակված խմորն այնպես, որ եզրերը տարածվեն նաև ձևամանի պատերին, մատներով հարթեցնում ենք, որ հավասար պատեր ձևավորվեն: Այնուհետև խմորը պատառաքաղով լավ ծակծկում ենք, ձևամանի տրամագծով կտրված յուղաթուղթ ենք դնում վրան, յուղաթղթի վրա որևէ տեսակի հատիկեղեն ենք լցնում (բրինձ, լոբի…) ու դնում նախապես արդեն 200 աստիճան տաքացված ջեռոցը, թխում ենք 18-20 րոպե: Հատիկեղենը դնում ենք միայն այն նպատակով, որ խմորը ծանրության շնորհիվ հանկարծ շատ չբարձրանա:

Թխվելուց հետո հանում ենք հատիկեղենն ու հատկապես բրնձի դեպքում, ինչպես զգուշացնում է Աննան, ուշադիր ենք լինում, որ հատիկները մնացած չլինեն խմորի պատերի արանքում: Դրանք մանրակրկիտ կերպով դուրս ենք բերում:
Այնուհետև սառած խմորի վրա տարածքում ենք արդեն սառած միջուկը:
Եկավ բեզեն պատրաստելու ժամանակը: Սպիտակուցները հարում ենք աղի հետ այնքան, որ պնդանա, բայց դեռ ամենապինդ վիճակին հասած չլինի: Այս միջին պնդությամբ հարված սպիտակուցների վրա քիչ-քիչ ավելացնում ենք շաքարավազը ու շարունակում անդադար հարել: Այս անգամ արդեն պետք է ստացվի պինդ ու ձևը լիարժեքորեն պահող բեզե:

Պատրաստի բեզեն տարածում ենք միջուկի վրա ու արդեն թխում ենք 150 աստիճան տաքացված ջեռոցում 45-50 րոպե:

Աննայի պատրաստած տարբերակում բեզեյի մի մասը քսված է թիակով հարթ, մնացածը նա լցրել է ձևավորման տոպրակի մեջ ու գեղեցիկ ձևավորել:

Մեր այսօրվա օգնականը նշում է, որ այս խմորեղենն ինքը պատրատում է փուլերով: Այսինքն՝ խմորն ու միջուկը պատրաստում է նախորդ օրը, հետո, երբ դրանք բավականին սառած  են լինում, շարունակում է՝ վերջնական տեսքի բերելով բեզեի շնորհիվ:

Մի խորհուրդ ևս. Ջեռոցից դուրս բերելիս համովեք, որ խմորը պատերին կպած չէ: Եթե որոշ հատվածներում կպած է, ապա լավ կլինի դանակի ծայրով նույն պահին առանձնացնել, որպեսզի ամենավերջում հեշտ լինի այն դուրս բերելը ձևամանից:

Կոկիկ դուրս բերելու համար ցանկալի է օգտագործել բացվող պատերով ձևաման: Սովորական ձևամանի մեջ պատրաստելու դեպքում դուսր բերելիս զգույշ եղեք, որ չվնասվեն պատերը:
Այս աղանդերը կարելի է վայելել և սառը, և տաք վիճակում:

Աննան խորհուրդ է տալիս տաք վիճակում մատուցելու դեպքում կողքին մի կտոր պաղպաղակ դնել:
Ըըըը՜՜՜՜մմմմ, մի տեսակ շտրյուդել հիշեցի՝ բայց դարչինի փոխարեն ցիտրուսային նոտաներով:
Ինչևէ, չշեղվենք:

Պատրաստեցինք ու գեղեցիկ մտուցեցինք: Հուսամ՝ հավանեցիք:

աղանդեր

Պահպանեք այս բաղադրատոմսն ու սպասեք Woman.am—ի խոհանոցային էջերում թարմացումների ու հետաքրքիր բաղադրատոմսերի:

Մինչ նոր համեղ հանդիպումներ: