Շատերը պնդում են, որ  մոր և մանկան առողջությունը լիովին կախված է նրանից, թե ինչպես է անցնում ծննդաբերությունը: Այդ իսկ պատճառով հղիության ութերորդ ամսում ընտանիքի անդամները ընկերների և բարեկամների միջոցով սկսում են «լավ» ծննդատան փնտրտուքները:

Ծննդաբերությունն ընդամենը մի ժամանակահատվածի ավարտ է, որը կոչվում է հղիություն: Երեխայի առողջությունը  մեծապես կախված է հղիության ընթացքից, ուստի կարևոր է, որպեսսզի հղիությունն ընթանա հոգեբանական բարենպաստ մթնոլորտում: Լարվածությունը և վեճերը բացասաբար են ազդում ոչ միայն մոր, այլև երեխայի  վիճակի վրա:

Պետք է հիշել, որ հղիությունը ոչ թե հիվանդություն է, այլ կնոջ օրգանիզմի բնական, ֆիզիոլոգիական վիճակ: Այսօր արդեն  մեծացել է  այլընտրանքային ծննդաբերության հանդեպ կանանց հետաքրքրությունը:

Շատերը նախընտրում են ծննդաբերել ջրում, որի վերաբերյալ մասնագետների կարծիքները հակասական են:

Ծնունդը և առաջին շունչը երեխայի համար ծանր փորձություններ են, որոնք ազդում են հետագայում նրա դիմադրողականության և կենսունակության վրա: Այս առումով ջրային միջավայրը խոչընդոտում է  ծննդաբերության բնականոն ընթացքը, որի արդյունքում երեխան ծնվում է   շատ թույլ:

Շատ դեպքերում կանայք, վախենալով ցավից,  նախապատվությունը տալիս են ոչ թե ծննդաբերության ավանդական ձևին, այլ կեսարյան հատմանը: Այն նախօրոք պլանավորված  վիրահատություն է՝ պայմանավորված հղի կնոջ  տարիքով, քրոնիկ հիվանդություններով և  արգանդում երեխայի  ոչ ճիշտ դիրքով: Բացարձակ սխալ է այն կարծիքը, որ կեսարյան հատման արդյունքում ծնված երեխաներն ավելի ուժեղ են:

Իրականում, ոչ բնական ճանապարհով ծնված երեխաները դժվարությամբ են հարմարվում ագրեսիվ միջավայրին: Բարեբախտաբար, կանանց մեծամասնությունն ընտրում է ծննդաբերության ավանդական ձևը: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞ր դիրքով ծննդաբերել, որպեսզի մեղմել ծննդաբերության ցավերը:

Կախված ավանդույթներից և մշակութային առանձնահատկություններից՝ աշխարհում կան ծննդաբերության  տարբեր դիրքեր: Օրինակ՝ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի շատ երկրներում դեռևս ընդունված է ծննդաբերության «նստած» ձևը: Բժշկական տեսանկյունից այն ունի մի շարք թերություններ: Նախ՝ սահմանափակում է բժշկական վերահսկողությունը և օգնությունը, երկրորդ՝ նստած դիրքի պատճառով  երեխան կարող է տրավմաների ենթարկվել:

Եվրոպական երկրներում առավել ընդունված է «մեջքի» վրա ծննդաբերությունը: Այս դիրքը կատարյալ պայմաններ է ստեղծում բժիշկների և մանկաբարձների համար, սակայն ոչ մի կերպ չի  մեղմացնում ծննդաբերության ցավերը: Բացի այդ, ուժի գործադրման արդյունքում  կծկված արգանդը սեղմում է  անոթները, որն էլ հանգեցնում է արյան ցածր ճնշմանը:

Առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում հատկապես  ծննդաբերության «ուղղահայաց» դիրքը, որը զարգացած է Շվեդիայում: Այս դիրքն ապահովում է գործողությունների լիարժեք ազատությունը և պաշտպանում երեխային տրավմաներից: Ընդհանրապես, մայրանալը յուրաքանչյուր կնոջ բաղձալի երազանքն է, ուստի նախքան այդ կարևոր որոշումը, հարկավոր է խորհրդակցել գինեկոլոգի հետ:

Leave a Comment