Մեզանից շատերը ձգտում են օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններ կատարելուն, քանի որ կանոնավոր մարզումները մեծ նշանակություն ունեն մեր ամենօրյա կյանքում: Մարզումների շնորհիվ մենք ազատվում ենք ավելորդ քաշից և ավելի առողջ կենսակերպ վարում: Կանոնավոր մարզումներն օգնում են պահպանել թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեկան առողջությունը:
Ֆիզիկական վարժությունները բարելավում են մարդու առողջական վիճակը և կանխում բազմաթիվ հիվանդությունների առաջացումը: Ամենօրյա մարզումների շնորհիվ հնարավոր է խուսափել մի շարք հիվանդություններից, օրինակ՝ 2-րդ կարգի շաքարախտից, ինսուլտից, քաղցկեղի տարբեր տեսակներից, արթրիտից և այլն:

Բացի այդ, մարզումները բարձրացնում են տրամադրությունը: 30 րոպեանոց պարզ վարժությունների շնորհիվ ուղեղում արտադրվում են քիմիական նյութեր, որոնք մեզ երջանկության զգացում են տալիս։ Բացի այդ, ֆիզիկական վարժությունները բարձրացնում են մեր ինքնագնահատականը և ամրապնդում ինքնավստահությունը:
Մարզումները մեզ էներգիա են փոխանցում: Կանոնավոր ֆիզիկական վարժությունները բարելավում են մկանային ուժը և բարձրացնում տոկունությունը: Վարժությունների շնորհիվ մեր մկանները թթվածին և այլ սնուցող նյութեր են ստանում, որոնք կարգավորում են սրտի աշխատանքը:
Կանոնավոր մարզումները կարգավորում են քունը: Պայքարու՞մ եք գոնե մի քանի ժամ քնելու համար: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կապահովի ձեր խորը և հանգիստ քունը: Իհարկե, պետք չէ քնելուց առաջ շատ մարզվել, քանի որ կարող եք ուժասպառ լինել:
Մարզումները զվարճալի են: Մարզումները և ֆիզիկական վարժությունները կարող են նաև հաճելի լինել: Եթե դուք ձանձրանում եք անընդհատ նույն վարժությունը կրկնելուց, ապա ընտրեք մեկ այլ վարժություն:
Կանոնավոր մարզումները պետք է մեր կենսակերպի անբաժան մասը լինեն:

Ահա մի քանի պարզ քայլեր, որոնք կօգնեն մարզումներն օրակարգի հիմնական մասը դարձնել:
Սկսեք քչից: Եթե նոր եք սկսել մարզվել, ապա սկզբի համար առավոտյան մարզվեք 5 րոպե: Այնուհետև, ամեն օր մարզումների տևողությունը մի քանի րոպեով ավելացրեք:
Մարզասարքեր օգտագործեք: Յուրաքանչյուր մարզասարք իր առավելություններն ունի և նախատեսված է մարմնի կոնկրետ մասերը մարզելու համար, օրինակ՝ որովայնը, ձեռքերը կամ ոտքերը:
Ամեն օրը մի նոր հնարավորություն համարեք: Լինում են օրեր, երբ մենք չենք հասցնում մարզվել կամ ժամանակի սղության պատճառով մարզվում ենք ընդամենը 10 րոպե: Ամեն օրը մարզվելու մի նոր հնարավորություն է տալիս: Եթե մի օր մարզումները չեն արդարացրել ձեր ակնկալիքները, ապա թույլ մի տվեք, որ դրանք ազդեն մյուս օրերի վրա:

