Ուլտրաձայնային հետազոտությունը այն մեթոդն է, որի միջոցով շատ հաճախ հնարավոր է հայտնաբերել հիվանդությունների մեծամասնությունը։ Ամենակարևորը՝ հայտնաբերել դրանք նախնական փուլում։ Կանխարգելիչ հետազոտությունների անհրաժեշտության մասին ենք զրուցում բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։
–Հաճա՞խ եք Ձեր պրակտիկայում հանդիպում կանանց, որոնք իրենց առողջությանը պատշաճ չեն վերաբերվել ու արդեն իսկ ստիպված եք բարդացած ու ճակատագրական դիագոզների մասին հայտնել։
-Ցավոք, մեր պրակտիկայում միշտ չէ, որ մենք ունենում ենք հնարավորություն ժամանակին ախտորոշելու և անցանկալի բարդ հետևանքներից խուսափելու պացիենտների հետ միասին։ Մեր հասարակության ոչ բոլոր շերտերում է սեփական օրգանիզմի նկատմամբ հարգանքը և ընդգծված ուշադրությունը։ Կան կանայք, որոնք կարող են անտեսել իրենց, իսկ խնդիրներին ուշադրություն չդարձնել, կամ իմանալով անփութորեն վերաբերվել, կամ, որը ավելի հաճախ է պատահում, զգոն չլինելով։ Կարող են ունենալ բժշկի այցի չարդարացված հետաձգումներ և պատկերը լինի բավական ծանր։
–Ի՞նչ ապրումներ եք ունենում սոնոգրաֆիկ պատկերը տեսնելու և այդ մասին պացիենտին հայտնելու ժամանակահատվածում։
-Եթե հղիության ցանկալի լուրերը հայտնելու պարագայում ոչ միայն հաճելի են, այլև հուզիչ ու ցանկալի, այս դեպքում արդեն հիվանդության առկայության, ինչպես նաև հղիության ոչ բարենպաստ ընթացքի վերաբերյալ ընթացքը հայտնաբերելու և պացիենտին փոխանցելու դեպքում հույզերը, ցանկացած տեսակի էմոցիաները պետք է կառավարվեն բժշկի կողմից։ Ինչը ես հաջողությամբ անում եմ և կարողանում եմ ադեկվատ կերպով բացատրել, վստահութոյւն ներշնչելով փորձիս, գիտելիքներիս և նաև էմոցիոնալ հավասարակշրության շնորհիվ կարողանում եմ պացիենտին տալ ճշգրիտ ինֆորմացիա, ճշգրիտ էմոցիոնալ դաշտով։ Իմ հետազոտման կաբինետից պացիենտը դուրս է գալիս հստակ գիտակցումով իր հետագա անելիքի վերաբերյալ, և անպայման հետ վերադառնալու դինամիկ հսկման կարևորագույն պայմանով։ Շատ կարևոր է բացասական լուրը փոխանցելիս հնարավոր քայլերի բացատրումը պացիենտին, վստահեցնելը, փոխադարձ վստահությունը և բուժումից հետո դինամիկ հսկման հրավիրելը։
–Որքանո՞վ եք կարևորում կանխարգելիչ հետազոտությունները։
–Կախնարգելիչ հետազոտություններն իրոք կարևոր են։ Յուրաքանչյուր կին, ելնելով իր առողջական վիճակից, պետք է անցնի հետազոտություններ այն պարբերականությամբ, որը կնշանակի իր բժիշկը։ Սա կարող է լինել նաև սեփական նախաձեռնությամբ՝ նույնիսկ այն դեպքերում, երբ բացարձակապես գանգատներ չկան։ Միայն այսպես է հնարավոր իրապես կանխարգելել այն բոլոր զարգացումները, որոնք կարելի է լիարժեք կառավարել ի սկզբանե։




