Օղաբլիթ (պիշկի)

Այս համեղությունը շատերին մանկություն տարավ հաստատ: Մեր այսօրվա օգնական տիկին Իզաբելլան դրանք անվանում է երեք կոպեկանոց պիշկիներ:

Դե ինչ, արագ սթափվեցինք ու անցանք գործի:

Մեզ հարկավոր է

 

1 լ կաթ

1-2 ձու

0.5 թեյի գդալ աղ

2-3 թեյի գդալ շաքարավազ

3-4 ճաշի գդալ ձեթ

1 դեսերտի գդալ խմորիչ /դրոժ/

Ալյուր

 

Սկսեցինք:

 

Նախ բաժակի մեջ լցնում ենք չոր խմորիչը, ավելացնում ենք 1 ճաշի գդալ շաքարավազն ու 1 ճաշի գդալ ալյուր, վրան լցնում ենք գոլից քիչ տաք կաթը: Լավ խառնում ենք ու թողնում տաք տեղում հասունանալու:

Առանձին մեծ թասի մեջ լցնում ենք կաթը, ձեթը, ձուն, աղն ու ավելացնում արդեն հասունացած խմորիչով զանգվածը, խառնում ենք ու մաղելով ավելացնում ալյուր այնքան, որ ստացվի թեթև, մի փոքր գուցե նաև կպչուն զանգված: Խմորը ծածկում ենք ցելոֆանով, թողնում ենք 1-2 ժամ հանգստանալու և հասունանալու համար: Մի անգամ կրկնակի, եռակի բարձրանալուց հետո խմորը սեղմում ենք, որ դուրս գա ներսում հավաքված ածխաթթու գազը, և թողնում ենք կրկին խմորը բարձրանա:

Երբ խմորը լավ բարձրանա, սեղանին ձեթ ենք քսում, խմորը գրտնակով բացում ենք ոչ շատ բարակ շերտով՝ մոտ 1 սմ հաստությամբ: Այս շերտից կտրում ենք կլոր օղակներ, որոնց մեջտեղում ավելի փոքր որևէ կաղապարով կամ հարմար չափսի բաժակով կտրում ենք, որ շրջանակն անցք ունենա: Այս օղակները դնում ենք ձիթապատ սկուտեղի վրա, որ վերջնական հասունանան ու հանգստանան, որից հետո դրանք երկու կողմից տապակում ենք առատ ձեթի մեջ մինչ գեղեցիկ ոսկեգունելը:

Արդեն պատրաստ օղաբլիթները դուրս ենք բերում ցանկալի է անձեռոցիկի վրա, իսկ սառելուց հետոմատուցում ենք՝ առատ շաքարի փոշիով:

Այսօր էլ woman.am –ը կատարեց իր առաքելությունն ու ներկայացրեց սիրված ու շատ հեշտ բաղադրատոմս: Պատրաստեք հաճախ, ստեղծագործեք նաև խոհանոցում:

Մինչ նոր համեղ հանդիպումներ: