Այս անգամ Անուշ Կոսյանը մեզ առաջարկում է վրացական խոհանոցի զարդ համարվող Փղալիի բաղադրատոմսը:
Հետաքրքիր այս նախուտեստը հաստատ կզարդարի ձեր սեղանը:

Սկզբի համար պատրաստում ենք բաղադրիչները:

Նախ լվանում ենք 2 մեծ կապ սպանախը, լցնում ենք եռման ջրի մեջ ու խաշում մոտ 10 րոպե: Այնուհետև լցնում ենք քամիչի մեջ ու թողնում հովանա: Արդեն սառը կանաչին բլենդերով հարում ենք ու դնում մի կողմ:
Խաշում ենք նաև 1 մեծ բազուկն ու 4 հատ միջին չափսի գազարը, թողնում ենք հովանա, որից հետո անցկացնում ենք քերիչով, ձեռքով սեղմում, որ լավ ջրքամվի ու նույնպես դնում մի կողմ:
Սա նախապատրաստելուց հետո անցնում ենք հաջորդ փուլին:
150 գ ընկույզը մանրացնում ենք բլենդերով։ Հարում ենք նաև 1 գլուխ սոխը, 4 պճեղ սխտորը և մի կապ համեմը: Ավելացնում ենք ընկույզին, համեմում ենք խմելի-սունելիով, աղ ու պղպեղներով, ավելացնում նաև կիտրոնի հյութ ու մի լավ խառնում:
Առաջին հատվածում նախապատրաստված խաշած բանջարեղենից յուրաքանչյուրը լցնում ենք առանձին ամանի մեջ, ընկույզի զանգվածը աչքաչափով բաժանում ենք երեք մասի ու ավելացնում բանջարեղենից յուրաքանչյուրի վրա: Լավ խառնում ենք, փակում ամաններն ու դնում սառնարանը:
Մատուցելիս յուրաքանչյուր ամանի պարունակությունից առանձին գնդիկներ ենք անում՝ ձևավորելով ըստ ճաշակի:
Անուշի ձևավորման տարբերակը տեսեք լուսանկարում, կարծում եմ՝ և գեղեցիկ է, և շատ ախորժելի:

Մնացեք բարյավ, իսկ woman.am-ը կհոգա ձեր խոհանոցի բազմազանության մասին: