Աննա Մելոյանի հետ այսօր պատրաստում ենք այս ախորժալի խմորեղենը: Քաղցրակերներ, միացեք մեզ, սկսում ենք:
Նախ գրանցենք բաղադրիչները:
Մեզ անհրաժեշտ է
Խմորի համար
6 ձու
200 գ շաքարավազ
200 գ ալյուր
50 գ եգիպտացորենի օսլա
90 գ կարամել
90 գ ձեթ
50 գ սառը ջուր
2 թեյի գդալ փխրեցուցիչ
1/3 թեյի գդալ աղ
Վանիլին
1 թեյի գդալ աղացած հիլ
Ալյուր
Կրեմի համար
500 մլ սերուցք
300 գ կարամել
Օշարակի համար
250 մլ ջուր
2 թեյի գդալ լուժվող սուրճ
4 ճաշի գդալ շաքարավազ
Կարամելի համար
120 գ բարձր յուղայնությամբ սերուցք
150 գ շաքարավազ
30 գ կարագ
Խմորի համար նախատեսված ձվի սպիտակուցներն առանձնացնում ենք ու հարում նախ աղով, ապա շաքարավազի հետ միասին: Հարկավոր է հարել այնքան, որ ստացվի պինդ, բեզեյանման զանգված:
Որևէ առանձին ամանի մեջ հարում ենք դեղնուցն ու մնացած բաղադրիչները միասին: Վանիլինը, փխրեցուցիչն ու հիլը ավելացնում ենք ամենավերջում՝ ալյուրի հետ միասին:Ստացված խառնուրդին ավելացնում ենք նախապես հարած սպիտակուցը: Խառնում ենք զգուշորեն՝ վերից վար շարժումներով մինչ ստացվի համասեռ զանգված: Թխում ենք 180 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մոտ 40 րոպե: Կարելի է թխել 24-30 սմ տրամագծով կաղապարով՝ տակն անպայման յուղաթուղթ փռած:
Պատրաստի բիսկվիթը թողնում ենք սառելու ցանցի վրա, իսկ մենք անցնենք կրեմին:
Կրամի համար սերուցքը պետք է հարել այնքան, մինչ պնդանա, որից հետո արդեն կարելի է ավելացնել կարամելը:
Կարամելը պատրաստվում է հետևյալ կերպ:
Որևէ հաստ տակով կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազն ու միջին կրակի վրա թողնում, հենց նկատում ենք, որ շաքարավազի տակի մասը մգացել է ու վերին շերտն է սկսում հալվել, զգուշերոն գդալով կողքերից շաքարը բերում ենք մեջտեղ, որ առանց տակը վառելու ողջ շաքարը հալվի: Նույն ժամանակ կրակի վրա տաքացնում ենք սերուցքը, բայց չենք եռացնում, տաք վիճակում ավելացնում ենք հալված շաքարավազի վրա ու խառնում, որ համասեռ զանգված ստացվի: Դրանից հետո արդեն կարող ենք ավելացնել կարագն ու կրկին խառնել: Շաքարավազը հալեցնելու ընթացքում այն խառնել խորհուրդ չի տրվում, որքան էլ որ զգացվի դրա կարիքը, այստեղ ևս միայն մի փոքր եզրերից ենք օգնում, ոչ ավել:
Այս զանգվածը սառեցնում ենք ու օգտագործում կրեմ պատրաստելու համար:
Մինչ այս ամենը կպատրաստենք, բիսկվիթն արդեն շատ լավ սառել է: Այն բաժանում ենք 3-4 շերտի, շերտերի արանքում քսում ենք կրեմն ու վերջում զարդարում ըստ ցանկության: Աննայի ձևավորման տարբերակը տեսնում եք գլխավոր լուսանկարում:
Համեղ, կարամելային նուրբ համ ու հոտով տորթն արդեն սեղանին է, սուրճ ցանկացողները թող ձեռք բարձրացնեն…
Woman.am-ն արդեն իսկ ունի հարուստ բաղադրատոմսերի տեսականի, կարող եք գտնել մեր նախորդ հանդիպումներն ու հետևել թարմացումներին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ:
Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)



