Ռաֆաէլլո խմորեղենի բազմաթիվ տարբերակներ տեսած կլինեք համացանցում կամ մայրիկների բաղադրատոմսերի տետրերում: Մենք այդ ցանկը կհարստացնենք ևս մեկով:

Այս ռաֆաէլլոն պատրաստվում է շատ արագ ու շատ արդյունավետ: Պատահել է, որ ալյուրն եմ սխալմամբ պակաս լցրել, շատ լավ է ստացվել, մի անգամ մի փոքր ավելի շատ փորձեցի, էլի ընտիր ստացվեց, պատրաստել եմ խմորի մեջ կոկոսի քերուկով և առանց դրա, երկու դեպքում էլ շատ եմ հավանել: Մի խոսքով՝ խելոք խմոր՝ արագ ինչ-որ համեղ բան պատրաստել ցանկացողների համար:

Մեծ թասի մեջ կոտրում ենք 8 ձուն ու լավ հարում այն մեկ բաժակ շաքարավազի հետ, որից հետո ավելացնում ենք մեկ բաժակ ձեթ:  Այս լուսանկարի ռաֆաէլլոն պատրաստել եմ 220 գ ձեթով: Ավելացնում ենք մեկ ճաշի գդալ քացախ, մի փոքր վանիլին, 3 ճաշի գդալ կոկոսի քերուկ: Զանգվածը հարում ենք ու հարիչն անջատում. եկել է  ալյուրն ավելացնելու պահը: Զանգվածի վրա մաղելով ավելացնում ենք 18 ճաշի գդալ ալյուր՝ 1 թեյի գդալ սոդայի հետ խառնած: Իսկ թե ինչու սոդան քացախի հետ չավելացրեցինք և այլ հարցերի պատասխանները կստանաք Իդեալական խմորի գաղտնիքները նյութում, որ գրել եմ հատուկ ձեզ համար, ձնտրեք մեր էջերում:
Զանգվածը խառնում ենք արդեն թիակով կամ ձեռքի զսպանակով, կամ գդալով, ով ինչ հարմար կգտնի, կարևորը՝ հարիչ չօգտագործել:

հա մեկ էլ հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը ցանկության դեպքում կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:

Նախապատրաստում ենք ջեռոցի տապակը: Մեջը յուղաթուղթ ենք դնում ու լցնում խմորի 1/3 մասը: Քիչ կթվա, չվախենաք: Նորմալ է: Թխում ենք յուրաքանչյուր շերտը մոտ 10 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում: Աշխատում ենք, որ շատ չմգանան:
Թողնում ենք սառչեն սրբիչի վրա ու անցնում կրեմին:

Այս ռաֆաէլլոն ես թխում եմ Գայանե Առաքելյանի խորհրդով, նա առաջարկել է պատրաստել 250 գ սենյակային ջերմաստիճանի կարագը մեկ տուփ խտացրած կաթի հետ հարելով: Ասեմ, որ էսպես հրաշալի է ստացվում:
Բայց պետք է կիսվեմ նաև իմ վերջին տարբերակով, որով պատրաստված է հենց լուսանկարի ռաֆաէլլոն:
Պատրաստում եմ իմ եփովի կրեմը, սառեցնում: Առանձին հարում եմ 150-200 գ փափուկ կարագն ու վրան գդալ-գդալ ավելացնում եփած ու արդեն սառած կրեմը: Ես այս կրեմին նաև հալեցված շոկոլադ եմ ավելացնում: Համն էլ ավելի ռաֆաէլլոյական է լինում J

Եփովի կրեմի իմ տարբերակը հետևյալն է.

3 դեղնուցը հարում ենք մեկ բաժակ շաքարավազի հետ, ավելացնում ենք 3 ճաշի գդալ օսլա կամ ալյուր, մի քանի ճաշի գդալ կաթի հետ հարում ենք, որ դեղնուցը լավ տարածվի, հետո այս ամենի վրա բարակ շիթով ավելացնում ենք եռման 500 գ կաթն ու անդադար հարում: Սա մարմանդ կրակին եփում ենք մինչև պնդանա:

Հա, չմոռանամ, եթե հալեցված շոկոլադ եք ավելացնելու, ապա հալեցնելիս անպայման մեջը մի քանի կաթիլ ձեթ ավելացրեք, սա կօգնի, որ շոկոլադն ավելացնելիս կրեմը հանկարծ չկտրվի:

Հիմա բերեմ  իմ ամենամեծ սկուտեղներից մեկը: Սկուտեղը շուռ եմ տալիս, վրան հավաքում խմորեղենը: Էսպես հարմար է, հետո կտրելիս արդեն սկուտեղի եզրերը չեն խանգարի, ու դանակն ազատ կաշխատի:
Շերտերը միացնում ենք առատ կրեմով, կրեմի վրա շաղ ենք տալիս մանրացված գետնանուշ կամ ինչ կուզեք:
Վերջին շերտին ևս կրեմ ենք քսում ու շաղ տալիս կոկոսի քերուկ: Բայց ես այս անգամ այլ տարբերակով եմ զարդարել:

rak.am

Նման տեսք ստանալու համար խմորի եզրերից դուրս ենք բերում բարակ երիզներ, կտրատում ենք դրանք, ստանում փոքրիկ խորանադրներ: Խիտ լցնում ենք դրանք խմորեղենի ողջ կամերեսով: Ես երբեմն այս խմորի խորանարդիկների հետ միասին նաև բեզեի ոչ շատ մանր փշուր եմ ավելացնում: Վրան էլ նախշեր ենք անում հալեցված շոկոլադով կամ խիտ գլազուրով: Ինչո՞ւ խիտ: Որովհետև  մեր խմորային դեկորները բավակն ծակոտկեն են, թույլ գլազուրը դրանք անմիջապես կներքաշեն ու գեղեցիկ չի լինի, թափթփված տեսք կտա:

Մի դիտարկում ևս, այս խմորեղենը նաև շատ հաճելի է, երբ շերտերի արանքում կրեմի վրա ընկույզի ու գետնանուշի փոխարոն կտրատված բեզե է լինում: Ուտելիս փափուկի ու խրխուռի այս համադրությունն էլ ավելի է ընդգծում խմորեղենի նրբությունը:

Ձյունաճերմակ այս խմորեղենը շատ գեղեցիկ է նայվում սեղանին, երբ համադրվում է  հատկապես մուգ խմորեղենի տեսականու հետ:

raffaello

Պատրաստեք և վայելեք, իսկ ես թերթեմ իմ բաղադրատոսմերի տետրն ու պատրաստվեմ մեր հաջորդ հանդիպմանը՝ Woman.am-ի խոհանոցում: Մեր խանորդ հանդիպումները կգտնեք կայքի խոհանոցային էջերում, դրանք ամեն օր հարստացվում են ու թարմացվում: