Պարզագույն ուտեստ` հեշտ ու արագ
Advertisementjobs.am

Երբ չգիտես ինչ պատրաստել, բայց հետաքրքիր ու նոր որևէ բան ես ուզում, նշանակում է’ եկել է իմպրովիզի ժամանակը։

Էդպիսի մի օր բացեցի սառնարանն ու տեսա խաշած տավարի միսը, պանիրն ու հացամանում անուշադրության մատնված լավաշի կտորները։

Վերջ, ուտեստս արդեն պատրաստ է… բայց միայն իմ մտքերում 😉

Սիրուն-սիրուն մտքերս կյանքի կոչելու համար վերցրեցի միսն ու մանր կտրատեցի, ինչպես աղցանի համար կկտրատեի, ավելացրեցի չաման, աղ, պղպեղներ, մի փոքր պանիր քերեցի վրան։

Առանձին ամանի մեջ աչքաչափով իրար խառնեցի թթվասերը, կետչուպն (սեփական արտադրության. այս մասին մանրամասն առաջիկայում) ու մի փոքր մանանեխ (շաատ եմ սիրում), շաատ քիչ ձեթ։

էս համերի հրավառությունն ավելացրեցի մսային զանգվածի վրա։

Այնուհետև լավաշի կտորները կտրատեցի ուղղանկյուն կտորների, վրան ձեթ+թթվասեր խառնուրդ քսեցի, վրան առատ դրեցի մսային խճողակից ու փաթաթեցի։

Լավաշը նեղլիկ կտորների էր բաժանված, ծայրերը բաց մնացին, բայց դա չխանգարեց։
Այս փոքրիկ փաթեթները նկարում պատկերված կարգով դասավորեցի շի քիչ ձեթ քսած հրակայուն ամանի մեջ, երեսին ձվի ու թթվասերի խառնուրդ քսեցի, պանիր քերեցի շատ քիչ, տեղավորեցի ջեռոցում, որը նախապես տաքացրել էի 220 աստիճան։

Հենց երեսը մի փոքր ոսկեգունեց ու պանիրը հալվեց, մի քանի րոպե անց ուտեստը պատրաստ էր…
Ընտանիքս սիրով վայելեց, ես էլ որոշեցի կիսվել ձեզ հետ։

Ասեմ, որ լավաշին ձեթային խառնուրդ եմ քսել, որ ջեռոցից հետո շերտավոր խմորի պես նուրբ ու խրխուռ լիներ, միջուկի մեջ էլ թթվասերն ու ձեթը միջուկը փափուկ պահելու համար են, ի դեպ, այս խառնուրդը կարելի է փոխարինել մայոնեզով, բայց ես խուսափում եմ, ձեզ էլ խորհուրդ չեմ տա օգտագործել ?

Այս համեղ փաթաթուկները վայելել ենք կարտոֆիլի պյուրեի, տնական թթվի ու գազարով աղցանի հետ (պահածո)։
Ի դեպ, պահածոներին անդրադառնալիս խոստանում եմ մանրամասնել նաև դա։

Իմ նշած միջուկը կարելի է փոխարինել ցանկացած այլ մթերքով’ հավի մսից մինչև սունկ, որևէ ֆարշ, տապակսծ ու անհրապույր տեսքով սառնարանում անտեսված կոտլետներ…..

Մնաք բարյավ, սիրեք ու եղեք սիրված ու մի մոռացեք, որ տղամարդու սիրտը տանող ճանապարհն անցնում է ստամոքսով։  Հարթեք այդ ճանապարհն ու եղեք երջանիկ 😉