Պանրով լոշիկներ

Հեշտ, արագ ու կարևորը՝ համեղ: Պատրաստում ենք պանրով այս համեղությունը: Տանեցիները կսիրեն ու հաճախ կպահանջեն, պատրաստ եղեք:

Եթե հետաքրքրեց, համեցեք, գրանցենք բաղադրիչները:

Մեզ հարկավոր է.

1 բաժակ մածուն

2.5 բաժակ մաղած ալյուր

1 թեյի գդալ աղ

1 թեյի գդալ սոդա

Պանիր, կաթնաշոռ՝ միջուկի համար

 

Տեսաք, նաև մատչելի է:

Ուրեմն սկսեցինք:

Մածունը լցնում ենք թասի մեջ: Վրան ավելացնում ենք իրար խառնած ալյուրը, սոդան ու աղը: Խառնում ենք, որ համասեռ զանգված դառնա: Այսքանը: Աշխարհի ամենահեշտ ու արագ խմորն ենք պատրաստել 😉

Խմորը թողնում ենք 10-15 րոպե հանգստանա: Ժամանակը լրանալուն պես ալյուրոտ սեղանի վրա այն երշիկի տեսքի ենք  բերում, կտրատում ենք՝ բաժանելով 5-6 գնդի: Դրանիցից յուրաքանչյուրը գրտնակով բացում ենք ոչ շատ բարակ, մեջտեղում դնում ենք նախապես քերած պանիրը կամ կաթնաշոռը, խմորի եզրերը խինկալիի պես հավաքում ենք մեջտեղում ու ապահով ամրացնում: Այնուհետև շուռ ենք տալիս այնպես, որ կարով հատվածը ներքևում մնա: Նորից գրտնակով այս անգամ արդեն զգուշորեն հարթեցնում ենք ու մի փոքր բացում: Վերջ: Թավան դրեք կրակին: Թխելու ենք երկու կողմից՝ տաք ու չոր թավայում: Խմորը չի կպնի, հանգիստ եղեք:

Պատրաստի խաչապուրիների վրա, քանի դեռ դրանք տաք են, մի կտոր կարագ ենք քսում ու արդեն կարող ենք մատուցել:

Մի դիտարկում անեմ: այս լոշիկները պատրաստելիս միջուկը ծավալով մի փոքր պետք է զիջի խմորին: Միջուկի համար քերած պանրին կամ կաթնաշոռին կարելի է  ավելացնել նաև կանաչ սոխ, համեմ, համեմել ցանկացած ձևով: Շատ համեղ է ստացվում նաև կարտոֆիլե միջուկով: Փորձեք, ստացեք ձեր սեփական տարբերակն ու կիսվեք մեզ հետ:

Ինչպես տեսնում եք՝ ձեր ժամանակի խնայողության համար woman.am-ը ջանք ու եռանդ չի խնայում:

Հետաքրքիր ու հեշտ այլ տարբերակներ մենք շատ ունենք, փնտրեք մեր նախորդ հանդիպումներն ու հետևեք թարմացումներին:

Մինչ նոր համեղ հանդիպումներ 🙂