Սոնիա Թաշչյան

Տատիկների պատրաստած համեղ ու բուրումնավետ հալվայի համը դեռ հիշում ենք, ոմանք տատիկից սովորել են, ոմանք էլ դեռ փնտրում են հենց այն նույն համն ու չեն գտնում 🙂  Սիրելի տատիկիս պատրաստած հալվայի համար այսօր  ես էլ շատ բան կտայի ։(

Հուշերի գիրկն ընկաք: Ուրեմն արթնացեք, մեր սիրելի Սոնիա Թաշչյանը մեզ մեր մանկությունն է վերադարձնում:

Առիթն էլ սուրբ Սարգսի գալիք տոնն է, որի ծիսական կերակուրների հարուստ ցանկում կարևոր տեղ է զբաղեցնում այս անուշեղենը: Իսկ տոնի մասին առավել մանրամասն woman.am-ը ներկայացնում է իր մյուս էջերում, աղի բլիթի մասին էլ չենք մոռացել 😉

Հալվա

Հալվան պատրաստելու համար տիկին Սոնյան առաջարկում է նախ 1 բաժակ ալյուրը բովել մարմանդ կրակով, մինչև այն թեթևակի մգանա: Որից հետո  պետք է ավելացնել 1/3 բաժակ յուղ ու անընդհատ խառնել այնպես, որ ալյուրի գնդիկներ չմնան: Ի դեպ, ըստ տիկին Սոնիայի, յուղը, ցանկության դեպքում, կարելի է փոխարինել նաև կարագով: Այս դեպքում արդեն կարագի սառելուն զուգահեռ կչորանա ու կպնդանա նաև մեր հալվան; Կարագը բարեհաջող ավելացնելուց հետո շաքարավազի հերթն է:

Այ այստեղ հարկավոր է արդեն կրակն անջատել ու նոր միայն ավելացնել  ½  բաժակ շաքարավազը: Զանգվածն ամբողջությամբ մի լավ խառնելուց հետո հարկավոր է տեղափոխել այն որևէ տափակ ամանի մեջ, մակերեսը հարթեցնել, ձևավորել բոված գետնանուշով կամ կաղինով, սա արդեն՝ ով ինչպես կամենա: Ի դեպ, հալվան հարկավոր է կտրել դեռ տաք վիճակում, լուսանկարում կտրվածքի գեղեցիկ տարբերակ է առաջարկում բաղադրատոմսի մեր այսօրվա հեղինակը:

Woman.am –ն  այսուհետ հետևողական է լինելու ազգային կերակրատեսակների ներկայացման հարցում, իսկ տոնական  սեղանները միասին կհարստացնենք մեր ազգային ծիսական կերակրատեսակներով ու անուշեղեններով: Սիրենք մեր խոհանոցը, ազգային խոհանոցը յուրաքանչյուր ազգի պատմության կարևոր մանս է: