Նապոլեոնը բոլորիս կողմից սիրված թխվածք է։ Սակայն ոչ բոլորը գիտեն, թե որտեղից է ծագել այդ անունը։ Կան մի քանի վարկածներ, որոնցից երկուսը ներկայացնում ենք ստորև.

1. Ռուսաստանի տարածքում Նապոլեոն Բոնապարտի նկատմամբ հաղթանակը տեղի ունեցավ 1812 թվականին: Իսկ այս նշանավոր տարեթվի 100-ամյակի պատվին տեղի ունեցան բազմաթիվ տոնակատարություններ, որոնց համար մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներ էին տարվում: Հենց այս տոնական սեղաններին հմուտ խոհարարները ներկայացրեցին նոր խմորեղեն՝ Նապելոենը, որն այնքան նուրբ էր, որ բերանում հալվում էր:

2. Հնարավոր է, որ Նապոլեոն խմորեղենը պատրաստվել է Նեապոլում և կրել է Նապոլիտանո անունը:

Իսկ հիմա՝ պատրաստման եղանակը մայրիկի բաղադրատոմսերից.

Բաղադրիչներ`

խմոր.

ալյուր – 1 կգ,
կարագ – 4 տուփ 200 գ,
ձու – 2 հատ,
աղ – 2 թ. գդ.,
քացախ – 2 ճ. գդ.,
ջուր – մոտ 400 մլ.

կրեմ.

կաթ – 2 բաժակ,
շաքարավազ – 2/3 բաժակ,
ձու – 2 հատ,
ալյուր – 2 ճ. գդ.,
կարագ – 200 գ,
վանիլային շաքարավազ – 1 տուփ,
շաքարի փոշի – 2 ճ. գդ.

Պատրաստման եղանակ՝

Խմորի բաղադրիչները պետք է սառը լինեն: Ալյուրի մի մասը խառնել 800 գ սառած և քերած մարգարինին կամ կարագին: Քերելու ընթացքում կարագի վրա ալյուր ցանել: Երբ ողջ կարագը քերած լինի, ավելացնել մնացած ալյուրը, թեթև շարժումներով խառնել, շատ չտրորել:
Երկու ձուն, երկու թեյի գդալ աղը, երկու ճաշի գդալ քացախը խառնել առանձին  ամանի մեջ: Ավելացնել այնքան ջուր, մինչև չափման ամանի մեջ զանգվածը հասնի 500 մլ սահմանին:
Խառնուրդն աստիճանաբար ավելացնել ալյուրին ու կարագին: Արագ խառնել, որ բաղադրիչները սառը մնան: Խմորը հավաքել, ի մի բերել, բաժանել երեք գնդի: Ամեն գունդ դնել առանձին տոպրակի մեջ և տեղավորել սառնարանի մեջ: Թողնել այնտեղ ամենաքիչը մի քանի ժամ:
Եփել կրեմը: Երկու բաժակ կաթը տաքացնել, ավելացնել 2/3 բաժակ շաքարավազ: Առանձին թասի մեջ խառնել երկու ձուն, ալյուրը, հետո մի քիչ տաք կաթ խառնել:
Խառնուրդն աստիճանաբար ավելացնել կաթսայի  տաք կաթին: Հետո անընդհատ խառնելով թողնել տաքանա, չթողնել, որ եռա: Վերցնել կրակից, խառնելով հովացնել: Խմորը հանել սառնարանից, բացել բարակ 3-4 մմ հաստությամբ: Տապակի եզրերը թրջել խոնավ շորով, որ խմորի եզրերը չկծկվեն:
Գրտնակի վրա դնելով խմորը փռել տապակին, եզրերը սեղմել, դանակով ծակծկել, որ շատ չուռչի:
Ավելորդ եզրերը կտրել: Թխել 200-220 աստիճանում մինչև կարմրի:
Կրեմիի փափկած կարագը հարել, գդալ-գդալ ավելացնել եփած կրեմը և մի քիչ վանիլ:
Խմորի շերտերը կիսել, կստացվի չորս շերտ: Խմորը դնել սեղանին, կրեմ քսել, դնել երկրորդ շերտը, մի քիչ սեղմել: Այդպես դնել բոլոր շերտերը:
Եզրերից ավելացած խմորը թխել, փշրել, մի քիչ շաքարի փոշու հետ խառնել:
Փշրանքը շաղ տալ տորթի վրա, շաքարի փոշի ցանել:

Անուշ լինի 🙂