Երբեմն, երբ պետք է հյուրեր ընդունել, իսկ դուք ժամանակ չունեք դժվար ու երկար պատրաստվող խմորեղենի համար, զինանոցում նման խմորեղեն ունենալը լավագույն լուծումն է: Թող բոլորը զարմանան ու հիանան ձեզնով. ո՞վ կպատկերացնի, որ այս գեղեցկությունն ու համեղությունն այդքան հեշտ եք պատրաստել:

Եկեք միասին պատրաստենք: Գոգնեցները կապեք, մազերը նույնպես կապեք, մեր խոհանոցում աշխատանքը սկսվեց:

Որևէ հարմար թասի մեջ կոտրում ենք սենյակային ջերմաստիճանի 7 ձու, մի փոքր հարում ենք, քիչ-քիչ ավելացնում 2 բաժակ շաքարավազ՝ շարունակելով հարել: Հարիչը չխնայեք, պետք է ստացվի թեթև, փրփրուն զանգված: Հարելուն զուգահեռ հալեցնում ենք 100 գրամ կարագը, ավելացնում ենք ոչ լիքը սուրճի բաժակ ձեթ ու լցնում ենք ձվի և շաքարավազի խառնուրդի վրա: Հալեցված կարագը չպետք է տաք լինի, ավելացրեք բարակ շիթով, եթե գոլ է ու անդադար հարեք: Համասեռ զանգված ենք ստացել արդեն, վերջ, մեղրի ժամանակն է:

mexrov tort

Մեղրը խմորեղենի համար ճիշտ չափելու նպատակով հարկավոր է մի փոքր թուլացնել: Շատ հարմար է, եթե ունեք միկրոալիքային վառարան, հակառակ դեպքում դա կարող եք անել՝ մեղրով ամանը տաք ջրով ամանի մեջ իջեցնելով: Ահա, ավելացրեցինք նաև մեր չարչարված մեղրն ու կրկին հարում ենք:

Հիմա եկավ իմ ամենասիրելի մասը: Սոդան ենք ավելացնում՝ ալյուրի հետ խառնած: Մեզ հարկավոր է մեկ լիքը թեյի գդալ սոդա և 2.5 բաժակ ալյուր:

Կարևոր է իմանալ, եթե խմորի մեջ ավելացրել եք բնական մեղր, ապա քացախի կարիք չկա, եթե մեղրն արհեստական է, կամ օգտագործել եք մուրաբայի հյութ, ապա անհրաժեշտ է մեղրն ավելացնելուց հետո ավելացնել նաև մեկ ճաշի գդալ քացախ:

Բա ասում էիք՝ չե՜նք հասցնի…. Տեսա՞ք, խմորն արդեն պատրաստ է:

Այսքան արագ ու հեշտ պատրաստվող էլի շատ բաղադրատոմսեր ունեմ, որոնք կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:

Տապակի մեջ տեղավորում ենք յուղաթուղթը: Անպայման մի փոքր ձեթ ենք քսում, ոչ շատ, որ խմորը կարողանաք հեշտ քսել, շատ ձեթոտելու դեպքում խմորը դժվարությամբ կքսվի:

Խմորը բաժանում ենք աչքաչափով 3-4 մասի, փորձում ենք հնարավորինս հավասար քսել յուղաթղթին: Էստեղ լավ լուր ունեմ. Էս խմորը շատ խելոք խմոր դուրս եկավ, ոնց էլ քսեք, ջեռոցում մի փոքր էլ ինքն է ինքնուրույն հավասարվում:

Թխեք մինչ պատրաստ լինելը: Թխելու տևողությունից է կախված այս խմորեղենի վերջնական գույնը: Բայց աշխատում ենք շատ չթողնել, որ չչորանա:

Շերտերը ջեռոցից դուրս ենք բերում ու քանի դեռ տաք են, պետք է արագ հեռացնել յուղաթուղթը: Սառելուց հետո դա ավելի դժվար կլինի:

Թխված շերտերը ես սառեցնում եմ կամ սրբիչի, կամ ցանցի վրա դրված:

Շերտերն իրար միացնում ենք կրեմով: Այս խմորեղենի համար պատրաստում եմ հետևյալ կրեմը:
Նախ պատրաստում եմ եփովի կրեմը:

3 դեղնուցը մի փոքր հարում ենք 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացնում 3 ճաշխ գդալ ալյուր կամ օսլա, մի քանի գդալ կաթի հետ միասին խառնում ենք այնպես, որ դեղնուցը համաչափ խառնվի: Այս զանգվածի վրա բարակ շիթով լցնում ենք 500 գ եռման կաթը, որը կրակից նոր ենք վերցրել: Լավ խառնում ենք, դնում կրակին ու եփում մինչ պնդանալը:

Այս զանգվածը թողնում ենք սենյակային ջերմաստիճանի դառնա: Քանի որ երկար է տևում սառչելը, դրա համար սա ես պատրաստում եմ խմորն անելուց առաջ, երբ խմորը պատրաստ է լինում, սա արդեն, սովորաբար, սառած է լինում:
Առանձին հարում ենք 100-150 գ սենյակային ջերմաստիճանի կարագը, մի 5 ր հարում ենք, հետո գդալ-գդալ ավելացնում եփված ու արդեն սառած կրեմը: Ես սիրում եմ այս կրեմին վերջում 1-2 ճաշի գդալ խտացրած կաթ ավելացնել, համն էլ ավելի է նրբացնում, բայց սա ըստ ցանկության:
Վերջին շերտին ևս կրեմ ենք քսում, աշխատում ենք հնարավորինս հարթեցնել, որ հետո ջնարակն արդեն հարթ նստի, ոչ մի տեղ չկուտակվի, քանի որ անհարթ տարածքներում կուտակված գլազուրը կտրելիս կարող է ծորալ, կամ ուղղակի փնթի տեսք տալ:
Իդեալական արդյունք ստանալ մեզնից չի պահանջվում, բայց աշխատում ենք անել ամեն բան կոկիկ ու մաքուր:

tort mexrov

Կրեմը հարթեցնելուց հետո խմորեղենը վերջնական տեսքի ենք բերում կամ ջնարակով, կամ պարզապես խմորի փշրանքներով, ես երբեմն մանրացված թխվածքաբլիթ եմ շաղ տալիս երեսին, կամ էլ կրեմը քսելուց առաջ պետք է խմորի եզրերից ավելորդ հատվածները դուրս բերել ու դրանից ստանալ փշրանք:

Լուսանկարի ջնարակի մասին մանրամասն ներկայացրել եմ ՙՙՓայլուն ջնարակ՚՚ նյութում, փնտրեք այն Woman.am-ի խոհանոցային էջերում:

Մեզ մոտ ուրիշ շատ տարբեր համեղ ու հետաքրքիր բաղադրատոմսեր ևս կան, փնտրեք դրանք ու հետևեք թարմացումներին:

Իմ բաղադրատոմսերը պարբերաբար հրապարակվելու են հենց այստեղ:
Մինչ նոր համեղ հանդիպումներ:

Սիրով ձեր՝ Արուսյակ Հոխիկյան