Հարիսա՝ առանց խառնելու

10279
հարիսա

Էլի հայկական բաղադրատոմս եմ ներկայացնում: Այս անգամ համով-հոտով, տեղը-տեղին հարիսան է՝ առանց խառնելու պատրաստված:

Ժամանակն ու ջանքերը խնայող այս տարբերակը բացահայտելուց հետո արդեն հարիսա պատրաստելը այդքան մեծ իրադարձություն չի թվում. վայելում ենք երբ սիրտներս ուզի. Մայրիկն էլ արդեն ազատ ժամանակ ունի՝ զուգահեռ որևէ այլաշխատանքով զբաղվելու կամ ուղղակի հանգստանալու համար:

Սկսեցինք:

Նախ հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:

Նախ  մաքրում ու խաշում ենք հավի միսը: Ես մեկ կգ ձավարի համար վերցնում եմ միջին չափսի մեկ ամբողջական  հավ: Խաշած հավի միսը ոսկրահան ենք անում, արգանակը՝ քամում:
Մեծ կաթսայի մեջ լցնում ենք մանրակրկիտ մաքրված և նախորդ օրվանից առատ ջրով թրջված,  արդեն որոշ չափով ուռած ձավարն ու միսն իրար խառնած: Հետո լցնում ենք արգանակն ու էլ ՉԵՆՔ ԽԱՌՆՈՒՄ: Սա կարևոր է: Արգանակից հետո ոչ մի դեպքում չխառնեք: Եթե մեկ անգամ խառնեցիք, ստիպված եք լինելու ժամերով կանգնել կողքին ու անդադար խառնել, որ չկպնի: Արգանակից հետո տեսեք, եթե ջուրը չծածկեց ձավարը, ապա ավելացրեք սառը ծորակի ջուր այնքան, որ ծավարից մի քիչ էլ բարձր լինի: Վերջ, միջին կրակն ենք դնում ու փակում կափարիչը: Սա ևս կարևոր է: Հիմա տեսեք, ընթացքում ձեզնից պահանջվելու է միայն պարբերաբար ստուգել, որ ջուրը չպակասի: Դրա համար ժամանակ առ ժամանակ բացում ենք կափարիչը, եթե երեսին ջուր չենք նկատում, մի բաժակ սառը ջուր ենք ավելացնում ու նորից փակում կափարիչով: Այս տարբերակը նաև արագացնում է  ձավարի պատրաստման ընթացքը:

Ես կրակը հնարավորինս ցածր եմ անում, եփում եմ մոտ 5-6 ժամ՝ պարբերաբար ջուրը ստուգելով միայն: Ժամանակը լրանալուն պես կափարիչը բացեք: Կթվա, թե ձավարը ամբողջական է մնացել, բայց դա կարևոր չէ: Հիմա միացնում ենք սովորական ձեռքի հարիչն ու իջեցնում կաթսայի մեջ, հարում ենք ձավարն ու սպասում, որ զանգվածը սպիտակի, շիրան հնարավորինս դուրս տա: Դա մոտ 5-10 ր կարող է տևել: Չզլանաք, լավ կհարեք: Այսպիսով հավի միսը ևս լիովին կմերվի հարիսայի մեջ:
Լավ հարելուց հետո արդեն նորից դնում եքն կաթսան թույլ կրակին ու եփում՝ ընդամենը կես ժամ խառնելով ու վերջ, հեշտ ու արագ հարիսան պատրաստ է, կարելի է վայելել՝ մի կտոր կարագով ու աղով: Աղն ու կարագը ցանկալի է ավելացնել հենց մատուցելուց առաջ՝ ըստ ճաշակի: Ես շատ յուղոտ չեմ սիրում, ավելացնում եմ զուտ սիմվոլիկ չափսի կարագ:

Ասեմ, որ հայաստանյան որոշ բնակավայրերում հարիսան սիրում են ուտել՝ վերջում սոխառած ավելացված:

Որքան էլ ժամանակները փոխվեն, որքան էլ խոհանոցային արվեստը կատարելագործվի, միևնույն է, կան արժեքներ, որոնք հավերժական են:

Հային հայ պահողը հայ լեզուն է ու մշակույթը: Մի մոռացեք երբեք, որ խոհանոցն էլ այդ մշակույթի անբաժան մասն է:

Woman.am-ը սիրով փնտրում է  ձեզ համար հեշտ ու շատ հարմար տարբերակներ՝ սիրելի մարդկանց ամեն օր հյուրասիրելու ու նաև ժամանակ խնայելու համար:

Մեր նախորդ հանդիպումներին ծանոթացեք Woman.am էջերում և հետևեք թարմացումներին: Նոր ու հետաքրքիր շատ տարբերակներ դեռ առջևում են:

Մինչ նոր համեղ հանդիպումներ: