Հավով կոտլետ
Advertisementjobs.am

Համով-հոտով կոտլետները շատ հարմար են ցանկացած՝ թե առօրյա և թե տոնական սեղանի համար, իսկ այն հանգամանքը, որ դրանք կարելի է պահպանել սառցախցիկում ու օգտագործել ցանկացած պահի, էլ դրանք ավելի արժեքավոր է դարձնում 😉

Ալբինա Տատոյանն այսօր մեզ օգնելու է  պատրաստել այս շատ հեշտ, արագ պատրաստվող ու շատ համեղ կոտլետները:

Գնացինք:

Մեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.

1 կգ հավի կրծքամիս

3 միջին չափսի գլուխ սոխ

Կես հաց

Ջուր կամ կաթ՝ հացը թրջելու համար

կանաչի

Ձու՝ թաթախելու համար

պաքսիմատ

Միջուկ՝  ըստ ճաշակի

 

Նախ ոսկորներից ազատում ենք հավի միսը: Ի դեպ, ցանկության դեպքում կարող եք օգտագործել նաև հավի ազդրամիսը, որի յուղայնությունն էլ ավելի բարձր է: Ոսկորներից ազատված մսի վրա կտրատում ենք սոխը, նախապես ջրով կամ կաթով թրջված հացը: Այս զանգվածը երկու անգամ աղում ենք մսաղացով:

Ստացված զանգվածը համեմում ենք աղով, կարմիր պղպեղով և մանր կտրատված կանաչիով: Այս տարբերակում Ալբինան օգտագործել է չորացված կանաչիներ:

Ստացվում է ոչ շատ պինդ և ոչ էլ շատ թույլ զանգված, որից կարելի է գնդիկներ պատրաստել, ու դրանք ձևը չեն կորցնի: Զանգվածը 1-2 ժամով դնում ենք սառնարանը, որ հանգստանա:
Սիրում եմ էս պահը, բայց դե չեմ հասցնում հանգստանալ, պետք է միջուկը պատրաստել: Ալբինան առաջարկում է միջուկն ընտրել ըստ ճաշակի:

Կարելի է դնել ուղղակի ճկույթի չափ կտրված սառը կարագի կտոր կամ տապակած սունկ, երբեմն հանդիպել եմ նաև մսային ֆարշով լցոնված տարբերակի. ասեմ, որ շատ յուրահատուկ համեղ է ստացվում երկու տեսակի մսի նման համադրութունը:

Հանգստացած ֆարշից ձևավորում ենք ոչ շատ մեծ գնդիկներ, դրանք մի փոքր տափակեցնում ենք, մեջը դնում մեր միջուկն ու եզրերը միացնում: Շարում ենք որևէ սինու վրա:

Պատրաստի կոտլետի ձև ստացած ֆարշը ես սովորաբար դնում եմ մի ժամով սառնարանը կամ սառցախցիկը, որպեսզի ամրանան ու ձվի մեջ թաթախելուց շատ չտանջվեմ: Սա փոքրիկ մեջբերում իմ խոհանոցից:

Ձևավորված կոտլետները թաթախում ենք նախ հարած ձվի, հետո պաքսիմատի մեջ, շարում ենք սինու վրա ու տեղավորում սառցարանում: Հետո դուրս են ք բերում, երբ ամրացած լինեն, ու նորից կրկնում ենք ձվի մեջ թաթախելու ու պքասիմատապատելու գործողությունը: Եկրկակի շերտի շնորհիվ կոտլետները եփվելիս ավելի հյութեղ կլինեն ներսում:

Անհրաժեշտ է նշել, որ սառցարանից դուրս բերված սնունդը ցանկալի չէ թողնել, որպեսզի հալվի, նոր միայն օգտագործել: Պետք է շոկային մշակում անել, այսինքն շատ սառը սառցարանից դուրս բերել ու այս կոտլետների դեպքում, օրինակ, անմիջապե գցել դրանք եռացող ձեթի մեջ:
Միշտ հիշեք, որ սառցարանից հետո հետ եկող միսը շատ լավ միջավայր է բակտերիաների համար, դրանք մեծ արագությամբ սկսում են բազմանալ դրանում:

Հենց դա է պատճառը, որ մշտապես խորհուրդ է տրվում սառեցված կիսապատրաստուկները (կիսաֆաբրիկատ բառի իմ տարբերակն է, բառարաններում չփնտրեք 😉 ) սառցարանից դուրս բերել միայն օգտագործելու պահին, ոչ շուտ: Խոսքը նաև սառեցված բանջարեղենին ու կանաչիներին է վերաբերում: Կանաչին, սառեցված պղպեղն ու լոլիկը դուրս բերեք ու անմիջապես ավելացրեք եռացող ճաշին:

Ահա, այսքանը:

Շնորհակալութուն Ալբինային այս համեղ կոտլետների համար, առիթից օգտվեցինք ու մի քիչ էլ սառեցված մթերքի մասին զրուցեցինք: Հուսամ պետք կգա:

Woman.am-ի խոհանոցային էջերում շատ կան համեղ ու շատ հեշտ բաղադրատոմսեր, փնտրեք մեր էջերում և հետևեք թարմացումներին:

 

Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)