կնոջ պայուսակ
Advertisementjobs.am

Ցանկացած կնոջ կերպարի կարևորագույն մասը պայուսակն է, դա գիտեն բոլորը:

Դարեր շարունակ պայուսակի պարունակությունը փոխվել է, փոխվել են պայուսակի տեսակներն, ու զուտ անհրաժեշտությունից այն վերածվել է հոգեբանորեն կնոջ ես-ի հետ անքակտելիորեն կապված կարևորագույն իրի:

Դեռ դարեր առաջ կանայք կրել են փոքրիկ, երբեմն զգեստի գործվածքից ու ժանյակներից պատրաստված պայուսակներ և քսակներ: Պայուսակում խիստ անհրաժեշտ պարագաներից մշտապես եղել է թաշկինակը՝ հիմնականում տիրուհու անվանատառերով: Թաշկինակին կարևոր նշանակություն է տրվել, այն հաճախ եղել է ասեղնագործ, ոսկեթել և կարված ամենանուրբ ու թանկարժեք մետաքսի տեսակներից: Այն իբրև թե պատահաբար ցած գցելով՝ կանայք և աղջիկները կարողանում էին գրավել ցանկացած տղամարդու ուշադրությունը: Այս ժեստի մասին գիտեին բոլորն, ու ակնարկը խիստ թափանցիկ էր: Այսօր, սակայն, թաշկինակի կիրառությունը զուտ ֆունկցիոնալ նշանակություն ունի: Ավելին, ավելի ու ավելի շատ կանայք են ժանյակազարդ թաշկինակների փոխարեն նախապատվությունը տալիս մեկանգամյա տարատեսակ անձեռոցիկներին:

Ժամանակակից կնոջ պայուսակի պարունակությունը կտրականապես տարբերվում է տասնամյակներ առաջ կանանց նախընտրած իրերից: Այսօր կանայք նախընտորւմ են պայուսակում ունենալ ինչպես հեռախոս, այնպես էլ ականջակալներ, էլեկտրոնային նոթատետրեր: Հեռախոսն էլ հաճախ փոխարինում է յուրաքանչյուր կնոջ պայուսակում կարևոր տեղ ունեցող հայելուն, որն, ըստ հոգեբանների, կանանց ինքնավստահություն հաղորդող առաջին կարևոր իրն է:

Սակայն, որքան էլ փոխվեն ժամանակները, կանայք միևնույն է, շարունակում են պայուսակում կրել սիրելի շրթներկը՝ ցանկացած պահի դիմահարդարումը կարգի բերելու և թարմացնելու համար: Նույն այս նպատակով կարևոր տեղ ունեն դիմափոշին, մազի լաքն ու սանրը: Եղունգների լաքը ևս հաճախ կհայտնաբերեք կնոջ պայուսակում: Սա արդե խիստ հոգեբանական է. Եղունգի լաքը տանից դուրս գալուց հետո գրեթե երբեք չի օգտագործվում իր նշանակությամբ, սակայն դրա առկայությունը վստայություն է հաղորդում, որ այդքան կարևոր խնամված եղունգներ ունենալը երբեք վտանգի տակ չի հայտնվի: Կանայք նաև լավ գիտեն եղունգների լաքի տարատեսակ ոչ իր ուղիղ նշանակությամբ կիրառման մասին: Ինչ խոսք, մեզ համար անհնարին ոչինչ չկա:

Օծանելիք արտադրողները, հաշվի առնելով ամեն բան ձեռքի տակ ունենալու կանանց մղումը, օրեցօր ավելի նուրբ ու փոքրիկ սրվակներով են առաջարկում օծանելիքը, որը շպարի փոքրիկ պայուսակում անգամ կարող է աննկատ մնալ:

Էլ ինչ պայուսակ առանց գեղեցիկ դրամապատանակի: Հետևողական ու կազմակերպված կանայք սովորաբար նախընտրում են պայուսակի գույնին ու նյութին համապատասխան դրամապնակներ: Իսկ պայուսակի գույնից ու որակից տարբերվող դրամապանակ նախընտրողները սովորաբար խիստ զբաղված ու մասնագիտական առաջընթացին կարևորություն տվող կանայք են:

Պայուսակում դրամապանակի բացակայությունը խոսում է դրա դիրուհու անկազմակերպ, անհեռտևողական բնավորության մասին: Այստեղ պայուսակում առկա գբազմաթիվ գրպանները ևս արդարացում չեն:

Ապացուցված է, որ հաճախ պայուսակը փոխող կանայք խնդիրներ ունեն իրենց ես-ի ընկալման հարցում: Այս կերպ նրանք ենթագիտակցորեն փորձում են ճանաչել իրենց էությունը: Ինքանաճանաչման հարցում, ըստ հոգեբանների, պայուսակը բավական կարևոր դեր ունի: Նման խառնվածքի կանայք հաճախ են փոխում իրենց կարծիքը այս կամ այն երևույթի նկատմամբ, ավելի շատ են հակված դեպրեսիաների:

Իսկ այ սեփական ես-ի հարցում խնդիրներ չունեցող, հավասարակշռված կանայք նախընտրած պայուսակն ընկալում են որպես ՛՛գողտրիկ անկյուն՛՛, որտեղ պատրաստ են ՛՛բնակվելու՛՛, մինչ այն կմաշվի կամ դուրս կգա նորաձևությունից:

Կազմակերպված, տրամաբանությամբ օժտված կանայք հիմնականում կրում են գրքի չափսից քիչ ավելի մեծ կամ փոքր պայուսակներ: Նրա մոտ ամեն բան դասավորված է իր դարակներում՝ ինչպես տանը, այնպես էլ կյանքում:

 

Միջին չափսի պայուսակ նախընտրող կանայք էլ, ամենայն հավանականությամբ, կայացած անձնական կյանք ունեն, կամ եթե միայնակ են, ապա համակերպված են իրենց կարգավիճակի հետ: Նրանք ավելի հանգիստ են ու կենտրոնացած ավելի շատ մասնագիտական ձեռքբերումների վրա: Նման պայուսակում հանգիստ կարելի է  տեղավորել նոթբուք, դրամապանակ ու որոշ խիստ անձնական պարագաներ: Այս պայուսակներում դիմահարդարման պարագաների առատություն դժվար թե նկատեք:

Ամերիկացի հոգեբան Վիլհելմ Ռեյհն ասել է, որ կանանց համար պայուսակը նաև որոշակի պաշտպանական գործառույթ ունի: Դրանք մարդուն տալիս են պաշտպանվածության ու ինքնավստահության հնարավորություն: Պայուսակով կինն ավելի հանգիստ է: Հետաքրքիր է, որ պայուսակ կրող կանանց քայլվածքն անգամ փոխվում է ու դառնում ավելի վստայ ու հաղթական: Հենց այս տրամաբանությամբ էլ պարզվում է, որ մեծ չափսի պայուսակները խոսում են սթրեսային վիճակում գտնվող, վախերով ու նախապաշարմունքներով ապրող կանանց մասին: Նման պայուսակն ու դրանում առկա տարատեսակ իրերը նման հոգեբանական վիճակում կնոջը պաշտպանվածության զգացում են հաղորդում:

Երբևէ նկատե՞լ եք, որ անհարմար ու անելանելի վիճակում գտնվելիս կանայք ներխուժում են պայուսակի մեջ ու իբր ինչ-որ իր փնտրում այնտեղ: Հոգեբանների կարծիքով սա կնոջը ենթագիտակցորեն հանգստություն է հաղորդում: ՛՛Պայուսակում՛՛ կանայք պաշտպանված են արտաքին աշխարհից ու մարդկանիցից:

Նման կարևոր գործառույթները հաշվի առնելքով՝ հասկանալի է, թե ինչու է պայուսակը կնոջ անհատականության կարևոր մասը համարվում: Ավելին, Զիգմունդ ֆրեյդն իր աշխատություններում նշել է, որ կանայք պայուսակն ընկալում են որպես ինտիմ գոտի: Հենց այս հոգեբանական կարևոր ընկալումն է, որ ստիպում է կանանց հավանած տղամարդկանց մոտ ցուցադրել իրենց պայուսակը: Իսկ ահա տհաճ միջավայրում, ոչ հաճելի տղամարդկանց ընկերակցությամբ կանայք կարծես պաշտպանվում են՝ դիմացինի աչքից հեռու պահելով իրենց պայուսակը, փակելով այն կամ ձեռքերով կամ  հնարավորության դեպքում դնելով չերևացող որևէ տեղում: Հենց սա է պատճառը, որ տղամարդիկ սովորաբար խուսափում են անծանոթ կանանց պայուսակի ընկերակցությունից: Կարճ ասած՝ որքան մոտ է ձեզ  կնոջ պայուսակը, այնքան մոտ եք դուք նրան հոգեբանորեն:

Ահա թե որքան կարևոր դեր ու նշանակություն ունի կանանց կյանքում առաջին հայացքից միայն իրեր կրելու համար նախատեսված այս աքսեսուարը:

Այսպիսով, նորովի, նոր լույսի ներքո բացահայտեցինք այդքան առեղծվածային գեղեցիկ սեռին, սակայն ինչ էլ ասեն հոգեբաններն ու որքան էլ խիստ գնահատականներ տան, անհատական մոտեցումն ու սեփական ոճն են, որ կերտում են իսկական կնոջը:

Կարծիքներ՝

Please enter your comment!
Please enter your name here