Կաթնաշոռով թխվածքաբլիթ

Երբ փոքրիկներ կան տանը, որոնց ցանկանում եք ուրախացնել որևէ համեղ անուշեղենով, բայց ժամանակ չունեք,  առաջարկում եմ պատրաստել այս խվածքաբլիթները. փոքրիկներին կգոհացնեք, և ժամանակ կշահեք այլ գորժերի համար:

Եվ այսպես, անցանք մեր գործին:

Խմորը պատրաստելու համար  անհրաժեշտ է

3 ձու

1 տուփ՝ 180-200 գ, կաթնաշոռ

1 բաժակ շաքարավազ

2-3 ճ գդալ թթվասեր կամ գոլացված մածուն

1 ոչ լիքը սուրճի բաժակ բուսայուղ

1 թեյի գդալ սոդա

Վանիլին

Ալյուր

Չմոռանամ նշել, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group հասցեում:

Մեծ, հարմար թասի մեջ կոտրում ենք ձուն, հարում ենք շաքարավազի հետ, երկար հարելու կարիք չկա, միայն մի փոքր փրփրուն զանգված ստացվի, բավական է: Առանձին ամանի մեջ իրար հետ լավ խառնում ենք կաթնաշոռն ու թթվասերը կամ մածունը, ավելացնում ենք խմորի թասի մեջ, խառնում ենք: Անհարթ զանգված կթվա, ոչինչ: Շարունակում ենք ու ավելացնում բուսայուղը, խառնում ենք ու մաղելով ավելացնում ալյուրը՝ սոդայի ու վանիլինի հետ միասին: Ալյուրի զանգվածը հստակ չեմ նշել, քանի որ կախված բաղադրիչների հստակ քանակից, այն կարող է  տատանվել, ուստի առաջարկում եմ հետևել իմ օրինակին ու ստանալ ուղղակի ոչ շատ պինդ, կպչուն խմոր, որից ձեռքերի մեջ ալյուրի օգնությաքմբ հնարավոր է գնդիկներ ստանալ: Այո, խմորը  մի փոքր կկպնի ձեռքերին, ոչինչ, ձեռքերն ալյուրատելով ստանում ենք փոքրիկ գնդեր, որոնք դնում ենք ձեթոտ տապակի վրա ու ձեռքերով հարթեցնում մի փոքր կամ նախշեր անում, ինչպես ես եմ արել: Թխվածքաբլիթները թխվում են նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցում մինչ թույլ վարդագունեն:

Այս խմորի մեջ քացախ չի օգտագործվում, քանի որ բաղադրիչների ցանկում կա կաթնաշոռ ու այլ կաթնամթերք՝ թթվասեր կամ մածուն, որոնք թթվային միջավայրը կապահովեն ու կօգնեն սոդային լիարժեք աշխատել:

Չենք մոռանում, որ եթե ճաքեր չենք ուզում, ապա սոդայով պինդ խմորները պետք է թխելուց առաջ ոչ շատ երկար թողնել հանգստանալու:  Որքան պինդ է սոդայով խմորը, այնքան երկար հանգստանալու կարիք կզգա այն: Շատ երկար թողնելու դեպքում, սակայն, խմորը ջեռոցում լավ չի բարձրանա ուղղակի ու չոր կլինի: Ես թողել եմ տապակի վրա հանգստանան մոտ 7-8 րոպե:

Ջեռոցից դուրս բերելուց հետո կարող եք շաքարի փոշի ցանել կամ մատուցել առանց դրա:

Ուրախացրեք սիրելիներին համեղ թխվածքաբլիթներով, իմպրովիզների դիմեք: Ասեմ, որ այս տարբերակը պատրաստում եմ նաև կիտրոնի քերուկով՝ խմորի մեջ. հետաքրքիր ու յուրահատուկ համ է ստացվում:

Woman.am-ը մշտապես փնտրում է ձեզ համար հեշտ ու շատ հարմար տարբերակներ, որպեսզի ձեր սեղանից երբեք չպակասի ախորժելի անուշեղենը:

 

Մինչ նոր համեղ հանդիպումներ: