Ներկայացնենք մի քանի ուղի, որոնք, հուսով ենք, կօգնեն ավելացնել Ձեր խնայողությունները։

Ազատվե՛ք անիմաստ ամսավճարներից

Ամսական ծախսերի էական մասը կարող է գոյանալ այնպիսի ամսավճարներից, ինչպիսիք են մարզասրահի, լողավազանի, բջջային հեռախոսի, բջջային ինտերնետի և այլ ամսավճարները։ Եթե տարվա մեծ մասը, իրականում, դուք քիչ եք օգվում այս ծառայություններից, ամսական փաթեթը մեկանգամյա վճարներով փոխարինելը կարող է խելամիտ տարբերակ հանդիսանալ։

Խուսափեք իմպուլսիվ գնումներից

Այդ շորիկը, իսկապես, շատ գեղեցիկ է, բայց քանի՞ անգամ եք հագնելու։ Եթե պատասխանը վիճելի է շորիկի դեպքում, ապա մտածե՛ք, արդյո՞ք Ձեզ պետք է ևս մեկ ժամացույց, վզնոց, կամ բիժուտերիայի առարկա։ Գնե՛ք եթե գտնում եք, որ այն անհրաժեշտ է, սակայն փորձե՛ք խուսափել իմպուլսիվ գնումներից, որոնք կատարելն այնքան դյուրին է, բայց ապրանքից հետագայում ազատվելն այնքա՜ն բարդ։

Մի սկսե՛ք ծխել, թարգե՛ք ծխելը

Եթե Դուք ծխում եք, ապա, հավանաբար, գիտեք, որ դա և՛ թանկ է, և՛ վնասակար։ Հավանաբար, արդեն գիտակցում եք, որ թարգելու ժամանակն է, պարզապես, թողնում եք «վաղվան»։ Փորձե՛ք անել դա այսօր։

Եթե չեք ծխում, ապա մի էլ փորձեք։ Համոզված եղե՛ք, որ առողջ թոքերով և տարեկան հինգ հարյուրից մինչև մի քանի հազար խնայված դոլարով ձեր կյանքը առավել բազմերանգ կլինի։

Հաշվի առե՛ք նաև այն ծախսերը, որոնք ժամանակի ընթացքում ստիպված կլինեք կրել ծխելու հետևանքով առաջացած առողջական խնդիրները ուղղել (անհաջող) փորձերի համար:

 Պատրատե՛ք

Հանրային սնունդը մեր օրերում, իհարկե, գայթակղում է իր բազմազանությամբ, տեսքով և համով, բայց այն նաև էական ծախսային հոդված կարող է հանդիսանալ Ձեզ համար։ Գուցե Ձեր աշխատավարձը բավարարի ամեն օր դրսում սնվելու համար, բայց եթե գումարեք ծախսերը, ամսվա վերջում կստացվի մի կլորիկ գումար։

Խնայողությունը մի կողմ՝ հանրային սնունդը երբեք չի համեմատվի տանը սիրով պատրաստված ճաշատեսակների հետ։ Տատիկի, մայրիկի, հայրիկի, կնոջ կամ ամուսնու պատրաստած սթեյքի հետ ոչ մի խոհարար չի կարող մրցել։

Իսկ սեփական ձեռքերով պատրաստած կոտլետը, ասում են, Ինստագրամում ավելի լավ է նայվում։

Գնե՛ք առօրյա սպառման առարկաները մեծ չափաքանակով

Լվացքի փոշի, աման լվանալու հեղուկ, օճառ, անձեռոցիկ և այլն գնե՛ք մեծ չափաքանակով՝ մանրամեծածախ խանութներից։ Նախ՝ դուք կարող եք էականորեն խնայել գումարային առումով, և ապա՝ ստիպված չեք լինի ամսական մի քանի անգամ ժամանակ ծախսել այդ նյութերը գնելու համար։

Այցելե՛ք գրադարաններ

Մի՛ դիտարկեք գրադարանը միայն որպես գիրք վերցնելու վայր։ Գրադարանում կարելի է կենտրոնանալ և աշխատել (չվճարելով coworking-ի համար), օգտվել wifi-ից և ինչու չէ՝ կարդալ։

Գրադարան այցելությունը նաև որոշակիորեն կբավարարի ձեր՝ «մի տեղ գնալու» ցանկությունը, որն այլապես կարող էր ավարտվել սրճարանով, «մինուս» 5000 դրամով և որոշ դեպքերում անհեռանկարային շփումներով:

Շատ ջուր օգտագործեք

Այո՛, ջուրը կօգնի ձեզ խնայել ոչ միայն այլ ըմպելիքներ չգնելու միջոցով, այլև կօգնի խուսափել ավելորդ կալորիաներ կուտակելուց, ինչն իր հերթին նշանակում է ավելի քիչ վազք առավոտյան, ավելի բարեկազմ մարմին, ավելի քիչ ծախսված ժամանակ գեղեցկությունը վերականգնելու համար։

Դե ի՞նչ, հոդվածը համոզի՞չ էր։ Եթե ոչ, ապա փորձե՛ք հաշվել, թե ամսական որքան գումար կարող է խնայվել նշված հնարքները կիրառելու դեպքում։ Եթե դեռ համոզիչ չէ, ապա հետևե՛ք թարմացումներին և մենք անպայման կներկայացնենք գումար խնայելու նոր հնարքներ։  

Եթե հավանեցիք, ապա կիսվե՛ք ընկերների հետ։