Երբ սեղանին նման համեղություն է դրված, ակամայից հյուրեր կանչելու ու սուրճի սեղանի շուրջ հավաքվելու ցանկություն է առաջանում: Դե ինչ հրավիրեք, շուտով կվայելենք միասին:
Հավաքվեք բոլորդ մեր խոհանոցում, իրիս ենք թխելու: Շատ հեշտ, արագ ու շատ համեղ այս խմորեղենը ես էլ ավելի եմ պարզեցրել ու հեշտացրել:
Կմանրամասնեմ, մինչ այդ գրանցեք բաղադրիչները:

Մեզ հարկավոր է՝

Խմորի համար՝ 5 խոշոր ձու 1 լիքը բաժակ շաքարավազ 2-3 ճաշի գդալ մեղր 150 գ կարագ /ես կեսը ձեթ եմ լցնում, կամ կարագի փորխարեն 1.5 սուրճի բաժակ ձեթ միայն/ 1 թեյի գդալ սոդա 4 ճ գդալ կաակո 2-2.5 բաժակ ալյուր
Կրեմի համար՝ 150 գ կարագ 1 տուփ եփած խտացրած կաթ
քանի դեռ չենք սկսել, ասեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել այստեղ՝ Arusyak Hokhikyan’s group-ում:
rak.am
Սկսեցինք: Ձուն շաքարավազի հետ լավ հարում ենք մինչ թեթև, սպիտակ ու լավ փրփրուն զանգված դառնա: Այնուհետև ավելացնում ենք թուլացված մեղրը, կամ եթե մուրաբայի օշարակ եք օգտագործում, 3-4 ճաշի գդալ խիտ օշարակ: Լավ հարում ենք կրկին ու ավելացնում հալեցված, բայց արդեն գոլացած կարագը:
Ի դեպ, այս անգամ միայն ձեթով եմ պատրաստել ու շատ գոհ եմ: Ասեմ, որ, ինչպես միշտ, կակաոն ավելացրել եմ ձեթի հետ միասին խառնված. այդպես կակաոյի շոկոլադային համն ու գույնն էլ ավելի արտահայտիչ են դառնում:
Եթե կարագով եք պատրաստում, կրկին կարող եք այս անգամ էլ լցնել կարագի մեջ, խառնել ու կարագի հետ միասին ավելացնել խմորի մեջ: Սա նույնպես լավ արդյունք է տալիս. Էականորեն ավելի լավ, քան ալյուրի հետ ավելացնելու դեպքում:
Սոդան խառնում ենք ալյուրի առաջին բաժակի հետ, մաղելով ավելացնում ենք խմորին: Ես բոլոր տեսակի խմորների դեպքում ալյուրն ավելացնում եմ հենց այդ պահին մաղելով՝ անկախ նրանից՝ մաղված է այն նախապես, թե ոչ:
Այդ պահին այն էլ բարձրությունից թասի մեջ մաղելով ալուրը հարստացնում ենք թթվածնով, դա լավ արդյունքի երաշխիքն է: Խմորը աչքաչափով բաժանում ենք երկու մասի:
Յուրաքանչյուր մասը թխում ենք յուղաթղթով տապակում 180-200 աստիճան տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը: Թխում ենք երկու շերտերն էլ, թողնում լավ սառեն, անցնում ենք կրեմին: Կրեմը ևս ավելի քան պարզ է: Սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարում ենք:
Մի փոքր դժվար է հարել նման փոքր քանակությամբ կարագը, բայց ինչ արած… Այնուհետև գդալ-գդալ լցնում ենք նույնպես սենյակային ջերմաստիճանի խտացրած կաթը: Եթե կարագն ու մյուս բաղադրիչները նույն ջերմաստիճանի լինեն, կրեմի կտրվելու հավանականությունը պակասում է մի քանի անգամ:
Վերջում կարելի է ավելացնել մի ճաշի գդալ կոնյակ: Ես հաճախ ավելացնում եմ նաև կամ մի քանի ճաշի գդալ հատուկ կրեմի համար պատրաստված գլազուր, կամ, որ ավելի հեշտ է, ձեթով բացված կակաո: Շոկոլադային համը շատ է սազում այս կրեմին:
Պատրաստի կրեմի կեսը քսում ենք շերտերի արանքում, կրեմի վրա կարելի է մանրեցված ընկույզ շաղ տալ նաև: Վերջին շերտին ևս քսում ենք կրեմ ու ձևավորում ինչպես ցանկանանք:
Ես հաճախ ձևավորում եմ հենց խմորի փշուրներով, կամ ուղղակի մանրեցված ընկույզով, քերած շոկոլադով:
Այս անգամ ջնարակապատել եմ: Ի դեպ, ջնարակի մասին մանրամասն կկարդաք իմ ՛՛Փայլուն ջնարակ՛՛ նյութում: Կայքի փնտրման տողում գրեք:
Ահա այսքանը, հեշտ, արագ ու շատ համեղ:
iris
Մի քանի դիտարկում:Ինչն եմ ես պարզեցրել… Նախ կարագի փոխարեն ավելացրել եմ ձեթ, այսինքն հալեցնել և այլն, նման բաներից ազատել եմ ինձ, այս անգամ պատրաստել եմ առանց կրեմի, մի շերտով: Թխելուց հետո վերին շերտը թրջել եմ խիտ օշարակով, նկարում կնկատեք վերին մուգ հատվածը: Թթի մուրաբայի խիտ օշարակն եմ քսել, դրել եմ սառնարանը, որից հետո արդեն հանգիստ ջնարակապատել եմ, հակառակ դեպքում ջնարակի ողջ խոնավությունը կներծծվեր խմորեղենի մեջ, ու այն այլևս փայլուն չէր լինի: Այսքանը:
Փնտրեք մեր բոլոր համեղ զրույցները Woman.am—ի էջերում, ինչպես նաև հետևեք թարմացումներին:
Ընտանեկան խաղաղ երեկոներին հաստատ ձեր սեղանը կզարդարեն համեղ ու շատ հեշտ ուտեստները: Լավ առիթ է ընտանիքով հավաքվելու ու անցած օրը քննարկելո համար: Մնացեք սիրով: