Իսկական Ժենգյալով հաց

271
Ժենգյալով հաց

Տիկին Գոհար ՄՆացականյանը, չնայած, որ երկար տարիներ է, ինչ հայրենիքից ու մասնավորապես Արցախից հեռու է, բայց չի դավաճանում իր հայրենիքի ավանդույթներին: Արցախի գաթա, ժենգյալով հաց, խաշիլի տեսակներ… Հայկական հարուստ ավանդույթներն աշխարհով մեկ տարածելու կարևոր գործն իր գլխավոր առաքելությունը համարող այս աշխատասեր տիկինն  այսօր մեզ օգնելու է պատրաստել իսկական արցախյան ժենգյալով  հաց:

Դրա համար մեզ նախ հարկավոր է հարմար թասի մեջ լցնել 1-2 բաժակ գոլ ջուր, ավելացնել աղ ու մաղել այնքան ալյուր, որ ստացվի պինդ, բայց և էլաստիկ խմոր: Նման խմոր ստանալու համար հարկավոր է այն մի փոքր երկար ու ինտենսիվ հունցել: Խմորին էլաստիկություն հաղորդելու համար, ըստ տիկին Գոհարի, երբեմն նաև ջրի հետ ձեթ են խառնում, սա օգնում է, որ խմորը հեշտ ու ավելի լավ գրտնակվի: Մի քանի ճաշի գդալ ձեթը լիովին բավարար կլինի այս քանակությամբ խմորի համար:
Ինչևէ, խմորը պատրաստեցինք, թողնում ենք մի քիչ հանգստանա՝ անձեռոցիկով կամ սրբիչով ծածկած:

Այնուհետև խմորը բաժանում ենք ձվից քիչ մեծ գնդերի, կամ ինչ չափսի որ կկամենաք: Հենց այս պահին էլ ժամանակն է պատրաստելու նախապես լվացված ու չորացված կանաչիները:

Էլ ինչ ժենգյալով հաց առանց թարմ ու անուշաբույր ժենգյալի:
Ժենգյալ կոչվում են բոլոր այն կանաչիները, որոնք վայրի են աճում: Դրանք ժենգյալով հացի միջուկն են կազմելու:
Ծանոթացեք.

1.Ճռճռոկ

2.Կընձմընձուկ

3.Տտըպաշար

4.Տոպ-վայրի կակաչ

5.Պռավու պորտ

6.Կիռնանգուճ

7.Պենջար

8.Թրթընջուկ

9.Սպանաղ

10.Սամեթ-սամիթ

11.Կինձ

12.Կանանչ սոխ-կանաչ սոխ

13.Չոր սոխ

14.Նյանա-նանա

15.Թալ-թելուկ

Կանաչիները մանր կտրատում ենք, լցնում հարմար ամանի մեջ: Որևէ առանձին ամանի մեջ կանաչեղենից մի հատված առանձնացնում ենք, աղ ու ձեթ ենք ավելացնում: Այս համեմված կանաչիներն օգտագործելու ենք, հետո նորից մի որոշ քանակություն կհամեմենք: Քիչ –քիչ ենք համեմում, քանի որ ամբողջը համեմելու դեպքում կանչիներն արագ կսկսեն հյութ արձակել, ու մինչ առաջինները պատրաստ լինեն, մնացած կանաչին ամնողջությամբ կթացանա:

Խմորի գնդերից յուրաքանչյուրը ալյուր ցանած սեղանի վրա բացում ենք լավաշի պես, մեջտեղում առատորեն դնում ենք կանաչիների միջուկն ու խմորը փակում՝ եզրերը միացնելով իրար մեջտեղում:

Ժենգյալով հացը թխում են չոր թավայով՝ կրակի վրա, թխվում է ամեն կողմից մի քանի րոպե, ոչ ավել՝ մինչ խմորի վրա բնորոշ շագանակագույն հետքերը հայտնվեն:

Այսքանը: Մեր սիրելի ժենգյալով հացը պատրաստվում է շատ հեշտ ու արագ, դժվարը կանաչիչները հավաքելն է միայն, որ լինեն ճիշտ, տեղը տեղին ու ճիշտ համային համադրությամբ փոխանցեն Արցախ աշխարհին բնորոշ համն ու հոտը:

Տիկին Գոհարի հետ էլի ենք հանդիպելու՝ պատրաստելու համար իսկական Արցախի գաթա և համեղ այլ կարկանդակներ:

Այլ հետաքրքիր բաղադրատոմսեր փնտրեք Woman.am-ի խոհանոցային էջերում և հետևեք թարմացումներին: