Թրենդային տորթ

Նորաձևությունը գոյություն ունի նաև հրուշակագործության մեջ՝ թրենդային տորթեր, թրենդային ձևավորում, թրենդային ոճ ու մատուցման թրենդային ձև: Մենք էլ հետ չենք մնում թրենդներից: Այսօր շատ լավ խորհրդատու ունենք: Նարինե Գյուրջօղլյանը լավ տեղյակ է վերջին տենդենցներից ու առաջարկում է  իր տարբերակը՝ պատրաստելու համար խիստ մոդայիկ դարձած տառ տորթը: Նայեք լուսանկարին:

Իսկ թե ինչպես ստանալ այս գեղեցկությունը, կիմանաք մեր խոհանոցում:

Բոլորդ խոհանոցո՞ւմ եք, ուրեմն սկսեցինք 😉

Նախ 360 գ ալյուրը, 4 թեյի գդալ փխրեցուցիչն ու կես թեյի գդալ աղը խառնում ենք  իրար, մաղելով լցնում ամանի մեջ: Սա մեզ հետո պետք կգա: Վերցնում ենք մեկ այլ աման, լցնում ենք 150 գ փափուկ կարագ, 60 գ ձեթ, 200 գ շաքարավազ: Խառնում ենք իրար ու սկսում հարել: Հեղինակը նշում է, որ 45 վայրկյանը լրիվ բավարար է հարելու համար:

Այս ամենը հարելուց հետո գալիս է ձուն ավելացնելու հերթը: 4 միջին չափսի ձուն հատիկ-հատիկ կոտրում ենք ամանի մեջ ու ամեն մեկից հետո լավ հարում զանգվածը, որից հետո արդեն ավելացնում ենք 160 գ մածունն ու 80 մլ կաթը: Այստեղ նորից գործի ենք դնում հարիչը, լավ համասեռ զանգված ենք ստանում: Հարիչն անջատում ենք, դնում մի կողմ: Արդեն գիտենք, որ ալյուրն ավելացնելիս հարիչ օգտագործել առհասարակ խորհուրդ չի տրվում, եթե, իհարկե, չեք օգտագործում հատուկ կոմբայններ, որոնք ունեն նաև ալյուրը հարելու հատուկ ռեժիմներ:

Ինչևէ,սովորական հարիչը մեզ արդեն հարկավոր չէ: Ավելացնում ենք հենց ամենասկզբում արդեն մաղած ու մի կողմ դրված չոր բաղադրիչները ու խառնում՝ մինչև ստացվի համասեռ խմոր: Վերջ, կարևոր պահն ավարտվեց, բայց դեռ շատ գործ ունենք անելու:  Խմորը բաժանում ենք երկու հավասար մասերի, յուրաքանչյուրը թխում ենք մոտ 10 ր՝ նախապես 180 աստիճանով տաքացած ջեռոցում:

Այս տորթի համար կրեմը պատրաստում ենք հետևյալ կերպ:

Նախ պատրաստում ենք եփովի կրեմը (2դեղնուց, 5 ճ գդ շաքարավազ ,300մլ կաթ , 1 ճ գդ օսլա, 1 ճ գդ ալյուր), սառելուց հետո մի լավ հարում ենք, որ հարթ, առանց գնդիկների լինի: Առանձին ամանի մեջ հարում ենք 400 մլ սերուցքը մինչև պնդանա, որից հետո այն գդալ-գդալ զգուշորեն ավելացնում ենք եփովի կրեմի վրա ու զգուշորեն խառնում:

Կրեմն էլ արդեն ունենք :

Շերտերը վաղուց արդեն սառել են: Ձևավոևելու ժամանակն է:

տորթ

Այստեղ արդեն աշխատում է երևակայությունը: Եթե ցանկանում եք ստանալ Նարինեի պատրաստածին նման տորթ, ապա որևէ ստվարաթղթի կամ թղթի վրա մատիտով գրում եք ձեզ անհրաժեշտ տառերը, կտրում եք, դնում այն խմորեղենի շերտերի վրա ու նույն կերպ թղթի չափսերով կտրում խմորեղենը: Ահա, տառի կամ թվի տեսքով խմորեղենի շերտերը նույնպես պատրաստ են: Դրանցից մեկը հարմար տեղավորում ենք մեծ մատուցարանի վրա, ողջ մակերեսով կրեմ ենք քսում, կամ, ինչպես Նարինեի  լուսանկարում է, ձևավորման տոպրակով փոքրիկ բուրգեր ենք անում իրար մոտիկ: Սա ավարտելուց հետո արդեն երկրորդ շերտն ենք դնում վրան ու զարդարում արդեն ըստ ցանկության՝ թարմ միրգ-հատապտուղներով կամ ինչպես կցանկանաք:
Տեսնում եք, իսկ դուք ասում էիք՝ թրենդ, թրենդ… Միայն մի քիչ աշխատասիրություն ու վառ երևակայություն, ուրիշ ոչինչ:

Woman.am-ը մշտապես հետևում է նորույթներին ու սիրով պատրաստ է կիսվել ձեզ հետ: Հետաքրքիր տարբերակներ մեր էջերում շատ կան:  Հետևեք նաև թարմացումներին: