Ուղղակի համեղ ու թեթև բիսկվիթ պատրաստելու համար ամեն տնային տնտեսուհի իր տարբերակն ունի: Այսօր, սակայն, առաջարկում եմ բազմազանություն մտցնել ձեր բաղադրատոմսերի տետրում ու փորձել նոր բաղադրատոմսով:

Սյուզի Սաֆարյանն առաջարկում է  այս համեղ ու հեշտ տարբերակը, որի համար մեզ անհրաժեշտ է.

4 ձու

1 թեյի բաժակ շաքարավազ

0.5 թեյի գդալ փխրեցուցիչ

4 ճաշի գդալ բուսայուղ

4 ճաշի գդալ գոլ ջուր

1 ճաշի գդալ կակաո՝ ըստ ցանկության

1.5 բաժակ ալյուր

 

Մինչ գործին անցնելը հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:

 

Հարմար թասի մեջ նախ լավ հարում ենք ձուն և շաքարավազն այնքան, մինչև թանձր ու լավ սպիտակ զանգված ստացվի: Այնուհետև ավելացնում ենք բուսայուղն ու ջուրը, խառնում ենք զգուշերոն, որ հարած ձվի մեջ առաջացած ծակոտիները չկորցնենք, ավելացնում ենք նաև իրար խառնած կակաոն, փխրեցուցիչն ու ալյուրը, կրկին զգուշերոն խառնում ենք վերից վար շարժումներով:  Այս խմորեղենը պատրաստում ենք հարիչով մինչ ալյուրն ավելացնելու պահը: Ալյուրից հետո արդեն միայն ձեռքով:

Բիսկվիթը թխում ենք 180-200 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը: Յուղաթղթի մասին ևս չենք մոռանում: Նման բիսկվիթները կպնելու հակում ունեն, ապահովագրվելն ավելորդ չի լինի:

Խմորի պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկով:

Ահա և վերջ, անգամ չզգացինք, թե ինչպես ավարտեցինք մեր աշխատանքը:

 

Ցանկության դեպքում բիսկվիթը կարելի է  ձևավորել կամ շաքարի փոշիով կամ որևէ ջնարակով:

Woman.am-ի խոհանոցում կարող եք գտնել ջնարակի իմ տարբերակը՝ կայքի փնտրման տողում ՛՛փայլուն ջնարակ՛՛ գրելով:

Մինչ նոր համեղ հանդիպումներ:

Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան