Արցախի գաթա

Կրկին հյուրընկալել ենք տիկին Գոհար Հովհաննիսյան Մնացականյանին՝ Արցախի հերոս Քարին տակ գյուղի ծնունդ այս աշխատասեր տիկնոջը, ում հետ միասին գաթա ենք  պատրաստելու:

Մեզ հարկավոր է`

Խմորի համար`

600 մլ տաք կաթ

1 բաժակ շաքարավազ

Կես թեյի գդալ աղ

50 գ խմորիչ

3 ձու

100 գ կարագ

ալյուր

Խորիզի համար`

2 բաժակ շաքարավազ

2 լա ճաշի գդալ հալած յուղ

3 բաժակ ալյուր

վանիլին

Մեծ թաս ենք վերցնում ու սկսում աշխատանքը: Տաք կաթ ենք լցնում, որն, ըստ մեր օգնականի, պարտադիր չէ, որ նախապես եռացված լինի, որի վրան ավելացնում ենք շաքարավազը, խմորիչը, աղը, ձուն, լավ խառնում ենք, ավելացնում մի բաժակ մաղած ալյուր, նորից խառնում ենք ու թողնում տաք տեղ, որ բարձրանա:

Լավ բարձրանալուց հետո այս զանգվածի մեջ ավելացնում ենք փափուկ կարագը, խառնում ենք: Այս պահին կարագը համասեռ չի դառնա խմորի մեջ, ոչինչ, հետո կկարգավորվի, երբ սկսենք ալյուրով հունցել: Հա, կարագից հետո էլի ալյուր ենք մաղում ու հունցում: Ալյուրն այնքան պետք է լինի, որ ստացվի փափուկ, թեթև խմոր:
Պատրաստի խմորը ծածկում ենք ու դնում որևէ տաք տեղ: Պետք է բարձրանա ու վրահունց անենք, որպեսզի ածխաթթու գազը խմորի մեջից դուրս գա և հարստանա թթվածնով: Երկու անգամ վրահունց անելուց հետո արդեն խմորը պատրաստ է օգտագործման: Խմորի հասունացման ժամանակը կախված է նրանից, թե որքան տաք կլինի տեղը:

Խմորի հանգստանալու ժամանակ մտքներովդ չանցնի հանգստանալ. դեռ խորիզ չունենք:

Նախ հարկավոր է բլենդերով լավ մանրացնել շաքարավազը, ավելացնել յուղը, խառնել, հետո ավելացնել մաղած ալյուրն ու լավ ձեռքերով տրորել: Վերջում ավելացնել մի փոքր վանիլին:

Եթե բլենդեր չեք ուզում օգտագործել, ապա կարող եք սրճաղացով շաքարավազը մանրացնել, որ մի փոքր մանրանա, ոչ շաքարի փոշու աստիճանի, հետո լցնել ամանի մեջ,  ավելացնել յուղը, լավ խառնել ու ավելացնել ալյուրը:

Այ հիմա նստեք, հանգստացեք: Մեր խմորի ուղեգրի ժամկետը դեռ չի ավարտվել:

Պատրաստի, լավ հասունացած ու երկու անգամ վրահունց եղած խմորը բաժանում ենք երեք մասի: Տիկին Գոհարն առաջարկում է խմորի վրա այս պահին ձեթ քսել, որպեսզի մինչ առաջինները թխվեն, մնացածները չչորանան:

Գունդը բացում ենք ոչ շատ մեծ չափսով, մեջտեղում դնում ենք խորիզի 1/3 մասը, այնուհետև խմորի եզրերը մեջտեղում հավաքում ենք խինկալիի խմորի պես ու ամրացնում: Մի փոքր ձեռքերով տափակեցնում ենք ու շուռ տալիս մեր ջեռոցի յուղաթղթով տապակի մեջ՝ կարի մասով դեպի ներքև: Ձեռքերով զգուշորեն ներսի խորիզը տարածելով դեպի եզրերը բացում ենք խմորը ոչ շատ բարակ ու թողնում ենք, որ մի փոքր էլ այստեղ հասունանա: Աշխատեք, որ խմորի մեջ օդ չմնա, հակառակ դեպքում ջեռոցում տաքանալով՝ այն կընդարձակվի ու կառանձնացնի խմորը խորիզից: Մի փոքր էլ այստեղ հանգստացած  խմորի վրա քսում ենք դեղնուց+ մի քանի կաթիլ ջուր+մի քանի պտղունց շաքարավազ խառնուրդը, նախշեր ենք անում, ծակծկում ենք պատառաքաղով և թխում մոտ 200 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մինչ երեսը լավ կարմրի:

Ահա և վերջ: Նույն այս տարբերակով թխում ենք երեք գնդերն էլ:

Պատրաստեք և վայելեք Արցախ աշխարհի համն ու բույրը: Ինչպես մեր այսօրվա օգտական տիկին Գոհարն է ասում՝ ՛՛Ղարաբաղցե ԱՅԱՆ ծեր կլխավը շոոո՜ռ տա՛՛:

Woman.am-ի խոհանոցային էջերում Արցախի առանձնահատուկ խոհանոցի բույրն է տարածվել: Տիկին Գոհարը մեզ նաև կաթնաշոռով կարկանդակ է խոստացել:

Շուտով դա էլ կպատրաստենք: Սպասեք նոր հանդիպումների՝ Woman.am-ի խոհանոցում: