Թթվեղենի նկատմամբ անտարբեր չե՞ք.. Հետաքրքիր շատ տեսակներ կան, որոնցից ամենաարագն այսօր կներկայացնեմ ձեզ: Ասեմ, որ բացի գեղեցիկ լինելուց, նաև շատ համեղ է ստացվում…
Գրանցեք բաղադրիչները:
Մեզ հարկավոր է
1 կգ կաղամբ
1 մեծ գազար
1 մեծ կարմիր պղպեղ
10-15 հատիկով պղպեղ
0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ
Մարինադի համար
0.5 լ ջուր
5 ճաշի գդալ էսենցիա
5 ճաշի գդալ շաքարավազ
1 լիքը ճաշի գդալ աղ
0.5 սուրճի բաժակ ձեթ
Անցանք գործի:
Մինչ այդ նշեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերին ու գրառումներին կարող եք ծանոթանալ Arusyak Hokhikyan’s group-ում:
Կրակին դնում ենք փոքրի կաթսան, եռացնում ենք ջուրը, մեջը լցնում ենք մարինադի համար բոլոր բաղադրիչները բացի էսենցայից: Հենց զանգվածը կրկին եռա, ավելացնում ենք նաև էսենցիան, խառնում ենք ու անջատում կրակը: Խառնուրդը թողնում ենք հովանա:
Այս ընթացքում նախապատրաստում ենք բանջարեղենը:
Մեծ թասի մեջ լցնում ենք բարակ կտրատված կաղամբը: Ասեմ, որ անհրաժեշտ է վերցնել պինդ գլխով կաղամբի տեսակներից: Բարակ ու երկարությամբ կտրատում ենք նաև պղպեղը: Միջին չափսի քերիչով քերում ենք գազարը: Ավելացնում ենք հատիկավոր ու կարմիր աղացած պղպեղները: Բանջարեղենային այս խառնուրդը լցնում ենք բանկաների մեջ: Աշխատեք լցնել հնարավորինս խիտ, բայց շատ չսեղմեք, որ կաղամբի ջուրը ժամանակից շուտ դուրս չգա:
Բանջարեղենով բանկաների մեջ լցնում ենք արդեն հովացած մարինադը, բանկաները փակում ենք կապրոնե կափարիչներով ու դնում սառնարանը:
Համեղ ու անուշաբույր թթված կաղամբը հաջորդ օրն արդեն կարող եք վայելել:
Woman.am-ը հետաքրքիր կաղամբի թթվի այլ տարբերակներ ևս ունի, գտեք մեր նախորդ հանդիպումներն ու ծանոթացեք նորույթներին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ:



