Քաղցրասերներ, դեպի խոհանոց, ժամանակ չենք կորցնում: Նաիրա Գևորգյանն է ժամանել: Միասին ԻՍԿԱԿԱՆ Լակմկա (Лакомка ) ենք պատրաստելու, այո, հենց այն նույն, բոլորիս կողմից սիրված համովիկը:

Բաղադրատոմսն ինձնից, իրականացրել է Նաիրան:

Նախ գրանցեք՝ ինչ է հարկավոր

Խմորի համար`

250 գ գոլ կաթ

100 գ ձու, 2 հատ

1 պտղունց աղ

3 լիքը ճաշի գդալ կակաո

100 գ փափուկ կարագ

1/3 թեյի գդալ փխրեցուցիչ

500 գ ալյուր

Կրեմի համար

400 գ կարագ

500 գ պաստեղ (եփովի կրեմ)

1 տուփ խտացրած կաթ

300 գ հարած սերուցք

Սկսեցինք:

Մինչ այդ տեղեկացնեմ, որ իմ մյուս բոլոր բաղադրատոմսերին կարող եք ծանոթանալ Arusyak Hokhikyan’s group հասցեով:

Ձուն հարում ենք մինչ թույլ փրփրի: Ավելացնում ենք գոլ կաթը, աղը, 100 գ փափուկ կարագը, բայց ոչ հալված, լավ հարում ենք հարիչով: Կարագը թե հավասար չտարածվի, հոգ չէ, խմորի պնդանալուն զուգահեռ հանգիստ կլուծվի:

250 գրամանոց բաժակով երեք բաժակ ալյուր ենք լցնում՝ փխրեցուցիչի հետ միասին խառնված: Զանգվածը ձեռքով հունցում ենք, թեթև, գրտնակվող խմորն ենք ստանում:

Բաժանում ենք 7 գնդի, հերթով տապակի չափսով գրտնակում ենք ալյուրոտ մակերեսի վրա, այնուհետև գրտնակին փաթաթած տեղափոխում ենք ու թխում տապակի հակառակ կողմի վրա: Շերտը թխելուց առաջ պետք է լավ ծակծկել, որ ավելորդ սար ու ձորեր չառաջանան: Ինչքան էլ սար ու ձոր սիրող ազգ ենք, այս դեպքում հայրենասիրությունը ցուցադրելու ժամանակը չէ))))

Տապակին յուղաթուղթ չենք գցում, միայն ալյուրոտում ենք ու վերջ: Թխում ենք 180-200 աստիճան նախապես տաքացված ջեռոցում մինչ պատրաստ լինելը: Շուտ են թխվում, ուշադիր եղեք:

Շերտերը թխվել են, պատրաստ սպասում են մեզ: Իսկ մենք զբաղվում ենք կրեմով:

Նախապատրաստում ենք եփովի կրեմը, որը ցանկալի է պատրաստել խմորը պատրաստելուց առաջ, որպեսզի այս պահին արդեն սենյակային ջերմաստիճանի հասած լինի:

Եփովի կրեմը պատրաստում ենք  2 դեղնուց, 1 բաժակ շաքարավազ, 2 լիքը ճաշի գդալ եգիպտացորենի օսլա, վանիլին և 400-450 գ կաթ տարբերակով: Բաղադրիչները, բացի կաթից, խառնում ենք իրար, վրան ավելացնում եռման կաթն ու անդադար հարում, որից հետո եփում ենք մինչ զանգվածը խտանա, թույլ շիլա հիշեցնի: Մի անհանգստացեք, օսլայով կրեմները սառելուց հետո ավելի են պնդանում, քան ալյուրով կրեմները:

Առանձին ամանի մեջ հարում ենք 400 գ սենյականյին ջերմաստիճանի կարագը: Հարում ենք ամենաքիչը 4-5 րոպե: Այնուհետև ավելացնում ենք մեր եփովի կրեմը՝ գդալ-գդալ ու շարունակում ենք հարել հարիչի միջին արագությամբ, ոչ շատ արագ, որ կրեմը չկտրվի: Եփովի կրեմից հետո քիչ-քիչ ավելացնում ենք խտացրած կաթն ու նույնպես միջին արագությամբ հարում: Ամենավերջում երեք անգամով զգուշորեն ավելացնում ենք նախապես հարած 300 գ արդեն պնդացած սերուցքն ու շարունակում խառնել արդեն ձեռքով՝ կամ թիակով,  զդպանակով, դա պետք է անել այնպես, որ սերուցքի մեջ արդեն առաջացած ծակոտիները չվնասվեն, կրեմը չկորցնի թեթևությունը:

Երբ ունենք արդեն նաև կրեմը, սկասում ենք հավաքել խմորեղենը:

Շերտերն իրար ենք միացնում կրեմով, որը քսում ենք ոչ շատ հաստ: Հաշվի առեք, որ այս շերտերը շատ բարակ են ու ի վիճակի չեն շատ կրեմ ներքաշելու: Չնայած, որ սրճարանենորւմ վայելելիս զգացած կլինեք, որ այս խմորեղենը կտրելիս միշտ շերտերն առանձնանում են. կրեմի առատությունից է, այսինքն, սա որոշ առանձնահատկություն է, որ բնորոշ է հենց այս խմորեղենին: Շատ թե քիչ քսել, որոշեք ինքներդ:

Ահա և վերջ: Ասեմ, որ բաղադրատոմսն ինձ փոխանցել են առանց երեսի ձևավորման առանձնահատկությունները նշելու, ուստի ես և Նաիրան որոշել ենք ձևավերել երեսին նեյտրալ գել քսելով, վրայից էլ խմորի փշուրներով ձևավերոլով: Այս հատվածն արդեն, ինչպես միշտ, թողնում եմ ձեր երևակայությանն ու նախասիրություններին:

lakomka

Կապ չունի, թե ինչպիսի տեսք ունի սրճարանում ձեր վայելած խմորեղենը, կարևորը որ տան պայմաններում ստանում ենք նույն համը, իսկ ձևավորման մասը թող լինի ձեր անհատական ձեռագիրը:

Խմորեղենը պահեք սառնարանում, մի քանի ժամ անց կարող եք վայելել  լիարժեք նրբություն ստացած այս համեղիկը:
Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ:

Նոր բաղադրատոմսեր փնտրելիս մի մոռացեք ու այցելեք Woman.am, փնտրեք մեր խոհանոցային էջերում ու հետևեք թարմացումներին:

Բաղադրատոմսի և տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան
Պատրաստեց՝ Նաիրա Գևորգյանը