Հայկական մաշկաբանության զարգացման տեսլականը

Զրույց «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» զարգացման գծով փոխտնօրեն, մաշկաբան Սահակ Հակոբյանի հետ։

-Բժիշկ Հակոբյան, ներկայացնելով մաշկաբանության ազգային կենտրոնը, ի՞նչ հիմնական հատկություններ կնշեք, որով և կուզեիք, որ հանրությունն ու պացիենտերն առանձնացնեին այն։

-Ընդհանուր առմամբ, սա մի հիմնարկ է, որտեղ հնարավոր է իրականացնել՝ հետազոտել, ախտորոշել բուժել, վերականգնել այն ամենը, իինչը կապված է մաշկի հիվանդությունների հետ։

Այն վայրն է, որտեղ մաշկային խնդիրներ ունեցող պացիենտը, մտելով, պիտի ստանա ծառայությունների ողջ սպեկտրը՝ դա և՛ լաբորատոր-գործիքային հետազոտություններն են, և՛ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններն են, ցերեկային և գիշերային ստացիոնար ծառայությունները, որտեղ բուժում են ստանում համեմատաբար ծանր մաշկախտներով պացիենտները։

Կենտրոնը կոորդինատոր է ամբողջ Հայաստանում մաշկային կաբինետների համար, իրականացվում են մասնագիտական ուղղորդումներ, հսկողություն։ Այստեղ կերտվում են մաշկաբաններ, Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան է այստեղ, ինչպես նաև բազա է հանդիսանում պետական, նաև ոչ պետական բուհերի ուսանողների համար։

Այստեղ ապահովվում է շարունակական մասնագիտական կրթություն, վերաորակավորումներ են ստանում, նոր բան սովորում․․․

Այս կենտրոնը մաշկաբանության «լոկոմոտիվն»՝ Հայաստանում և Արցախում։

-Ի՞նչ ջանքեր են գործադրվում Կենտրոնի զարգացման և ժամանակակից բժշկության միջազգային ստանդարտներին համաքայլ գնալու ուղղությամբ։

-Ժամանակակից մեթոդների ներդրման գործընթացը շարունակական է։ Խոսելով ;աբորատոր քննությունների մասին՝ պետք է նշել, որ մենք իրականացնում ենք մաշկային և հարմաշկային հիվանդությունների հետազոտությունների վերաբերյալ ամբողջ շրջանակը։

Մեր զարգացման տեսլականի կարևորագույն կետն է այն, որ շարունակում ենք ներդնել ժամանակակից ու որակյալ բուժական մեթոդներ ևս՝ սկսած UVB թերապիայից մինչև մաշկաբանությունում էկզիմեր լազերի կիրառություն։ Մեթոդաբանական և տեխնոլոգիական թարմացումները ենթադրում է նաև շենքային պայմանների արդիականացում։ Զգալի մասշտաբի վերանորոգման աշխատանքներ ենք իրականացրել հատկապես վերջին երկու տարվա ընթացքում։ Այս գործընթացը դեռևս շարունակվում է։ Բժշկի համար նպատակ ունենք ստեղծել այն պայմանները, որոնք հնարավորություն կտան հանգիստ աշխատել մարդու կյանքի որակը բարելավելու ուղղությամբ, իսկ բուժառուն կլինիկա կմտնի հանգիստ, վստահ ու ապահով։ Մեր շենքային և մասնագիտական զարգացումը պետք է համապատասխանի ամբողջ աշխարհի գործընթացներին։ Եվ մենք այդ ուղղությամբ ջանք չենք խնայում։

-Այդ զարգացումը հավանաբար վերաբերում է նաև բժշկագիտական մասնագիտական առաջընթացին։
-Գիտական տեսանկյունից մեր զարգացման ուղղությունը դեպի համաշխարհային միտումներն են։ Միևնույն ժամանակ մեր կենտրոնում գործող երկու խոշոր ասոցիացիաները՝ «Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան» և«Պրոֆեսոր Քալամքարյանի անվան մաշկաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան»։ Հենց նրանց կողմից է մշակվում այն պրոտոկոլները, որոնցով առաջնորդվում ենք՝ սկսած պացիենտի ընդունումից, վարումից, բուժման ու վերահսկողության ընթացքից։

Leave a Comment