Մաշկ․ հատուկ ուշադրության ներքո

Ընդունված է համարել, որ մաշկն օրգանիզմի հայելին է՝ այն դրսևորում է մեր օրգանիզմի ներսում՝ տարբեր օրգան-համակարգերում տեղի ունեցող խանգարումները, հիվանդությունները, ինչպես նաև՝ ախտահարվում է հենց ինքը՝ «ամենամեծ օրգանը»։ Մաշկաբանությունը բժշկության մի ուղղություն է, որն աննախադեպ աճ է արձանագրում։ Թե՛ էսթետիկ, թե՛ դասական բշկության ոլորտներում։ Գիտատեխնիկական առաջընթացը նոր հնարավորություններ է բերում հիվանդությունների ախտորոշումը ճիշտ կազմակերպելիս, իսկ դեղորայքի ու միջոցների կատարելագործումները երբեմնի դժվար հիվանդությունների հաղթահարման, կամ գոնե տևական ռեմիսիայի հույս են։

Ինչպիսի՞ն է մաշկաբանությունը Հայաստանում։ Որո՞նք են այս ոլորտի կարևորագույն ձեռքբերումներն ու այն արժեհամակարգը, որով առաջնորդվում են Հայաստանի դասական մաշկաբանության կենտրոնում․ զրուցում ենք ՀՀ առողջապահության նախարարության Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

-Բժիշկ Հովհաննիսյան, Ձեր դիտարկմամբ, ո՞րն է մաշկաբանության ազգային կենտրոնի դերն ու նշանակությունը՝ որպես կառույց ու համակարգ, մեր երկրի առողջապահության ու նաև մաշկաբանության ոլորտում։

-Առաջինը․ ընդհանուր առմամբ, թերապևտիկ մասնագիտությունները շատ եկամտաբեր չեն, հետևաբար  պետական մաշկաբանության ազգային կենտրոնն ունի մի շատ կարևոր ֆունկցիա՝ ապահովել հանրության համար այն անհրաժեշտ կոմպոնենտը, որը կարող է եկամտաբեր չլինել։ Սա շատ կարևոր բան է, որովհետև ոչ մի մասնավոր կառույց իր վրա այս պատասխանատվությունը չի վերցնելու։

Երկրորդ․ մաշկաբանության ազգային կենտրոնն այն միակ կենտրոնն է, որտեղ կարող է կրթություն ստանալ մաշկաբանը։ Սա անպատկերացնելի մի բան է․ սա ոչ թե ձևավորվել է հենց նոր՝ 5 րոպեում, պարզապես որոշել ենք այստեղ մաշկաբանների կրթել։ Այլ սա պատմություն է, որը սկիզբ է առնում դեռևս 1969 թվականից։ Իմ կարծիքով, եթե փորձենք հետ նայել, 1969 թվականին այնքան էլ լավ չէր ստացվում, 1975-ին էլ, 1980-ին էլ դեռ անելիքներ կային, 80-ականների կեսերից արդեն սկսվեց առաջընթացը, 2000-ականներից, իհարկե, պրոցեսներն ավելի արդյունավետ էին։ Ընդհանուր առմամբ այս պատմությունը, մի շարունակական գործընթաց է, որը այսօր տալիս է իր պտուղները։ Որպես ԵՊԲՀ դասախոս՝ ես հասկանում եմ, որ այս գիտական ավանդույթների ներդրումը, զարգացումն ու շարունակությունը հարստություն է։ Իհարկե, կարող ենք այսօր էլ որևէ պայմանական տեղ վերցնել ու իրականացնել այդ կրթական կոմպոնենտը, բայց արդյունքները տասնամյակներ հետո ենք ունենալու։

Արդյունքում, Մաշկաբանության ազգային կենտրոնն այսօր մի կառույց է, որտեղյուրաքանչյուր մաշկաբան կարող է գալ ամենաբարդ դեպքերում՝ մասնագիտական ամբողջական աջակցության ակնկալիքով։ Ինչու՞ են գալիս։ Որովհետև բոլորն էլ գիտեն, որ մենք չենք քննարկի կամ քննադատի՝ կասկածի տակ դնելով իր գիտելիքներն ու կոմպետենտությունը՝ ասելով «դու ոչինչ չես հասկանում»։ Փոխարենը գիտեն, որ կասենք՝ «ես այսպես կանեի․․․», «կա այսպիսի հետազոտություն․․․» կամ «եկեք մի քանի մասնագետով հավաքվենք ու լուծենք խնդիրը»։

Մաշկաբանության ազգային կենտրոնը մի վայր է, որտեղ մեթոդական ահռելի աշխատանք է իրականացվում հանրային նշանակություն ունեցող խնդիրների, ինչպես օրինակ՝ առաջինը՝ սեռավարակներն են։ Հասարակությունը սեռավարակ ունեցող մարդկանց նկատմամբ բացասական վերաբերմունք ունի, բայց չէ՞ որ նրանք մարդիկ են, որ ունեն ճիշտ մոտեցում և ադեկվատ բուժում ստանալու իրավունք։ Մեր խնդիրն է այնպես անել, որ մարդն ապաքինվի, և ոչ թե պարբերաբար գա բուժման և գումար ծախսի։ Կարևոր է այնպես բուժել, և այնպիսի աշխատանք իրականացնել, որ պացիենտը սեռավարակի խնդիր ապագայում ևս չունենա։

Պետք է նշեմ նաև, որ մաշկաբանության ազգային կենտրոնը մի վայր է, որտեղ գործում են թվով երկու մեծ հասարակական կազմակերպություն՝ «Մաշկավեներաբանության հայկական ասոցիացիան և «Պրոֆեսոր Քալամքարյանի անվան մաշկաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիան»։ Ասոցիացիաների գործունեությունը հենց ազգային կենտրոնում նշանակալի է, քանի որ մաշկաբանական հանրությունը պետք է ինչ-որ տեղից ղեկավարվի։

Այսպիսով, տարետցտարի ավելի մեծ գործառույթներ է վերցնում։ Փորձում ենք վերականգնել ու պահպանել դեռևս 1800-ականների վերջին Ավստրիայում ձևավորված մաշկաբանության ավանդույթները՝ թիմային կոլեկտիվ աշխատանքը, պացիենտների իրազեկումը, գոծընկերների կրթումն ու ինքնակրթությունը։ Եվ սա շարունակական գործընթաց է։

Բժշկությունը շատ արագ ու դինամիկ զարգացող գիտություն է, ու եթե մենք իր հետևից չընկնենք, հետ ենք մնալու։

-Մենք հարավորություն ունե՞նք մաշկաբանության համաշխարհային զարգացումներին համաքայլ գնալու, գուցե՝ միջազգային մաշկաբանական հանրությանը որևէ բան թելադրելու։

-Մենք բավական առաջադեմ ենք։ Թելադրելու առումով բնականաբար՝ ոչ, որովհետև ուղղակի փոքր ենք։ Մի անգամ  մի հեղինակավոր մասնագետի հարցրեցի, թե ինչ պիտի անի մարդը լավագույն մասնագետ լինելու համար՝ ասաց կարևորը տվյալ ոլորտի զարգացումներին հետևելն է։ Մինչդեռ, սովորաբար բժիշկները տարիներ առաջ կրթությունը ստանում են, ծաղկման տարիներին աշխատում են, բայց օրինակ 2020-ին աշխատում դեռևս 1980-ականների մեթոդաբանությամբ։ Այնինչ նույնիսկ 2023-ին դու իրավունք չունես 2020-ի տեմպերով ու մեթոդաբանությամբ շարժվել։ Մենք բավական մեծ մասնակցություն ունենք միջազգային կոնֆերանսներին։ Ամեն տարի 5-10 մասնակցություն ենք ունենում, առաջիկայում ավելի ինտենսիվ կսկսենք աշխատել։ Այս մասնակցություններն ու ներգրավվածությունը նոր գիտելիքներ են, կապեր, փորձի փոխանակում։ Ինչի արդյունքում ես գիտեմ, որ օրինակ, եթե մի հիվանդ ունենամ, որի խնդրի վերաբերյալ կասկածներ կան,  նվազագույնը 5 տեղ կա՝ աշխարհահռչակ մասնագետներ, որոնց կարող եմ նամակ գրել և մասնագիտական օգնություն խնդրել։ Ինչին ի պատասխան իրենք մեծ սիրով կարձագանքեն։ Սա ձեռք ենք բերել հենց այդ շփումների արդյունքում։ Մենք համագործակցություն ունենք ֆրանսահայ մի քանի բժիշկների հետ, որոնցից մեկը Արեն Հովնանյանը ոչ միայն օգնում է, ոչ միայն քննարկումների ու պացիենտների հետ կապված հարցերում, այլև ամեն ամսվա վերջին ուրբաթը իր հետ զում հանդիպում ունենք, ու լինում է, որ ինքն էլ իր հերթին է կապ հաստատում իր կոլեգաների հետ։ Ինչն է հետաքրքիր, որ նույն կերպ արձագանք ու հետաքրքրություն կա մեր կենտրոնի նկատմամբ արտերկրի և ոչ միայն հայ մասնագետների կողմից։

-Կառուցվածքային առումով ինչպիսի՞ն է Կենտրոնը։

-Երկու մեծ ուղղություն ունենք՝ մաշկաբանություն և սեռավարակներ։ Մաշկաբանությունն իր հերթին կարող ենք բաժանել 2 մասի՝ ստացիոնար, դրանք այն բուժառուներն են, որոնք ունեն ստացիոնար պայմաններում բուժման կարիք։ Դրանք և՛ հիվանդությունների բարդացած ձևերն են, և դեպքեր են, երբ բուժառուն տարածքային առումով Երևանից հեռու է բնակվում, պարզապես չի կարող 3 օրը մեկ գալ-գնալ, որպեսզի մենք և վերահսկողություն իրականացնենք և տեղում պրոցեդուրաները կազմակերպենք։ Հատուկ ուշադրության են արժանի երեխաները, հատկապես, երբ դեպքերը հազվադեպ հիվանդություններին կամ բարդացած ձևերին են պատկանում։ Ունենք ամբուլատոր մաս, որի վրա է հիմնական ծանրաբեռնվածությունը, այստեղ պացիենտները այցելում են խորհրդատվության և բուժումների, կրկնակի և հերթական այցերի։ Զարգացնում ենք կոսմետոլոգիայի ուղղությունը, որտեղ լինելու է ոչ թե էմոցիոնալ, այլ ապացուցողական կոսմետոլոգիա։ Էմոցիոնալի համար մեզ մոտ մի եկեք, բայց եթե կա խնդիր, որը պետք է շտկել, ուրեմն մենք պատրաստակամ ենք լուծում ապահովել։

-Կարծիք կա, որ մաշկային ախտահարումները հեշտ բուժելի են։ Միևնույն ժամանակ, տեսնում ենք, որ ազգային կենտրոնում բուժում են ստանում նաև ստացիոնար պայմաններում, հետևաբար լուրջ ընթացքով հիվանդությունների մասին պիտի խոսենք։

-Մաշկաբանության ազգային կենտրոնը մի վայր է, որտեղ բուժում են ստանում նաև ծայրահեղ ծանր հիվանդներ։ Մեր բուժառուները երբեմն այնպիսի մաշկային սդրսևորումներ են ունենում, որ շատ մաշկաբաններ նույնիսկ դժվարությամբ են կարողանում մտնել խորհրդատվության։ Եվ բնական է, որ նրանց բուժումը ստացիոնար պայմաններում կազմակերպելը անհրաժեշտություն է։

Մենք ունենք մի քանի հիվանդություն, որոնք հիվանդանոցային են։ Առաջինն իհարկե պսորիազներն են, որովհետև ցավոք սրտի մահվան դեպքեր էլ ենք ունեցել, սխալ մոտեցման հետևանքով, ծայրահեղ ծանր դեպքեր ենք ունեցել, երբ բուժառուին դժվարությամբ ենք հանել այդ վիճակից, ունենում ենք դեպքեր, երբ բուժառուին հասցնում ենք վերակենդանացման բաժանմունք․․․ Հիվանդանոցային բուժման անհրաժեշտութոյւն ունեն նաև բշտային մաշկախտները՝ դրանք տարբեր հիվանդություններ են, բայց իրենց արտաքին նմանության պատճառով այդ անվան ներքո ենք միավորում։  Տոքսիդերմիաները՝ ալերգիաների բարդ տեսակները ևս հիվանդանոցային բուժում են ենթադրում։ Սեռավարակները և հատկապես սիֆիլիսը միայն ստացիոնար պայմաններում է պետք բուժել։ Մենք այսպիսով մշտական հսկողություն ենք սահմանում բուժառուի նկատմամբ, ժամանակին իրականացնում բուժական միջոցառումները, կատարում հետազոտությունները։

-Մինչդեռ մարդկանց թվում է, թե մաշկաբանությունը բացառապես արտահիվանդանոցային պայմաններում է բուժում իրականացնում, ասենք՝ մեկ քսուքի օգնությամբ։

-Համաձայն եմ, որ մաշկային հիվանդությունների 30-40 տոկոս դեպքերում ընդամենը մեկ քսուքով հարցը կարելի է լուծել։ Ես հիմա մի փոքրիկ դասախոսույթուն եմ պատրաստում «մաշկաբանությունը կրեմ քսելը չէ» խորագրով։ 30-40 տոկոս դեպքերում դրանց ևս մի քանի դեղամիջոց է պետք։ Բայց այ, ևս 30-40 տոկոս դեպքերում միանգամայն հակառակն է՝ պահանջվում է մեծաքանակ դեղամիջոցների երկարաժամկետ ընդունում, ընդ որում՝ կուրսի ավարտից հետո ևս պահպանողական կանխարգելիչ բուժում՝ դարձյալ մեծ քանակի դեղերով, մշտական հսկողությամբ, պարբերաբար քննություններով ու հետազոտություններով։

Leave a Comment