Առաջարկում եմ միասին պատրաստել ունիվերսալ խմորի իմ հերթական տարբերակը: Այս մեկն իմ իմպրովիզն է:
Գնացինք:
Խմորի համար մեզ անհրաժեշտ է՝
200 գ կաթ
80 գ ջուր (1 ոչ լիքը սուրճի բաժակ)
1 ճաշի գդալ խմորիչ
1.5 թեյի գդալ շաքարավազ
1 ճաշի գդալ աղ
2 միջին չափս ձու
70 գ ձեթ
50-70 գ հալեցված կարագ
Ալյուր
Դեղնուց՝ երեսին քսելու համար
Սկսեցինք.
Նախ հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:
Բաժակի մեջ լցնում ենք գոլից քիչ տաք կաթը, մեջը լուծում ենք խմորիչն ու շաքարավազը և դնում ենք մի կողմ, որ լավ փրփրի, բարձրանա: 10-15 րոպեն հերիք է: Բաժակը դրեք խմորի թասի մեջ, որ փրփուրը բարձրանա, սեղանին չթափվի:
Լավ փրփրելուց հետո այս զանգվածը լցնում ենք թասի մեջ, ավելացնում ենք նույնպես գոլից քիչ տաք ջուրը, աղը, ձուն, հարում ենք, ավելացնում ենք ձեթը: Խառնում ենք, ստանում համասեռ զանգված:
Մաղելով ավելացնում ենք այնքան ալյուր, որ ստացվի չկպչող, բայց թեթև, ոչ շատ պինդ խմոր: Բաղադրատոմսում նշված հալեցված կարագի օգնությամբ վերջում հունցումե նք խմորը, որ ավելորդ ալյուր չօգտագործենք: Սա մոտ կես բաժակ ալյուր է խնայում խմորը պատրաստելիս: Որակական բավական մեծ առավելություն է: Հունցում ենք երկար, ինտենսիվ կերպով: Սա խմորի վերջնական որակի վրա շատ է ազդելու, վստահեցնում եմ:
Խմորը ծածկում ենք սրբիչով ու դնում տաք տեղում: 30-40 րոպեն բավական է: Ստուգեք, այն պետք է կրկնապատկված լինի:
Պատրաստի խմորից ձևավորում ենք ինչ կամենանք՝ կարկանդակներ, հոթ դոգեր, պիցցա, աջարական կամ իմերիթական խաչապուրի, փակ ու բաց կարկանդակներ /պիրոգներ/ և այլն:
Պատրաստած կարկանդակները կամ մնացած կիսաֆաբրիկատները դնում ենք ձեթոտած տապակի վրա, թողնում ենք հանգստանան 5-8 րոպե, որից հետո արդեն առանց տեղափոխելու, միայն երեսին դեղնուց+մի քանի կաթիլ ձեթ+մի քանի կաթիլ կաթ կամ ջուր խառնուրդն ենք քսում ու արագ տեղավորում նախապես 220-240 աստիճան տաքացված ջեռոցը: Թխում ենք մինչ գեղեցիկ ոսկեգունեն:
Առհասարակ, խմորիչով խմորների դեպքում վերջնական հասունանալուց հետո խորհուրդ չի տրվում տեղափոխել խմորը, ձեռք տալ և այլն, ձուն էլ հարկավոր է նմա խմորների դեպքում քսել ոչ շուտ, միայն ջեռոց դնելուց առաջ:
Ահա և վերջ: Կարող եք վայելել: Ընտանիքը գոհ կմնա:
Կարկանդակները պահեք փակ տարայում կամ տոպրակով փակված, և դրանք երկար ժամանակ կպահպանեն իրենց թարմությունը:
Woman.am-ի խոհանոցում հանդիպումները փնտրեք մեր էջերում ու հետևեք թարմացումներին:
Մինչ նոր համեղ հանդիպումներ:
