Site icon woman.am

Մանդարինով տորթ

Դեռ մանկությունից մանդարինի համն ու հոտը շատերիս տանում է դեպի ձմռան օրեր ու մեր մանկության ամենասիրելի տոնը՝ ամանորը, որը հենց մանդարինի բույր ունի

Ձեր հուշերը միշտ վառ պահելու ու սիրած միրգը այլ տարբերակով համտեսելու համար Լիլիթ Գրիգորյանն առաջարկում է պատրաստել շատ համեղ ու նուրբ այս  տորթը:

Մանդարինով տորթը պատրաստելու համար  նախ հարկավոր է  թասի մեջ կոտրել 4 ձու, մի փոքր հարել, այնուհետև քիչ-քիչ ավելացնելով հարել այն 2 բաժակ շաքարվազի հետ:

Փրփրուն, թեթև զանգված ստանալուց հետո  ավելացնում ենք հալեցված ու արդեն սառած 250 գ մարգարինը կամ կարագը: Այս գործողությունից հետո գալիս է ամենահետաքրքիրը: Պետք է ավելացնել 6 միջին չափսի նախապես կեղևով հանդերձ աղացած մանդարինը:  Զանգվածը լավ խառնում ենք ու ավելացնում 2 թեյի գդալ սոդա, 1 բաժակ աղացած ընկույզ: Նորից լավ խառնում ենք ու ավելացնում արդեն 3-3.5 բաժակ մաղած ալյուր: Ասեմ, որ ավելի լավ արդյունք ստանալու համար ցանկալի է ալյուրը նույն պահին մաղել հենց խմորի թասի մեջ՝ անկախ նրանից՝ նախապես այն մաղած եղել է, թե ոչ: Այս գործողությունը ոչ միայն մաքրում է ալյուրը կողմնակի օտար մարմիններից ու անցանկալի այլ մանրուքներից, այլ հարստացնում  է այն թթվածնով, ինչն էլ դրական է ազդում մեր խմորեղենի ու ցանկացած թխվածքի վերջնական որակի վրա:

Ալյուրն աստիճանաբար ավլացնելով ու խառնելով՝ ստանալու ենք քսվող խմոր: Մոտավորապես խմորը բաժանում ենք երեք մասի, յուրաքանչյուրը հնարավորինս հավասար քսում ենք յուղաթղթին ու թխում 200 աստիճան նախապես տաքացած ջեռոցում:

Շերտերը թխում ենք, թողնում, որ լավ սառեն: մինչ դրանք կսառեն, հանգիստ կարելի է անցնել կրեմի պատրաստությանը:

Ասեմ, որ խմորը պատրաստելուց առաջ պետք է կրեմի համար նախատեսված կարագը արդեն դուրս բերել սառնարանից, կտրատել ու թողնել, որ դառնա սենյակային ջերմաստիճանի:

Ահա, սենյակային ջերմաստիճանի կարագն արդեն պատրաստ, մեզ է սպասում, հարում ենք այն այնքան, մինչև սպիտակի, սա մոտ 3-5 րոպե ժամանակ կպահանջի, սա նաև կարևոր է, որ ապահովագրվենք կրեմի՝ հետագա կտրվելուց: Հարած կարագի վրա գդալ-գդալ ավելացնում ենք նույնպես սենյակային ջերմաստիճանի մեկ տուփ խտացրած կաթը:

Բազմիցս նշել եմ, որ կարագով կրեմը անհրաժեշտ է հարել միջին արագությամբ: Բարձր արագությամբ հարելու դեպքում մեծանում է կրեմի կտրվելու հավանականաությունը, որը ավելորդ հոգս կպատճառի, չնայած, որ  դրա լուծումը ևս միշտ կա:

Մեր կրեմը ևս պատրաստ է: Արդեն սառած շերտերը իրար ենք միացնում կրեմով: Վերջին շերտին ևս կրեմ ենք քսում ու զարդարում մեր սրտի ուզածի պես:

Լիլիթը գեղեցիկ ձևավորման տարբերակ է մտածել՝ կրեմի վրա փշրել է խմորի եզրերից դուրս բերված ավելորդ կտորները: Կարելի է ձևավորել նաև պատրաստի բեզեներով, կամ սպիտակուցային կրեմով ու մանդարինի կտորներով:

Սպիտակուցային կրեմի մասին առանձին հրապարակումը կարող եք գտնել Woman.am-ի խոհանոցի մյուս էջերում:

Շատ հեշտ ու արագ պատրաստվող խմորեղենը համեղ հիշողություններ կարթնացնի մանկությունից: Վայելեք ընտանիքի անդամների հետ միասին, իսկ մենք կհոգանք ձեր ընտանեկան սեղանը նորույթներով հարստացնելու մասին:

Woman.am-ը ձեզ համար շատ նորույթներ ունի: Փնտրեք այլ հետաքրքիր բաղադրատոմսեր մեր էջերում ու հետևեք թարմացումներին:

#Թափուր Աշխատանքներ