Տոնական սեղաններին շատ մոդայիկ է դարձել թեմատիկ թխվածքաբլիթներ մատուցելը՝ կամ փայտիկների վրա, կամ ուղղակի գեղեցիկ դասավորված՝ ամբողջ սեղանի գույներին ու թեմատիկային համապատասխան գունավորմամբ ու ձևավորմամբ: Հատկապես քաղցր սեղանի համար շատ ակտուալ տարբերակ է:
Արմինե Առաքելյանն առաջարկում է նման գեղեցիկ ու շատ հարթ ստացվող թխվածքաբլիթի իր տարբերակը: Դրանք կարելի է շատ հանգիստ ձևավորել նաև այսինգ կոչվող հեշտագույն կրեմով, որը պատրաստվում է սպիտակուցից ու շաքարի փոշուց՝ ավելացրած մի քանի կաթիլ կիտրոնի հյութ՝ փայլի համար: Եթե դրան ավելացնենք նաև շատ քիչ գունանյութ, ապա ստեղծագործելու համար հարմար ներկերն արդեն պատրաստ են, կարելի է գլուխգործոցներ արարել:
Սպիտակուցը մի փոքր հարել է պետք ու մաղելով ավելացնել շաքարի փոշին ՝ մինչ ծորուն զանգված դառնա: Կիտրոնի հյութն էլ՝ մի քանի կաթիլ միայն, ոչ ավել: Ի դեպ, եթե խոսափում եք հում սպիտակուցից, ապա կարող եք այն փոխարինել սովորական ծորակի ջրով: Միայն մի տարբերություն կլինի՝ սպիտակուցով ներկերն ավելի վառ գունավորում են ունենում, քան ջրով պատրաստվածները:
Եթե սիրում եք, միացեք մեզ: Գրանցեք բաղադրիչները, որից հետո կհանդիպենք խոհանոցում:
130 գ փափուկ կարագ
100 գ շաքարի փոշի
1 դեղնուց
220 գ ալյուր
Որևէ հարմար ամանի մեջ հարում ենք շաքարի փոշին ու փափուկ, սենյակային ջերմաստիճանի կարագը: Հարեք, մինչ կարագը մի քիչ սպիտակի: Այնուհետև ավելացնում ենք դեղնուցն ու շարունակում հարել՝ մինչ համասեռ զանգված ստացվի: Վերջում ավելացնում ենք ալյուրն ու խառնում արդեն առանց հարիչի:
Որպես հուշում ասեմ, որ մեկ 250 գրամանոց բաժակով՝ վերևը հավասար, ստացվում է 200 գ ալյուր: 1 ճաշի գդալ (ոչ շատ լիքը) շաքարի փոշին էլ 25 գ է:
Բաղադրիչները լավ խառնելուց հետո հունցում ենք ոչ շատ պինդ, մի փոքր նաև կպչուն խմոր: Ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով ու ամենաքիչը 30 րոպեով տեղավորում սառնարանում, որ հանգստանա:
Ժամանակը լրանալուն պես դուրս ենք բերում սառնարանից, գրտնակում ենք 4-5 մմ հաստությամբ ու համապատասխան դակիչներով կտրատում՝ ստանալով մեր ուզած ձևը:
Բաղադրատոմսի ու գլխավոր լուսանկարի թխվածքաբլիթների հեղինակն ասում է, որ երկու թխվածքաբլիթ իրար կրեմով միացված ևս շատ համեղ է լինում: Փորձեք ու կհամոզվեք, երեխաները հաստատ կհավանեն:

Woman.am-ի համար կարևոր է ձեր առօրյայի կազմակերպումը: Հեշտ, արագ պատրաստվող տարբերակներն իսկական փրկություն են զբաղված առօրյայում, երբ փոքրիկներին ուրախացնելու կամ միջոցառման պատրաստությունն ավելի հետաքրքիր դարձնելու ցանկությունը մեծ է:
Բոլոր բաղադրատոմսերը այստեղ
Մինչ նոր համեղ հանդիպումներ
