Տնական, յուղաբույր անուշ չոր հալվան հայկական սեղանի զարդն ու սիրելի անուշեղենն է բոլոր ժամանակներում:
Հարմար տարբերակ չե՞ք գտնում: Ես կհուշեմ: Իսկ ավելի լավ է՝ եկեք պատրաստենք միասին:
Ասեմ, որ իմ տարբերակը վերջնական տեսքի եմ հասցրել իմ սիրեի քույրիկ Ժաննա Պալյանի օգնությամբ ու խորհուրդներով:
Մեզ անհրաժեշտ է
- 4 բաժակ ալյուր
- 300-400 գ ձիթայուղ կամ կարագ
- 2 բաժակ շաքարավազ
Ուրեմն սկսեցինք
Հաստ տակով թավայի մեջ լցնում ենք ալյուրը, բովում ենք մի քիչ, որ գույնը մգանա: Մգությունը՝ ըստ ճաշակի:
Ցանկալի ոսկեգույնին մոտ երանգը ստանալուց հետո ավելացնում ենք ձիթայուղը, կրակը իջեցնում ենք ու ինտենսիվ խառնում, որ հավասար խառնվի:
Որքան շուտ ավելացնեք ձիթայուղը, այնքան ավելի բաց կստացվի հալվայի վերջնական գույնը: Սա ևս՝ ըստ ճաշակի: Ես պատրաստում եմ և շատ բաց, և բավական մուգ գույնի:
Մի կարևոր բան: Եթե ձիթայուղով եք պատրաստվում, կարող եք ձիթայուղը շուտ լցնել, իսկ այ յուղով կամ կարագով պատրաստելու դեպքում այն ավելացրեք մի փոքր ավելի ուշ, քանի որ կարագը շատ տաքանալիս ծանրացնում է պատրաստի անուշեղենի համն ու հոտը:
Ահա, յուղային բաղադրիչի հետ էլ մի քանի րոպե բովելուց հետո ժամանակն է ավելացնելու շաքարավազը:
Ավելացնում ենք ու շարունակում խառնելով եփել միջին կրակի վրա: Շաքարավազից հետո զանգվածը կսկսի արագ մգանալ, եթե ուզում եք հարթ մակերես ստանալ, ապա պետք է աշխատեք արագ խառնել, որպեսզի ներքևից չմգանա ու անհարթություններ չերևան:
Մի քանի րոպե ևս շարունակում ենք խառնել շաքարավազն ավելացնելուց հետո ու արագ նախապատրաստում ենք մատուցվող ափսեն:
Տաք զանգվածը արագ տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ, սեղմում ենք լավ, որ պնդանա: Զգույշ եղեք. այս պահին զանգվածը հանգիստ կարող է այրել ձեռքերն ու մատները: Ես հարթեցնում եմ կամ կեծ գդալով, կամ սիլլիկոնե ձեռնոցնդրով, կամ որևէ այլ հարմար, հարթ մակերեսով: Գեղեցիկ տեսք տալուց հետո, քանի դեռ տաք է, արագ կտրվածքներն ենք անում: Սառելուց հետո արդեն կտրելիս հալվան փշրվելու է: Պատահական չէ, չէ՞, որ հենց ՉՈՐ ՀԱԼՎԱ եմ կոչել J
Վերջնական տեսքի բերելուց հետո արդեն սպասում ենք հալվան սառչի: Մատուցում ենք սառը վիճակում:
Ձևավորելու համար կարող եք օգտագործել ընկույզ, նուշ:
Այսօրվա համար այսքանը:
Մինչ նոր համեղ հանդիպումներ woman.am –ի խոհանոցում:
