Արտարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված սաղմը զարգանում է արգանդի խոռոչից դուրս, հետևաբար շատ հնարավոր է արգանդի փողերից մեկը հեռացվի:
Վերջին շրջանում շատ կանանց մոտ հանդիպում է հղիության արտարգանդային տեսակը, երբ բեղմնավորված ձվաբջիջը տեղակայվում է արգանդի փողերից մեկում կամ նույնիսկ արգանդի վզիկում: Քանի որ այս հղիությունը վտանգավոր է և ուղեկցվում է բարդություններով, ապա այն դադարեցվում է: Շատ կանայք կարծում են, որ արտարգանդային հղիությունից հետո այլևս չեն կարող մայրանալ:
Մինչդեռ իրավիճակն այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է: Հուսահատվելու և ինքնատիրապետումը կորցնելու փոխարեն պետք է հուսալ և առաջ շարժվել, քանի որ վիրահատությունից հետո կարելի է հղիանալ մնացած մեկ փողի միջոցով: Իսկ եթե արգանդի այդ մեկ փողն առողջ վիճակում է, ապա հղիանալու հնարավորություններն ավելի են մեծանում: Հետագա բարդություններից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար հետվիրահատական շրջանում հարկավոր է հետևել բժշկի բոլոր ցուցումներին:
Վիրահատությունից հետո շուրջ մեկ ամիս հակացուցված է սեքսով զբաղվել, իսկ երեխա ունենալու մասին պետք է մտածել վիրահատությունից միայն 6 ամիս հետո: Արտարգանդային հղիությունից հետո հակաբեղմնավորիչները կարող են պաշտպանել հնարավոր հղիությունից և հանգստացնել կնոջ օրգանիզմը: Երբ կինը դադարում է հակաբեղմնավորիչներ օգտագործել, ապա հղիանալու հավանականությունը մեծանում է:
Արտարգանդային հղիությունից հետո թե՛ կինը, և թե՛ նրա զուգընկերը պետք է բուժզննություն անցնեն, քանի որ միգուցե խնդիրը տղամարդու հետ է կապված: Կրկին հղիանալու համար օրգանիզմը պետք է լիարժեք առողջ լինի, քանի որ վարակների դեպքում նորմալ հղիություն պետք չէ ակնկալել: Կանանց համար կարևորագույն ստուգումը արգանդափողի զննությունն է:
Հիստերոսալպինգոգրաֆիան անհարմար, բայց անհրաժեշտ գործընթաց է: Ստուգումից առաջ զգայուն կանանց տրվում են դեղեր, որոնք մեղմացնում են ցավը: Քանի որ փողերի անանցանելիության ստուգումն իրականացվում է միայն ծայրահեղ դեպքերում, ուստի կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների: Այս անհարմար պրոցեդուրայից խուսափելու համար հարկավոր է բժշկի հետ խորհրդակցել, քանի որ միայն նա կարող է փողի վիճակի մասին ճշգրիտ տեղեկություն տրամադրել: Եթե փողի վիճակը բավարար է կամ վատ, ապա բժիշկը լապարոսկոպիա է նշանակում:
Հղիանալու շանսերն ավելանում են ձվազատման օրերին բազալային ջերմաստիաճնը չափելու շնորհիվ: Այս գործընթացն արդյունավետ է և օգնում է որոշել հղիանալու ճիշտ ժամանակը:
Մնացեք առողջ և գեղեցիկ 🙂

