Հիմա ձեր տետրերում մի տարբերակ ևս կավելանա: Փքաբլիթ՝ Արուսյակի տարբերակով;) երևանյան փքաբլիթ չէ, բայց էլի շատ նուրբ ու համեղ է: Լուսանկարը գայթակղե՞ց: Էլ ում եք սպասում, միացեք մեզ, խահանոցում կհանդիպենք:
Նախ տետրերը պատրաստեք, բաղադրիչներըն ենք գրանցում:
Խմորի համար
1-2 ձու՝ կախված չափսից
1 թեյի բաժակ մածուն
¾ թեյի բաժակ ձեթ
2 ճաշի գդալ շաքարավազ
1 ճաշի գդալ օղի
1 ոչ լիքը թեյի գդալ աղ
Կես թեյի գդալ սոդա
Ալյուր
Կրեմի համար
3 դեղնուց
1 բաժակ շաքարավազ
4 ճ գդալ օսլա կամ ալյուր
500 գ կաթ
Վանիլին
Հա, մեկ էլ նշեմ, որ իմ բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group-ում:
Ի տարբերություն մյուս փքաբլիթների, որոնց խմորը երկար հասունանալու կարիք է զգում, այս տարբերակում խմորը պատրաստ է ակնթարթորեն: Դա նշանակում է, որ կրեմը պետք է պատրաստել նախապես: Կրեմը սառելուց հետո նոր միայն կարող ենք սկսել պատրաստել խմորը:
Կրեմը պատրաստելու համար փոքրիկ կաթսայի մեջ լցնում ենք դեղնուցները, խառնում շաքարավազի հետ, ավելացնում ենք նաև օսլան կամ ալյուրը ու մի քանի ճաշի գդալ կաթ, որպեսզի զանգվածը լավ խառնել լինի: Այնուհետև այս զանգվածի վրա շատ բարակ շիթով լցնում ենք եռման 450-500 գ կաթն ու հարում, որից հետո եփում ենք զանգվածը՝ մինչ պնդանա:
Կրեմն արդեն սառել է, ժամանակն է պատրաստելու խմորը:
Նախ կոտրում ու շաքարավազի հետ հարում ենք ձուն, ոչ երկար, հետո ավելացնում ենք մածունը, ձեթն ու օղին: Լավ խառնում ենք: Մի բաժակի մեջ խառնում ենք ալյուրը, սոդան ու աղը,մաղելով ավելացնում ենք թասի մեջ ու խառնում: Կրկին մաղելով այս զանգվածի վրա ավելացնում ենք ևս այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր, որը հնարավոր է գրտնակել:
Պետք է նշեմ, որ օղին խմորի խրխուռության և այլնի հետ ամենևին կապ չունի, ինպես որ ընդունված է կարծել, օղին միայն թույլ չի տալիս, որ ձեթում տապակվելիս խմորը շատ ձեթ ներքաշի: Իսկ խրխուռությունը խմորներին տալիս է հունցելու ինտենսիվությունն ու խմորը հանգստանալուց առաջ ծալելու տարբերակը, այո, այո, չզարմանաք, հենց այդպես որպեսզի ծալքերի արանքում օդային շերտ մնա, թխվելիս օդը տաքանում է, իսկ մենք գիտենք, որ տաքանալով՝ օդն ընդարձակվում է, ահա և պղպջակների առաջացման պատմությունը….
Հիմա ուշադրություն. Էլ սպասել ու նման բաներ չկա, վերջ, խմորը բաժանում ենք մի քանի գնդի, ծածկում ենք սրբիչով ու սկսում պատրաստությունը:
Մի կարևոր բան նշեմ: Որպեսզի ձեթում տապակելիս խմորից ավելորդ ալյուր չթափվի ձեթի մեջ ու չայրվի, ցանկալի է այս պահից սկսած խմորի հետ աշխատելիս ավելորդ անգամ ալյուր չանել. Օգտվում ենք ամենահաս ձեթից: Մակերեսը ձեթոտում ենք, նաև ձեռքերը ու բարակ բացում խմորը: Վրան իրարից որոշ հեռավորության վրա թեյի գդալով դնում ենք բավական պինդ կրեմը: Հետո բացում ենք ևս մեկ գունդ նույնպես բարակ ու դրանով ծածկում առաջին բացված խմորը: Խինկալի պատրատելու ընթացքին շատ նման է: Այնուհետև վերցնում ենք որևէ հարմար չափսի բաժակ կամ կլոր դակիչ, եթե ունեք ու կտրում ենք խմորը շրջանակների էնպես, որ կրեմը մնա կենտրոնում: Այս պատրաստված շրջանակները դասավորում ենք ձեթ քված սկուտեղների վրա:
Կրակին տաքացնում ենք ձեթը այնպես, որ լավ դաղվի: Դրա մեջ երկու կողմից մինչ բաց ոսկեգույն երանգ ստանալը տապակում ենք մեր փքաբլիթները: Ձեթը կաթսայում պետք է լինի այնքան, որ ծածկի խմորը:Կարևոր է իմանալ, որ շատ ցածր կրակի դեպքում փքաբլիթները շատ ձեթ կներքաշեն, դա նշանակում է, որ անհրաժեշտ է ընտրել օպտիմալ միջին ջերմաստիճան:
Փքաբլիթները դուրս ենք բերում քամիչով ու տեղավորում անձեռոցիկով ափսեի մեջ: Մատուցում ենք սառելուց հետո՝ առատ շաքարի փոշի ցանած:
Վերջ: Փքաբլիթները պատրաստ են: Ձեր հարևան Սաթիկը դեռ սպասում է, որ խմորիչով խմորը հասունանա, իսկ դուք արդեն վայելում եք խրխուռ ու նուրբ փքաբլիթները: Հաճելի է, այնպես չէ՞
Անուշ լինի:
Արագ, հեշտ ու այլընտրաքային բաղադրատոմսերի այլ տարբերակներ Woman.am-ի խոհանոցում շատ կան, փնտրեք դրանք ու հետևեք նաև թարմացումներին:
