Site icon woman.am

Մարզումներն օրակարգի հիմնական մաս դարձնելու քայլերը

Մեզանից շատերը ձգտում են օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններ կատարելուն, քանի որ կանոնավոր մարզումները մեծ նշանակություն ունեն մեր ամենօրյա կյանքում: Մարզումների շնորհիվ մենք ազատվում ենք ավելորդ քաշից և ավելի առողջ կենսակերպ վարում: Կանոնավոր մարզումներն օգնում են պահպանել թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեկան առողջությունը:

Ֆիզիկական վարժությունները բարելավում են մարդու առողջական վիճակը և կանխում բազմաթիվ հիվանդությունների առաջացումը: Ամենօրյա մարզումների շնորհիվ հնարավոր է խուսափել մի շարք հիվանդություններից, օրինակ՝ 2-րդ կարգի շաքարախտից,  ինսուլտից, քաղցկեղի տարբեր տեսակներից, արթրիտից և այլն:

Բացի այդ, մարզումները բարձրացնում են տրամադրությունը: 30 րոպեանոց պարզ վարժությունների շնորհիվ ուղեղում արտադրվում են քիմիական նյութեր, որոնք մեզ երջանկության զգացում են տալիս։ Բացի այդ, ֆիզիկական վարժությունները բարձրացնում են մեր ինքնագնահատականը և  ամրապնդում ինքնավստահությունը:

Մարզումները մեզ  էներգիա են փոխանցում: Կանոնավոր ֆիզիկական վարժությունները բարելավում են մկանային ուժը և բարձրացնում տոկունությունը: Վարժությունների շնորհիվ մեր մկանները թթվածին  և այլ սնուցող նյութեր են ստանում, որոնք կարգավորում են սրտի աշխատանքը:

Կանոնավոր մարզումները կարգավորում են քունը: Պայքարու՞մ եք գոնե մի քանի ժամ քնելու համար: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կապահովի ձեր խորը և հանգիստ քունը:  Իհարկե, պետք չէ քնելուց առաջ շատ մարզվել, քանի որ կարող եք ուժասպառ լինել:

Մարզումները զվարճալի են: Մարզումները և ֆիզիկական վարժությունները կարող են նաև հաճելի լինել: Եթե դուք ձանձրանում եք անընդհատ նույն վարժությունը կրկնելուց, ապա ընտրեք մեկ այլ վարժություն:

Կանոնավոր մարզումները պետք է մեր կենսակերպի անբաժան մասը լինեն:

Ահա մի քանի պարզ քայլեր, որոնք կօգնեն մարզումներն օրակարգի հիմնական մասը դարձնել:

Սկսեք քչից: Եթե նոր եք սկսել մարզվել, ապա սկզբի համար առավոտյան մարզվեք 5 րոպե: Այնուհետև, ամեն օր մարզումների տևողությունը մի քանի  րոպեով ավելացրեք:

Մարզասարքեր օգտագործեք: Յուրաքանչյուր մարզասարք իր առավելություններն ունի և նախատեսված է մարմնի կոնկրետ մասերը մարզելու համար, օրինակ՝ որովայնը, ձեռքերը կամ ոտքերը:

Ամեն օրը մի նոր հնարավորություն համարեք: Լինում են օրեր, երբ մենք չենք հասցնում մարզվել կամ ժամանակի սղության պատճառով մարզվում ենք ընդամենը 10 րոպե: Ամեն օրը մարզվելու մի նոր հնարավորություն է տալիս: Եթե մի օր մարզումները չեն արդարացրել ձեր ակնկալիքները,  ապա թույլ մի տվեք, որ դրանք ազդեն  մյուս օրերի վրա:

Հիշե՛ք. որպեսզի մարզումներն օգտակար և արդյունավետ լինեն, դրանք պետք է  սովորություն դարձնել: