Ամենահեշտ թխվածքների շարքում Զեբրը չէի կարող մոռանալ:
Ողջույն. այսօր Զեբր ենք թխելու
Գրանցեք բաղադրիչները`
- 3 ձու
- 1.5 բաժակ շաքարավազ
- 2 բաժակ մածուն կամ մածունի և թթվասերի խառնուրդ
- 4 ճաշի գդալ ձեթ
- Վանիլին
- 1.5 թեյի գդալ սոդա
- 2 բաժակ ալյուր
- 2-3 ճաշի գդալ կակաո
Անցանք գործի: Ձուն հարում ենք շաքարավազի հետ: Շատ ինտենսիվ հարելու կարիք չկա, կարող ենք հարել նաև ձեռքով: Հետո ավելացնում ենք մածունը, որը, ի դեպ, խորհուրդ եմ տալիս ավելացնել նախապես կրակի վրա մի քիչ տաքացնելուց, գոլացնելուց հետո: Մածունը տաքացնելու մեթոդը օգտագործում եմ նաև կեքսերի ու ալադիների դեպքում: Ի դեպ, կայքում կան նաև դրանց բաղադրատոմսերը:
Հա, մածունը տաքացրել ենք, լցնում ենք, ավելացնում ենք նաև ձեթը, խառնում ենք ու անցնում առաջ:
Այս պահին արդեն ալյուրը սոդայի ու վանիլինի հետ խառնում ենք ու մաղելով ավելացնում խմորի վրա: Խառնում ենք ու ստանում համասեռ զանգված:
Այստեղ արդեն ուշադրություն: Մեր զեբրը զեբր չի լինի, եթե միագույն պատրաստենք:
Այստեղ խմորը բաժանում ենք երկու հավասար մասերի, մի մասի մեջ ավելացնում ենք կակաոն՝ մաղելով, խառնում ենք:
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում ու մեջտեղում գդալ-գդալ լցնում ենք մեկ սպիտակ խմորից, հետո սպիտակի մեջտեղում մուգ խմորից, հետո մուգի մեջտեղում սպիտակից ու այդպես շարունակ՝ մինչ խմորները վերջանան:
Վերջում կենտրոնից մինչ եզրերը որևէ չոփիկով կամ դանակի ծայրով գծեր ենք անում մինչ տապակին կպնի չոփի կամ դանակի ծայրը: Այսպիսով ստանում ենք մեր զեբրի գեղեցիկ տեսքը:
Ի դեպ, նման թույլ խմորների դեպքում սոդան ավելացնելուց հետո չի կարելի երկար աշխատել, ջեռոցն արդեն պետք է նախապես տաքացված լինի, մոտ 180-200 աստիճանի՝ կախված հզորությունից:
Ասեմ, որ իմ տապակը 30*40 սմ է: Շատ արագ խմորը ջեռոցում կբարձրանա ու կլցվի տապակով մեկ: Պատրաստ լինելը հարկավոր է ստուգել չոփիկով. երբ չոր դուրս գա խմորի հատկապես եզրերից, ուրեմն պատրաստ է: Դուրս ենք բերում մեր բիսկվիթային թխվածքը սրբիչի վրա ու սպասում ենք սառելուն:
Ի դեպ, չմոռանամ ասել, որ սկզբում շատ ցածր ու անշուք կթվա: Սպասեք մի քանի ժամ: Շուտ կտրելիս գեղեցիկ կտորներ չեք ստանա հաստատ: Մի քանի ժամ հետո արդեն պարբերաբար լվացվող դանակով կտրում ենք ու բաժանում համաչափ, մաքուր ու հստակ եզրերով կտորների:
Ահա և վերջ. արագ, մատչելի ու շաատ փափուկ, համեղ խմորեղենը պատրաստ է: Կարելի է արդեն վայելել:
Woman.am-ը հեշտ ու շատ համեղ բաղադրատոմսեր արդեն շատ ունի, նորերի մասին էլ կիմանաք, եթե պարբերաբար այցելեք մեզ. ձեզ համար մենք դեռ շատ անակնկալներ ունենք:
